Աղոթում եմ, որ Փաշինյանը երկար ապրի՝ որպես բռնապետ՝ դատվելու իր իսկ բարեփոխած դատական համակարգում. Նինա Կարապետյանց
«Ամբողջ աշխարհում, այո՛, կոմպրոմատներն աշխատող գործիք են, այդպես է նաև Հայաստանում, բայց Հայաստանի որևէ իշխանություն կոմպրոմատների պատերազմները չի վարել այնքան գռեհիկ և ստոր ձևով, ինչպես դա արեց Փաշինյանը։
Նա թևակոխում է նախընտրական փուլ, ինչի համար իրեն անհրաժեշտ է պատժել արդեն ոչ թե հակառակորդ ուժերին, այլ՝ սեփական թիմակիցներին. ՔՊ-ականներին է պետք զոհաբերել»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ընթացող զարգացումների, Փաշինյանի կողմից պատգամավորին մանդատը վայր դնելու, չդնելու դեպքում՝ ձեռքից վերցնելու, քրեական հետապնդում սկսելու սպառնալիքների մասին, նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը, ի հեճուկս իր իսկ տված խոստումների, տապալել է կառավարման բոլոր ոլորտները, ուստի այժմ ինքն իրեն արդարացնելու համար նոր մեղավորներ է կարգում՝ սեփական թիմակիցներին օգտագործելով և թիմից դուրս շպրտելով։
«Մեր հասարակությունը հենց սա պետք է հասկանա. գիտակցի, որ այն ծրագրերով, որով այս մարդիկ եկան իշխանության և հասարակությանը շարունակում են կերակրել, իրականությանը չեն համապատասխանում։ Փաշինյանը մնացել է այն մակարդակի, որ հպարտանում է, թե՝ «ջուր են պզզցնում, վարչապետն է անցնում», և նման ձևակերպումների դաշտում։ Նման մակարդակից մի փոքր բարձր մակարդակ ունեցողն այլևս Նիկոլ Փաշինյանին ձայն չի տա»,- ասաց Նինա Կարապետյանցը՝ ընդգծելով՝ հասարակության մեծամասնությունն այս իշխանությանն ուղղակի տանել չի կարողանում, և, թերևս, մնացել է հանրության մի փոքր հատված, որը պատրաստ է Փաշինյանին անձնվիրաբար ծառայել։

«Փաշինյանի կողքին կմնա միայն այն խավը, որը վերլուծական մտածելակերպ չունի։ Կմնան նաև նրանք, որոնք Փաշինյանի իշխանության հետ են կապում իրենց անձնական բիզնեսները, բայց դա էլ փրկություն չունի, որովհետև դրանք հիմնականում խոշոր բիզնեսով զբաղվողներն են, և կորելու են փոքրերը, իսկ դա անարձագանք չի մնա»,- ասաց իրավապաշտպանը։
Նրա դիտարկմամբ՝ իշխանությունը պահելու համար Փաշինյանը պարզապես յուրացնում է այդ իշխանությունը՝ օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրս, փոխելով և իրենց հարմարեցնելով օրենսդրությունը, ինչը նշանակում է, որ երկիրը տանում է բռնատիրական ճանապարհով։
«Ես աղոթում եմ, որ այս մարդիկ երկար ապրեն, որ դատվեն իրենց իսկ բարեփոխած դատարաններում։ Երբ իշխանությունը փոխվեց, ես աղոթելու եմ, որ Փաշինյանին դատեն իր բարեփոխած դատարանում. թող այս մարդիկ երկար ապրեն, որ իրենց մաշկի վրա զգան իրենց բարեփոխած դատական համակարգը… Նիկոլ Փաշինյանն իր բոլոր գործողություններով՝ սկսած օրենսդրական փոփոխություններից ու այլ ուղղություններով, տանում է նրան, որ հնարավոր վերընտրվելուց հետո դառնա բռնապետ. Նա կդառնա այնպիսի բռնապետ, որից Հայաստանում չենք տեսել երբեք. նա դառնալու է սուպեր բռնապետ»,- խոսքը եզրափակեց Կարապետյանցը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։



