Սա արդեն վերջն է. իշխանություններն իրենց հարազատների՝ ադրբեջանցիների հետ կարող են առևտուր անել, նրանց գրկաբաց ընդունել. Հայկ Ղազարյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ «Խաղաղության պայմանագրի ստորագրումից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները սկսելու են միմյանց հետ առևտուր անել»։

«Խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո ՀՀ բնակիչները և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել և շփվել: Հասարակություններին պետք է պատրաստել դրան։

Ես հավատում եմ՝ եթե կամք լինի իրենց կողմից, մեր հասարակությունները կապրեն իրար հետ, ասում եմ՝ առևտուր են անելու: Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր է եղել, անուններ չտամ: Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել։ Վերջացրե՛ք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, պատ ենք կառուցելու և իրար բարև չտանք»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ալեն Սիմոնյանը։

1990-1996թթ. Տավուշի մարզի Դովեղ գյուղ խորհրդի նախագահ, «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանի խոսքով՝ կան արժանապատվություն չունեցող որոշ մարդիկ, որոնք պատրաստ են Ադրբեջանի հետ առևտուր անել։

Կարդացեք նաև

«Այնպես չէ, որ Հայաստան աշխարհում միայն Ալեն Սիմոնյանն է, կան իր նմանները, որոնք պատրաստ են Ադրբեջանի հետ առևտրի մեջ մտնել։ Իհարկե, իրենք մեծ թիվ չեն կազմում, բայց կան։ Թշվառ ու անբարոյական միջավայրի առկայության պայմաններում է, որ նման մարդիկ ի հայտ են եկել, մենք էլ դառնում ենք այդպիսինների ու այդ միջավայրի զոհը։

Թրքասեր մարդկանց համար գոյություն չունի ազգային արժանապատվություն, նրանք միայն նյութականն են պաշտում, պետական մտածողություն չունեն, չգիտեմ, գուցե նման մարդիկ իրենց երակներում հայի արյուն չեն կրում։ Ցանկացած ազգի մեջ նմանները կան, մենք էլ բացառություն չենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե, օրինակ, Տավուշից քանի՞ հոգի Ադրբեջանի հետ առևտուր կանի։

Ըստ նրա, ցավոք, վերջին տարիներին քաղաքականությունն այնպես տարվեց, որ նախկին խորհրդային արժանապատիվ քաղաքացուց ոչինչ չմնաց, և մարդիկ հայտնվեցին թշվառ ու ողորմելի վիճակում։ Այդ քաղաքականության արդյունքում քաղաքացին օտարվեց իշխանությունից ու պետությունից։

«90-ականներին մեզ տրվեց բարձր արժեքներ կրող, արժանապատիվ, հաղթանակ կերտած քաղաքացի, հավանաբար այստեղ նաև մեծ դեր ունեցավ խորհրդային դաստիարակությունը։ Բայց հետո վերադարձանք մեր խեղաթյուրված արժեքներին, արմատներից կտրված։ Կտրվելով արմատներից՝ մարդիկ դառնացան ու չարացան։

Ալեն Սիմոնյանի ասածն արդեն վերջն է, որևէ բան չեմ ասի։ Բայց, իհարկե, այս իշխանություններն իրենց հարազատների հետ կարող են առևտուր անել, նրանց գրկաբաց ընդունել, գուցե ադրբեջանցիների մուտքը Հայաստան նրանց մոտ մեծ ոգևորություն առաջացնի։

Երբեմն պատճառները մեր խեղճության, անճարության մեջ պետք է փնտրենք, չգիտեմ՝ ազգն այսօր չի վիրավորվում այս նվաստացումներից»,- հավելեց Հայկ Ղազարյանը։

Ըստ նրա, այսօր ՀՀ պետականությունը մեծ վտանգի առջև է, ազգային ինքնությունը նույնպես, բոլորի մոտ անկումային տրամադրություն է։

Նա վստահ է՝ ազգի մեջ կան նվիրյալներ, որոնք կարող են երկիրն այս վիճակից դուրս բերել, որը, սակայն, բավականին դժվար է լինելու։ Հակառակ պարագայում, ըստ նրա՝ հայ ազգը մնալու է թուրքական մղձավանջի մեջ։
«Մենք աստիճանաբար սուզվում ենք այս թրքահպատակության ճահճուտը, որտեղից դուրս գալը մեծ դժվարություններ է առաջացնելու։ Մենք գործ ունենք հզոր, մեծ ֆինանսական միջոցների տիրապետող պետությունների հետ։ Միայնակ նրանց դեմ պայքարել չենք կարող, մեզ նաև համազգային համերաշխություն է պետք, ինչին այս պահին, այսպես կոչված, որոշ ընդդիմադիր ուժեր խանգարում են։ Պետք է բոլորը վեր կանգնեն իրենց անձնական շահից։ Սա մեզ համար իսկապես ողբերգություն է։

Այդուհանդերձ ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մենք այս ամենը հաղթահարելու ենք, մեր գենը չի մահացել, մենք պետք է դուրս գանք այս վիճակից, որովհետև այլ ելք չկա»,- ընդգծեց Հայկ Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս