«Նիկոլ Փաշինյանը կոտրում է մեր ազգային ողնաշարը». Մարինե Պետրոսյան

Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը թուրքական ծրագիր է իրականացնում:

«Նիկոլի արած ամենասարսափելի գործերից արդեն մի քանի տարի է անցել: Սկզբում ուզում էի հասկանալ՝ ինչ է կատարվում: Եթե հիշում եք, սկզբում ասում էին՝ պարտության հետևում բրիտանական ուժերն են: Ես շատ եմ մտածել, որովհետև ակնհայտ էր, որ դրսի ուժ կա, և հանգեցի նրան, որ դա թուրքական ծրագիր է: Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար խառնում է ամեն ինչ, որ չհասկանաս՝ ինչ է անում, և առաջ է տանում իր սև գործը, բայց հիմա վստահ եմ, որ նա թուրքական ծրագիր է իրականացնում: Նպատակը՝ Հայաստանը՝ որպես ազգային պետություն, վերացնելն է: Հնարավոր է՝ թուրքերը հանդուրժեն, որ Հայաստանը մնա՝ որպես ֆորմալ կազմավորում, եթե իրենց շատ չխանգարի, բայց որպես ազգային պետություն՝ վերանա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Մարինե Պետրոսյանի խոսքով՝ ազգային պետությունն ունի պատմական հիշողություն և դրանից ծնվող պարտավորություններ և նպատակներ. «Այսօրվա համատեքստում հետաքրքիր է այն, ինչ կատարվեց Սիրիայում: Անհավատալի մի բան էր, որովհետև այդ երկիրը մեզանից տարածքով, բնակչությամբ մեծ է, թվում է՝ պետք է մեզանից ուժեղ երկիր լիներ, բայց ո՞նց փլվեց: Ես շատ եմ մտածել այդ մասին: Ինչո՞ւ փլվեց, ոչ միայն այն պատճառով, որ դրսի ուժեր կային, դա հասկանալի է, բայց որովհետև ինքն ազգային առանցք չունի, կատարյալ խառնակ վիճակ է: Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել Հայաստանում այն, ինչ մեր ամենաուժեղ տեղն է, որովհետև, այո՛, մենք պարտվել ենք, թուլացած վիճակում ենք, բայց վերջնական թուլացած չենք, քանի դեռ մեր ողնաշարը չի կոտրվել, քանի դեռ հասկանում ենք՝ ինչ է եղել, և կարող ենք վաղը վերականգնվել: Մեր ազգային ողնաշարը կոտրված չէ: Նիկոլ Փաշինյանը կոտրում է մեր ազգային ողնաշարը:

Կարդացեք նաև

Ընդ որում՝ դա չի վերաբերում միայն Արցախի հարցին, նա խոսում է նաև Արևմտյան Հայաստանից, ինչը հոգեբանորեն նշանակում է, որ դու ոչ մի բան ես, արժանի ես եղել ցեղասպանության, Արցախի հաղթանակն էլ խաբկանք էր, դրան մենք արժանի չէինք: Ի՞նչ է նշանակում դա քաղաքական առումով. Նշանակում է, որ դու այլևս երբեք ոչ մի պահանջ չես ներկայացնելու ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, հակառակը՝ Ադրբեջանն է դեռ քեզ պահանջներ ներկայացնելու»:

Բանաստեղծի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ամենաուժեղ կողմն այն է, որ նա ունի մարտավարություն, անընդհատ իր դիսկուրսը պահում է. «Այնքան հիմարություններ է ասում, որ այդ հիմարություններին պատասխանելու համար քո ուղեղը կախում է ուղղակի: Շատ դժվար վիճակ է: Քաղաքականապես, որ շատերը քննադատում են ընդդիմությանը, ես հասկանում եմ՝ ինչ ծայրահեղ վիճակ է, որովհետև շատ դժվար է պատասխանել: Ինքս քաղաքական գործիչ չեմ, մտային դաշտում եմ և կարծում եմ՝ Փաշինյանին հաղթելու համար նախ մտային դաշտում է պետք փոփոխություն կատարել, և ամենակարևորը՝ պետք չէ իրեն ուղիղ հակադարձել, իր դիսկուրսին մասնակցել: Բայց պետք է հիմնային դաշտում անել հակառակը նրա, ինչ ինքն անում է: Այսինքն՝ իմ խնդիրը՝ որպես հայ բանաստեղծ, համարում եմ այն, որ փորձեմ ուժեղացնել այն, ինչ ինքը փորձում է կոտրել: Դա ես հնարավոր եմ համարում: Մեր անցած 30 տարիների սխալը, որի արդյունքում էլ հանգեցինք սրան, հենց դա էր, որ մեր ազգայինը չթարմացրինք:

Նիկոլ Փաշինյանի թիմում կան մարդիկ, որոնց հետ ես մոտ եմ եղել և գիտեմ՝ ոնց գնաց այդ ուղղությամբ. վերջնարդյունքը եղավ այն, որ ազգայինը սկսեց ասոցացվել ինչ-որ նահապետական, ավանդական, ինչ-որ հնացած… Դե լավ, արդեն հաղթել ենք, ազգայինն էլ ինչ կարևոր է, եկեք նորի հետևից գնանք, Եվրոպա և այլն, նոր աշխարհ, այդ Սովետական Միության դիսկուրսն էլ դրա հետ համընկնում էր: Գնացինք: Ազգայինը չէր ասոցացվում նորի հետ, դրա արդյունքում շատ ջահելներ խաբվեցին, մի մասը, որոնք ազնվության պաշար ունեին, դուրս եկան, բայց մինչև հիմա շոկի մեջ են, չգիտեն՝ ինչ անել»:

