ՀՀ կառավարությունը չափն անցավ, ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս կշպրտեն. Նաիրի Սարգսյան

Ռուսաստանը Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից ելքի սկիզբ։

Այս մասին օրերս հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրինագծին, որով առաջարկվում է Հայաստանում անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով։

Ըստ Օվերչուկի՝ Հայաստանի մուտքը Եվրամիություն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության հետ: Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՏՄ-ի հետ կապերի դադարեցման դեպքում երկրում կաճեն էներգիայի և սննդամթերքի գները, 70-80 տոկոսով կկրճատվի արտահանումը:

Թեև Փաշինյանի ղեկավարած Կառավարությունն այդ որոշումն ընդունել է ընդամենը օրեր առաջ՝ հունվարի 9-ին, սակայն այսօր՝ հունվարի 13-ին, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամփոփիչ ասուլիսի ժամանակ երկու անգամ շատ հստակ հայտարարեց՝ Հայաստանի Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա։

Կարդացեք նաև

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի համոզմամբ՝ Կառավարությունում տիրող այս հակասականությունն ապացույցն է նրա, որ այնտեղ ոչ միայն աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը, այլ ավելի վատ վիճակ է՝ Եվրամիությանն անդամակցելու այս որոշումն ընդամենը հետապնդում է քարոզչական նպատակ՝ ընտրություններին ընդառաջ։

«Այդ թվում և՝ Կառավարության համար այս որոշումը PR ակցիա է։ ՌԴ փոխվարչապետ Միշուստինի կողմից հնչեցվածը նախազգուշացում է. Ես կասկածում եմ, որ ՀՀ կառավարությունում չգիտեն, որ երկու տնտեսական միության անդամ,միաժամանակ, Հայաստանըչի կարող լինել։ Սակայն ՀՀ Կառավարության այդպիսի որոշումը՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ, կբերի նրան, որ ԵԱՏՄ անդամ պետությունները վերջը դուրս կշպրտեն Հայաստանը ԵԱՏՄ-ից։ Հայաստանն ունենա օրակարգ, թե ոչ, ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու վերաբերյալ, միևնույն է,ՀՀ կառավարության նույնաբովանդակ քաղաքականությունը բերելու է նրան, որ ԵԱՏՄ շուկայից հենց անդամ մյուս պետություններն են Հայաստանը հեռացնելու, եթե ՀՀ Կառավարությունը չափերն անցավ»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս հանելու ջատագովներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը հիշեցրեց՝ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները ոչ թե նվազել են, այլ ավելացել՝ 37 տոկոս տեսակարար կշռից հասնելով 42 տոկոսի, փոխարենը՝ ԵՄ-ի հետ ունենք ընդամենը 7.5 տոկոս տեսակարար կշիռ։

«Եվրոպան ունի իր արտադրանքը սպառելու խնդիր, եվրոպական արտադրանքի հետ շատ ուժեղ մրցակցում է թուրքական արտադրանքը՝ հենց Եվրոպայում։ Հայ արտադրողի համար սպառնալիք է լինելու հայ-թուրքական սահմանի բացումը, Հայաստանի ներսում մեր արտադրողներն ունենալու են թուրքական ապրանքի հետ մրցակցելու խնդիր, էլ ուր մնաց՝ Եվրոպայում ՀՀ արտադրողը պայքարի թուրքական արտադրանքի հետ։ Դրանք միֆեր են, մենք չենք կարող դառնալ ԵՄանդամ, ապրանք վաճառել. եթե դա հնարավոր չէ, այդ դեպքում հարց տվեք՝ ինչո՞ւ մինչև հիմա իրենց ապրանքը Եվրոպայում չեն վաճառում նույն Վրաստանը, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Բուլղարիան, Սերբիան»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս