Թուրքիան ամբողջ էներգիան ուղղելու է դեպի Հարավային Կովկաս՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը. այն տարածաշրջանային ռազմավարական ազդեցությունը մեծացնելու գործիք է. Վիտալի Մանգասարյան
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալված է: Մերձավոր Արևելքը, Սիրիան, ըստ էության, վերածվել էր ուժային տարբեր կենտրոնների, տարբեր պետությունների շահերի բախման կետի:
Բայց արդյո՞ք Ասադի իշխանության տապալումից հետո իրավիճակը փոխվել է կամ կփոխվի, իսկ գուցե այս տրամաբանության մեջ նոր իրավիճակի՝ անգամ Իսրայելի և Թուրքիայի, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ինչ-ինչ տարաձայնությունների ականատես լինենք:
Ի՞նչ սպառնալիքների կարող է բախվել Հարավային Կովկասը և Հայաստանը, եթե հաշվի առնենք, որ թրքամետ ուժերն ու ծայրահեղականներ են եկել Սիրիայում իշխանության. այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ:
– Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի վերջնական տապալումից հետո երկիրը կանգնել է մեծ մարտահրավերների առաջ։ Կառավարության տապալումից հետո ներկայիս քաղաքական իրավիճակը, ինչպես և սպասվում էր, դարձել է մի քանի հիմնական ուժերի բախման կենտրոն։ Հակակառավարական ուժերը և տարբեր խմբավորումներ փորձում են վերահսկել քաղաքական գործընթացները, ինչը տարածաշրջանում ձևավորում է նոր ուժային հավասարակշռություններ։
Այս փոփոխությունների ֆոնին Սիրիայում և Մերձավոր Արևելքում նկատվում են նոր հակամարտությունների հնարավորություններ։ Թուրքիան, որն ակտիվ դեր ունի տարածաշրջանում, և այդ դերը, ցավոք սրտի, օր օրի մեծանում է, գնալով կոշտացնում է իր դիրքորոշումը՝ ինչպես Սիրիայի, այնպես էլ՝ հարակից երկրների նկատմամբ։ Միաժամանակ, այո, Իսրայելի շահերը տարածաշրջանում կարող են բախվել թուրքական նկրտումներին, ինչը, բնական է, կմեծացնի լարումը տարածաշրջանում։
Վստահ եմ, որ Թուրքիան շարունակելու է ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ հատկապես Ադրբեջանի միջոցով, ինչը, բնականաբար, մեծացնելու է Հայաստանի անվտանգային ռիսկերը։
Հայաստանի համար կենսական նշանակություն ունի՝ ուժեղացնել դիվանագիտական հարաբերությունները միջազգային ուժային կենտրոնների հետ և զուգահեռ ամրապնդել անվտանգային համակարգը, ինչը, ցավոք սրտի, կամ չի արվում, կամ արվում է ռազմավարական նշանակության թերություններով։
Պանթուրքիզմի գաղափարախոսությունը, որի հիմքում դրված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև աշխարհաքաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, վերջին տարիներին առավել տեսանելի է դարձել։ Համոզված եմ, որ Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից հետո Թուրքիան մեծացնելու է իր ախորժակը և ամբողջ իր էներգիան ուղղելու է դեպի Հարավային Կովկաս, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
Պատահական չէ, որ հենց այս փուլում ադրբեջանական կողմն ամենաբարձր մակարդակով առաջի պլան է բերում, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանական համայնքի» թեման, և հայկական կողմից պահանջում, որպեսզի Հայաստանը բանակցությունների մեջ մտնի այդ համայնքի ներկայացուցիչների հետ: Եվ այս կոնտեքստում ամենավտանգավորն այն է, որ մինչ այս պահը հայկական կողմից պաշտոնական դիրքորոշում չի եղել, ավելին, իշխանության տարբեր դեմքեր խուսափում են այդ հարցին ուղիղ պատասխանելուց։
Համոզված եմ, որ, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» վերադարձի թեման թուրք-ադրբեջանական տանդեմի համար պլացդարմ է Հայաստանի վրա ճնշումն էլ ավելի մեծացնելու համար: Եվ եթե մենք այս համատեքստում չենք բարձրացնում արցախահայերի իրավունքների և վերադարձի հարցը, ապա, իմ խորին համոզմամբ, ռազմավարական սխալ ենք գործում։
– Ի դեպ, Ասադը Քաշմիրի հարցում պաշտպանում էր Հնդկաստանի դիրքորոշումը, Ասադի վարչակարգը տապալածները, ըստ էության, Պակիստանի կողմը կարող են բռնել, ով իր մասնակցությունն է ունեցել 44-օրյա պատերազմում: Ընդ որում, այդ ներգրավվածությունը, ըստ էության, հանուն Թուրքիայի է եղել, ավելին՝ 44-օրյայում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը:
– Այո, 2020 թվականի Արցախյան պատերազմում Պակիստանը բացահայտ աջակցել է Ադրբեջանին: Պակիստանը տրամադրել է ոչ միայն դիվանագիտական, այլև տեխնոլոգիական և ռազմական աջակցություն, ինչը փաստացի անգամներով մեծացրել է Ադրբեջանի ռազմական ներուժը։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վերջին տարիներին իր արտաքին քաղաքականության մեջ ցույց է տվել մոտեցում Հնդկաստանի հետ սերտացման ուղղությամբ։ Սիրիայի վերականգնման ծրագրերում Հնդկաստանը ներկայացել է՝ որպես տնտեսական ու դիվանագիտական գործընկեր։ Մյուս կողմից՝ Ասադի վարչակարգի դեմ պայքարած մի շարք ահաբեկչական խմբավորումներ, որոնք աջակցություն են ստացել Թուրքիայից և այլ երկրների կողմից, ուղղակի կամ անուղղակի աջակցություն են ստացել նաև Պակիստանից։
– Այս պատմության մեջ չմոռանանք քրդերին, որոնք ունեն, այսպես ասած, ԱՄՆ պաշտպանությունը, ինչն ունի իր բացատրությունը, բայց քրդերի դեմ պայքարում են Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումները, այսինքն՝ Թուրքիան: Այս դեպքում էլ ԱՄՆ–Թուրքիա տարաձայնությունների ականատեսը կլինե՞նք:
– Քրդերի հարցը Սիրիայի և Մերձավոր Արևելքի ընդհանուր իրավիճակում առանցքային է, քանի որ նրանք հանդիսանում են թե՛ ԱՄՆ-ի դաշնակից, թե՛ Թուրքիայի հիմնական թշնամի։ ԱՄՆ-ը քրդերին աջակցություն է տրամադրել ԻՊ-ի դեմ պայքարում։ Քրդերը հիմնականում հույս են դրել ԱՄՆ-ի ռազմական և քաղաքական աջակցության վրա՝ տարածաշրջանում իրենց ինքնավարության ու անվտանգության ամրապնդման համար:
Թուրքիան քրդական խմբերին դիտարկում է՝ որպես սպառնալիք իր ազգային անվտանգության համար: Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ շարունակելու է ռազմական գործողությունները քրդական ուժերի դեմ՝ հատկապես Սիրիայի հյուսիսում, որտեղ նրանք վերահսկում են մեծ տարածքներ։
– Թուրքիայի ուժեղացումը, ինչպես նշեցիք, անշուշտ, վտանգավոր է Հայաստանի և Հարավային Կովկասի համար, եթե հաշվի առնենք, որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիր կա, որի ներուժը գնահատվում է մինչև 1 տրլն դոլար:
– Թուրքիայի ուժեղացումը, հատկապես կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ, առանցքային սպառնալիք է Հայաստանի և Հարավային Կովկասի համար։ Այս ճանապարհը՝ Թուրքիային և Ադրբեջանին կապող ուղին, նրանց համար ոչ միայն տրանսպորտային նախագիծ է, այլև տարածաշրջանային ռազմավարական ազդեցությունը մեծացնելու գործիք։ Նրանց համար դա պանթուրքիստական գաղափարի հերթական քայլ է, որը կապահովի Թուրքիայի կապը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների հետ։
– Կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիայի հզորացումը թեև ձեռնտու է Ադրբեջանին, բայցև վտանգավոր է:
– Այո՛, կարելի է ասել, որ Թուրքիայի հզորացումը և՛ ձեռնտու է Ադրբեջանին, և՛ որոշ չափով վտանգավոր է՝ կախված երկարաժամկետ շահերից և տարածաշրջանային հավասարակշռությունից։
Թուրքիան 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ տրամադրեց Ադրբեջանին նշանակալի ռազմական աջակցություն, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմավարական օգնություն, ինչը վճռորոշ էր Ադրբեջանի հաղթանակի համար։ Թուրքիայի շարունակական ռազմական ուժեղացումը կշարունակի լինել Ադրբեջանի անվտանգության երաշխիքներից մեկը։ Սակայն, եթե Թուրքիան դառնա չափազանց ազդեցիկ Ադրբեջանի ներքին կամ արտաքին քաղաքականության մեջ, դա կարող է սահմանափակել Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Եվ Ադրբեջանը ստիպված կլինի գնալ ավելի մեծ զիջումների՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական։
– Իրանի, այսպես ասած, պարտությունը կամ չհաղթելը Սիրիայում ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա, երբ, ինչպես նշեցինք, Իսրայելն է ուժեղանում, որն Ադրբեջանի հետ ռազմավարական և ռազմական հզոր գործընկեր է:
– Սիրիան Իրանի համար հանդիսանում էր կարևոր ռազմավարական հենակետ։ Իսրայելը Սիրիայում երկար ժամանակ թիրախավորում է իրանական և նրա դաշնակիցների ռազմական օբյեկտները։ Եթե Իրանը թուլանում է Սիրիայում, բնականաբար, Իսրայելն ավելի ազատ կարող է գործել։ Այս ամենը կնպաստի նաև Իսրայելի ազդեցության աճին մեր տարածաշրջանում, հատկապես՝ Ադրբեջանի հետ կապերի ամրապնդման միջոցով: Մամուլում բազմիցս են շրջանառվել տեղեկություններ, որ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել Իսրայելի կողմից՝ Իրանի դեմ հետախուզական կամ նույնիսկ ռազմական գործողություններ կազմակերպելու համար։



