Փաշինյանը մեկ խնդիր է լուծում՝ իշխանությունը պահելու խնդիր. Ադրբեջանը մեր բանակը լուծարելու խնդիր է դրել, Նիկոլն էլ իրականացնում է. Հայկ Նահապետյան

Ալիևի՝ Հայաստանին ուղղված պահանջներից ու ռազմատենչ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի կետանոց առաջարկ է գրել ու ուղղել Ալիևին։

Նա այդ առաջարկներում գրել է, որ տարածաշրջանում երկարատև կայունություն ու խաղաղություն հաստատելու ՀՀ առաջարկը հստակ է՝ «հրաժարվել էսկալացիոն խոսույթից, իրագործել «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կնքել «խաղաղության պայմանագիրը», որի 90 տոկոսը պատրաստ է, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել, ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը, ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա, հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ, բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական և արդյունավետ իրագործման վրա, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորել, երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձևավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։

Անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի «սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների» մասին առաջարկն ակնհայտ բանակի լուծարում է նշանակում։

Հայկ Նահապետյանը հիշեցրեց՝ Ալիևի վերջին սպառնալից հայտարարություններից չորս ամիս առաջ՝ սեպտեմբերին, նրա արտաքին քաղաքականության պատասխանատու Հաջիևը շրջանառության մեջ մտցրեց այն թեզը, որն ասաց Ալիևը։

Կարդացեք նաև

«Հաջիևը Հայաստանին նույնականացրեց պարտված ֆաշիստական Գերմանիայի հետ և ասաց, որ ֆաշիստական Գերմանիան պարտվեց ու կապիտուլյացիա ստորագրեց, նրա զինուժը գտնվեց հակառակորդի վերահսկողության ներքո։ Հիմա այս նույն թեզն ավելի առարկայական ասում է Ալիևը։

Հայկական բանակի լուծարման դեպքում Ալիևի համար խաղաղություն է լինելու, բայց Հայաստանի համար՝ ոչ։ Ալիևը հիմա լավ գիտի, որ ինչ-որ ժամանակ հետո հայերը փորձելու են արդարացիորեն կորցրածը հետ բերել, և քանի որ նա այսօր հանդես է գալիս ուժեղի դիրքից, ուստի, քանի ունի հնարավորություն, փորձում է լուծարել հայկական բանակը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի առաջարկների մասին՝ նշեց Հայկ Նահապետյանը։

Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց՝ Ալիևն ամբողջ Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», ուստի ցանկանում է գրավել Հայաստանն ամբողջությամբ։

«Այսօր Փաշինյանը մեկ խնդիր է լուծում՝ իր իշխանությունը պահելու խնդիրը։ Իսկ այդ իշխանությունը պահելու գինն Ադրբեջանի ղեկավարի բոլոր պահանջներն այս կամ այն չափով կատարելն է։ Սա, ըստ Փաշինյանի, երաշխիք է, որ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա։

Ինքս այս ամենին հակադրեմ այլ իրողություն՝ Սիրիայի հայտնի դեպքերից առաջ Աստանայում 4 պետություն՝ Սիրիան, Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվեցին, որ Իդլիբում գտնվող իսլամաարմատական զինյալների ամբողջական հսկողությունն իրականացնելու է Թուրքիան։ Այո, մի քանի տարի Իդլիբից առերևույթ որևէ հարձակում չեղավ Սիրիայի հարակից շրջանների վրա, բայց տեսանք, չէ՞, թե մեկ ամիս առաջ ինչ եղավ՝ պայմանը խախտեց Թուրքիան։ Ստեղծվել էր աշխարհաքաղաքական կոնսենսուս, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները և Թուրքիան կարող են Սիրիայում իշխանություն զավթել, որովհետև Սիրիայի իշխանությունը մոտավորապես իրեն պահում էր այնպես, ինչպես այսօր ՀՀ-ում իրեն պահում է Փաշինյանը»,- հավելեց Հայկ Նահապետյանը։
Փորձագետը նաև շեշտեց՝ ցանկացած պայմանագիր կնքվում ու պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ ուժերի հարաբերակցությունը չի փոխվել, հետևաբար՝ Ադրբեջանի նպատակները չեն փոխվել ու չեն էլ փոխվելու, չի փոխվել նաև բրիտանաթուրքական «թուրան» ծրագիրը։

«Հիմա միջազգային իրավունք գոյություն չունի, այսինքն՝ կարող է ՄԱԿ անվտանգության մշտական անդամ երկրների աչքի առաջ ցեղասպանվի ժողովուրդ, բայց ՄԱԿ-ը մեխանիզմ չունի դա կանխելու։ Խոսքը նախորդ տարի հոկտեմբերի 7-ից Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող ցեղասպանության մասին է։ Գործում է ուժեղի իրավունքը, ահավասիկ մեր մտահոգությունը տարածաշրջանում դեպքերի զարգացման հետ կախված է այս իրողությունից»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին, ապա Հայկ Նահապետյանի կարծիքով՝ Մինսկի խումբը փաստացի չի գործում, սակայն այն դե յուրե գոյություն ունի։

«Հիմա եթե մի փոքր վեր բարձրանանք աշխարհաքաղաքական կենտրոնների բախման հարթությունից, ապա կտեսնենք, որ թիրախը մեր հարևան Իրանն է։ Արցախի հայաթափումն ուղղակի այդ նախագծի մի մասն էր, որովհետև Իրանը ցամաքով և ծովով շրջափակված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներով կամ այնպիսի երկրներով, որտեղ կա ՆԱՏՕ-ի զորակազմ։

Երբ Ալիևը «Զանգեզուրի միջանցքի» մասով ուլտիմատում է դնում, ասելով՝ եթե չբացվի, ինքը կբացի, սա ոչ թե Ադրբեջանի մեծ ցանկությունն է, այլ Միացյալ Նահանգների, քանի որ դրանով Իրանը ցամաքային առումով ամբողջովին շրջափակվում է։ Դրանից հետո հնարավոր կլինի Իրանի դեմ իրականացնել ցամաքային հարձակում, որին պատրաստվել է Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան։ Պատահական չէ, որ Ալիևի այս հայտարարությունից հետո Իրանի անվտանգության խորհրդի ղեկավարն այցելեց Բաքու, հետո՝ Երևան։ Այդ «միջանցքը» Իրանի համար ստրատեգիական է, քանի որ հասկանում են՝ դրա բացվելուց հետո շրջափակվելու են»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս