«Այսօրվա վիճակում ես գիտեմ՝ ինչ տրամադրություններ են Սփյուռքում. Սփյուռքն ապշած է՝ ինչ է կատարվում Հայաստանում, և արդեն ուզում է մի կողմ քաշվել, որովհետև չի հասկանում՝ ինչ անի: Մենք պետք է այդ վիճակը փոխենք, դա մեզ համար կործանարար է: Պետք է ստեղծենք այն վիճակը, որ նորից ներգաղթ լինի: Դա անհնար բան չէ: Նոր բան պետք է սկսենք և ամբողջ ազգով»:
«Խաղաղություն բառը շատ լավ աշխատում է: Դրա համար պետք է ընտրանի, որը լավ հասկանում է իրավիճակը: Այս իրավիճակը մի կողմից՝ իրոք վտանգավոր է, մանավանդ, որ պարտված և այսքան թույլ ենք, բայց մյուս կողմից, եթե լավ ղեկավար ունենանք, սա նաև շանս է»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող, բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է։
«Հարցն այն է, որ պատմություն իմացող մեկը լավ հասկանում է՝ եթե ազգայինը հակադրում ես պետությանը, ուրեմն՝ երկիրդ քանդում ես, որովհետև Հայաստանը հենց ազգային պետություն է։ Ազգն էլ այդ ամենը թույլ է տալիս, որովհետև պարտությունից հետո դեպրեսիայի մեջ է և հմուտ քարոզչություն է տեղի ունենում։ Ժողովրդին միշտ վախեցնում են, թե նախկինները կգան»։
Այսօր իրավիճակը շատ բարդ է, աշխարհում կատարվող շատ բան պարզ չէ, խորքային, գլոբալ, կարևոր, հիմնային փոփոխություններ են տեղի ունենում՝ նման ԽՍՀՄ փլուզմանը։ Փաստն այն է, որ այն մի փոփոխությունից մենք շահած դուրս եկանք, արցախյան հաղթանակով վերականգնեցինք մեր պետականությունը։ Հիմա դարձյալ փոփոխության շեմին ենք։