Այնպիսի պրավալի են տարել, որ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի դեպքում՝ Հայաստանն ամենապարտվածն է դուրս գալու. Գառնիկ Դավթյան
Տարածաշրջանային հարցերով մասնագետներն ահազանգում են՝ Հայաստանի վրա հարձակման համար Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում, իսկ վերջին շաբաթներին Ադրբեջանը կրկնապատկել է զենքի գնումն ու տեղափոխումն Ադրբեջան։
Հակառակ այս իրողությունների ու Ադրբեջանի կողմից «խաղաղության գործընթացն» ակնհայտորեն տորպեդահարելու բազմաթիվ դրվագների՝ թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ պաշտոնական Բաքուն շարունակում են խոսել խաղաղության մասին։
Դեկտեմբերի 4-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Իմ գնահատականն այն է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա»:
Ադրբեջանից էլ վստահեցրել են՝ թեև որոշակի հարցեր դեռ բաց են, սակայն դրանք դիտարկվում են աշխատանքային կարգով․ «Երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա»:
Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը 168․am-ի հետ զրույցում անդրադարձավ խաղաղության մասին հայտարարությունների տակ քողարկված ադրբեջանական նկրտումներին՝ հատկապես մերձավորարելյան սրընթաց զարգացումներից հետո։
«Մենք իրականում գործ ունենք 2 ստախոսի հետ․ մեկը՝ գերագույն գլխավոր ստախոսն է, մյուսը՝ թշնամական պետությունը, որն իր վարքով միշտ էլ ցույց է տվել՝ իր հայտարարություններում ճշմարտություն գոյություն չունի,- երկու կողմերի՝ հնարավոր էսկալացիան հերքող հայտարարություններին անդրադառնալով՝ նշեց Գառնիկ Դավթյանը և մանրամասնեց,- Ադրբեջանական կողմը Հայաստանի հարցը վերջնականապես լուծելու ծրագիրը տեսնում է նոր պատերազմով՝ նախատեսելով Հայաստանը տանել ջախջախիչ պարտության։ Վերջինը, իհարկե, այն դեպքում, եթե ՀՀ իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը։
Խնդիրն այստեղ ՀՀ իշխանություններն ու նրանց վարած քաղաքականությունն է, որը վակուումային իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար։ Ադրբեջանական կողմն այս բանակցություններում ինչ-որ բան ստանալուց հետո, փաստացի, նոր պահանջներ է առաջ քաշում։ Այսինքն՝ լինելու է վիճակ, երբ Հայաստանն այլևս բան չի ունենալու տալու, և ստանալու ենք պատերազմ։
Իսկ ՀՀ իշխանությունները մի անգամ մեղադրում են Հովիկ Աղազարյանին՝ բանակցությունները պրավալ տալու համար, մեկ ուրիշ անգամ՝ ադրբեջանական կողմին՝ ինչ-ինչ պայմանավորվածություններ չկատարելու համար․․․»։
Ադրբեջանի հարցերով փորձագետը նշեց՝ վերջին շրջանում հաճախակի են դարձել բեռներ փոխադրող օդանավերի թռիչքներն Իսրայելից ու եվրոպական տարբեր երկրներից՝ չբացառելով, որ դրանք նաև ռազմական բեռներ են տեղափոխում։
«Սա վկայում է այն մասին, որ եթե ադրբեջանական կողմը 2025 թվականին չստանա հաղթական փաստաթուղթ, հարցը պատերազմով է լուծելու»,- հավելեց նա։
Արձագանքելով մեր դիտարկմանը՝ Գառնիկ Դավթյանը հնարավոր համարեց նաև հանգամանքը, որ արևմտյան ճնշումների ներքո Ադրբեջանի տարածքն օգտագործվի Իրանի դեմ էսկալացիայի համար։
«Սիրիայի անկումը լուրջ վտանգներ է ստեղծում Իրանի համար, ու, ըստ իս, հաջորդ հարվածը լինելու է հենց Իրանի դեմ։ Այդ հարվածը կլինի Սիրիայի տարածքից, Թուրքիայի միջոցով, կամ՝ Ադրբեջանի՝ զուտ ստրատեգիայի հարց է։ Ադրբեջանական կողմը միշտ ձգտել է Իրանից պոկել նրա հյուսիսային սահմանները՝ իր այդ նկրտումները հիմնավորելով կեղծ պատմական թեզերով։ Այդ իսկ պատճառով չեմ բացառում, որ Ադրբեջանը կցանկանա ինչ-որ դեր ստանձնել Իրանի դեմ հնարավոր էսկալացիայի պարագայում՝ շոշափելի, այդ թվում՝ տարածքային որոշակի շահեր ակնկալելով»,- մանրամասնեց մասնագետը։
Ըստ նրա՝ նման հնարավոր էսկալացիայի պարագայում, Հայաստանը կլինի տարածաշրջանում մաքսիմալ կորուստներ ունեցող երկիրը։
«Հայաստանն իր դաշնակցային հարաբերություններն ում հետ ասես՝ չի փչացրել՝ կլինի Իրան, Ռուսաստան, և ակնկալել, որ Արևմուտքից կլինեն ինչ-ինչ աջակցություններ, խիստ կասկածում եմ (Արևելք, Արևմուտք սահմաններում թշնամիներն են, Հյուսիսից՝ Վրաստանն է, որը թույլ չի տա զենքի տարանցում Հայաստան․․․):
Պետք է քաղաքականություն վարել տարածաշրջանի ոչ թշնամական պետությունների հետ՝ Վրաստան, Իրան, և այդ պետություններին հարող այլ դաշնակիցների հետ․ Ռուսաստանի մասին է խոսքը։
Բոլոր ճակատներում այնպիսի պրավալի են տարել, որ եթե ռազմական էսկալացիա լինի տարածաշրջանում, Հայաստանն այս իրավիճակից ամենաշատ պարտվածն է դուրս գալու, քանի որ Ադրբեջանն այդ առիթից օգտվելով՝ փորձելու է ՀՀ հյուսիս-հարավ-արևելյան շրջաններն օկուպացնել, այս ամենից անմասն չի մնալու Թուրքիան»,- ամփոփեց Գառնիկ Դավթյանը։