Մարինե Պետրոսյանին շատ է անհանգստացնում այն, որ ստեղծված իրավիճակի համար տարբեր քաղաքական ուժեր մեղադրում են ժողովրդին. «Դա նշանակում է՝ պատասխանատվությունը քո վրայից գցել, որովհետև, եթե ժողովուրդն է մեղավոր, նշանակում է՝ վերջ, էլ անելու բան չկա, մենք արժանի էինք սրան: Դա փակուղի է: Ես նախ՝ հոգեբանորեն երբեք դա չեմ ընդունի, երկրորդ՝ ճիշտ չէ: Սոցիալական ատելությունը ժողովրդի մեջ օբյեկտիվ պատճառների հետևանքով արթնացել է, բայց ավելի ուժեղացվել է քաղաքական դաշտի կողմից: Չեմ ասում՝ բարձրաձայն խոստովանեն իրենց սխալները, բայց քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ դա իրենց արածն է, և փոխեն: Հետսովետական դարաշրջանն ավարտվել է, սկսվել է նոր շրջան, որը, դեռ պարզ չի՝ ուր է տանում, լրիվ նոր օրենքներ են, բայց խնդիրն այն է, որ շատերի գիտակցության մեջ նախորդ դարաշրջանի բաներ են գործում, ասում են՝ Ռուսաստանից պոկվենք, Սովետը Ռուսաստանի հետ է ասոցացվում, ասում են՝ Արցախը կորցրինք, բայց գոնե Նիկոլը մեզ տանում է Արևմուտք, և այս դիսկուրսը դեռ աշխատում է: Նիկոլը փոխում է ամբողջ արժեքային համակարգը: Եթե հերոսը հարկ հավաքողն է, ուրեմն՝ հերոս չկա:

Կներեք, բայց ոնց որ ասես՝ մեր հերոսն ատամները մաքրողն է: Հերոսը բարձրն է, եթե ունես հերոս, ունես արժեքային համակարգ, որը քեզ կենցաղից բարձրացնում է: Եթե դա քանդում ես, դարձնում ես ուղղակի երկիր, որտեղ մարդիկ ոչ մի բան չունեն, արժեքային համակարգ չունեն, և այդ երկիրն ինքն իրեն կքանդվի, անգամ, եթե դու իր վրա չհարձակվես»:

Բանաստեղծը հավատում է ազգային վերածննդին՝ արժեքային թարմացմանը. «Ոչ թե նոր արժեքներ, այլ մեր արժեքների թարմացում, որովհետև մենք՝ հայերս, ունենք այդ արժեքը, մենք արցախյան հաղթանակը դրա արդյունքում ենք տարել: Երբ Արցախյան պատերազմը սկսվեց, այդ ժամանակ բանակ չունեինք, բայց մարդիկ գնացին, ուրեմն՝ իրենց համար մի արժեք կար: Փաշինյանի կինն ասում էր՝ հանուն ոչնչի, պարզ է, որ դա իրենց ծրագիրն էր՝ համոզել մարդկանց, որ հանուն ոչնչի ենք մենք զոհվել»:

Անդրադառնալով Փաշինյանի տիկնոջ «կրթությունը նորաձև է» արշավին՝ նա շեշտեց՝ Հայաստանի պարագայում կրթությունը ոչ մի բան է, եթե առանցքում ազգայինը չէ. «Նիկոլական թիմում լրիվ հիմարներ էլ կան, բայց կրթված մարդիկ էլ կան, որ սկզբում զարմանում էիր՝ ինչու են դա անում, բայց հիմա հասկանում ես՝ կրթություն ունեն, բայց իրենց մտքում ազգայինը տեղ չունի, և իրենք կհանդուրժեն, իրենց համար Հայաստանի կործանումը՝ դե, բան էր, պատահեց»:

Մարինե Պետրոսյանն ընդգծեց՝ պետք է խափանել Փաշինյանի ծրագրերը՝ ազգային դաշտում հասնելով զարթոնքի. «Զարթոնքը կարող է լինել վտանգի զգացումից, այսինքն՝ երբ զգում ես, որ կանգնած ես լինել-չլինելու առաջ, քո մեջ արթնանում է այդ վտանգը: 2021թ. ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական դաշտը չաշխատեց, որովհետև սոցիալական ատելությունը գերակշռեց: Ես այս ընտրություններին կուզեմ, որ իմ նախընտրած քաղաքական ուժը ներկայացնի մի ծրագիր, որը լինի Հայաստանի զարթոնքի ծրագիր, և ասի, որ ուզում է՝ բոլորով միասին ստեղծենք այն Հայաստանը, որը մեզ այս վիճակից ոտքի կկանգնեցնի, որտեղ մարդիկ կապրեն արժանապատիվ, և կվերականգնենք ազգային համերաշխությունը, որը Նիկոլ Փաշինյանը գիտակցված քանդում է: Մենք գիտակցենք, որ ընկած ենք, և միասին փնտրենք վեր կենալու ուղիները:

Այսօրվա վիճակում ես գիտեմ՝ ինչ տրամադրություններ են Սփյուռքում. Սփյուռքն ապշած է՝ ինչ է կատարվում Հայաստանում, և արդեն ուզում է մի կողմ քաշվել, որովհետև չի հասկանում՝ ինչ անի: Մենք պետք է այդ վիճակը փոխենք, դա մեզ համար կործանարար է: Պետք է ստեղծենք այն վիճակը, որ նորից ներգաղթ լինի: Դա անհնար բան չէ: Նոր բան պետք է սկսենք և ամբողջ ազգով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս