Ադրբեջանի հետ ստորագրված արձանագրության մասին ՀՀ իշխանությունը լռում է. պատմությանն անհայտ բան է, երբ իշխանությունը չի ներկայացնում իր ժողովրդին. Հայկ Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե Տավուշում, մասնավորապես՝ Կիրանց գյուղում, երբեք այնքան անվտանգ չի եղել, որքան վերջին ամիսներին, երբ տեղի ունեցավ սահմանագծում։ Իսկ այդ սահմանագծման արդյունքում Կիրանց գյուղը բաժանվեց երկու հատվածի, մի քանի տներ անցան Ադրբեջանի հսկողության տակ, գյուղի նորակառույց դպրոցը հայտնվեց ուղիղ ադրբեջանցիների դիտարկման ներքո. դպրոցն ադրբեջանցի զինվորներից գտնվում է մի քանի մետր հեռավորության վրա։

Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի նախկին գյուղխորհրդի նախագահ Հայկ Ղազարյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ադրբեջանցի զինվորների «քթի տակ» ապրելն ապահով է, ապա թող այդպես մտածի։

«Եթե կարծում են՝ ադրբեջանցու մոտ գտնվելը հայի համար ավելի անվտանգ է, ուրեմն՝ «անվտանգ է»։ Ինչպե՞ս կարող է անվտանգ լինել, երբ թուրքը մեզանից մի քանի մետր հեռավորության վրա է։ Եթե մինչև ապրիլ Կիրանց գնում էինք ուղիղ ճանապարհով, հիմա գնում ենք այդ ճանապարհը շրջանցելով, վերևի ճանապարհով ենք գնում։ Եթե ադրբեջանցի զինվորը մեզ ավելի մոտ է գտնվում, դա կարո՞ղ է անվտանգ լինել, ադեկվատ մարդը չի կարող այդպես մտածել։ Այդ ազգը ծնվել է սպանելու, նվաճելու համար»,- 168.am հետ զրույցում նշեց Հայկ Ղազարյանը։

Ըստ նրա, 1990-1996 թվականներին, լինելով նախկին գյուղխորհրդի նախագահ և որպես կուսակցական կազմակերպության քարտուղար՝ 1985 թվականի հունվար-փետրվար ամիսներին մասնակցել է Տավուշում տեղի ունեցած սահմանագծման գործընթացին, ականատեսն է եղել սյուների տեղադրման աշխատանքներին, հանձնաժողովի աշխատանքներին ևս մասնակցել է։

Կարդացեք նաև

«Եթե չեմ սխալվում՝ 1987 թվականի օգոստոսն էր, երբ Ղազախի շրջանում հանդիպեցինք Քյամառլու գյուղի ղեկավարության հետ, հայկական կողմից 3 հոգով էինք, նրանց հետ ստորագրեցինք ակտ՝ երկկողմ հանձնաժողովի աշխատանքներն արձանագրելու մասին՝ կար արձանագրություն և կից քարտեզ։ Երկուսի վրա էլ երկու կողմերից կնիք դրեցինք։

182 գյուղերի մասին Հրանտ Բագրատյանը վերջին շրջանում անընդհատ խոսում է, դրանց վերաբերյալ 1987 թվականին կազմվել է ամփոփ արձանագրություն, որը մեր կողմից ստորագրել է Վլադիմիր Մովսիսյանը, Ադրբեջանի կողմից՝ Մամեդովը։ Այդ 182 արձանագրություններից մեկի կնքմանը մասնակցել եմ ես ու կնքել։ Երկու կողմերից երիտասարդը ես էի, ուստի հանդիպմանն ասացին, որ ես ստորագրեմ։ Հիմա այս մասին ՀՀ իշխանությունը որևէ կերպ չի հիշատակում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, այն, ինչ այսօր ՀՀ իշխանությունն անում է Տավուշում ու առհասարակ՝ ապօրինի է, հակասահմանադրական։ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը չի ուզում հիմք ընդունել այն փաստաթուղթը, որը երկկողմ ստորագրվել է դեռևս 1987 թվականին և որը հայ-ադրբեջանական վերջին իրավական ակտն է։

«Այդ փաստութուղթը ստորագրելուց անցել է 37 տարի, այդ տարիների ընթացքում դրա վերաբերյալ Ադրբեջանը որևէ բողոք ու դժգոհություն չի ներկայացրել։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանն այդ փաստաթղթի օրինականությունն ընդունել է, պարզապես դրա մասին լռում են Հայաստանի իշխանությունները։

Պարզ է, Հայաստանի շահն առաջ չեն տանում, քանի որ այսօր իշխանությունում ապազգային իշխանություններ են, չեն ներկայացնում հայ ժողովրդին, առնչություն չունեն մեր ազգի հետ։ Այս իշխանությունը ներկայացնում է թշնամու շահը։ Եվ այս ամենն իրենք չեն ներկայացնում, գործում են բացահայտ, չենք էլ առարկում, որ գործում են ի շահ թշնամու»,- շեշտեց Հ. Ղազարյանը։

Շարունակելով՝ նա ընդգծեց՝ իշխանությունները գործում են առանց տրամաբանության, օրենքներին ու բարոյականությանը հակառակ։ Սովորաբար իշխանությունները ներկայացնում են իրենց սեփական երկրի ու ժողովրդի շահը, սակայն Հայաստանում այդպես չէ։

«Հավանաբար, սա պատմությանն անհայտ բան է, երբ իշխանությունը չի ներկայացնում իր ժողովրդին, սա ուղղակի աբսուրդ է»,- եզրափակեց Հայկ Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս