Չի բացառվում Իրան-Իսրայել էսկալացիա, դա մարտահրավեր է ՀՀ-ի համար․ Սուրեն Սարգսյան

«Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում Թրամփի վարչակազմի օրոք հնարավոր սցենարների մասին, նշեց, որ դրանք կարող են տարբեր լինել՝ հաշվի առնելով միջազգային հարաբերություններում տիրող անկանխատեսելիության ընդհանուր մթնոլորտը, հատկապես՝ ԱՄՆ-ում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների ֆոնին՝ նոր վարչակազմ, նոր մոտեցումներ:

«Մասնավորապես, խոսքն ավելի ագրեսիվ դիրքավորման մասին է՝ ի պաշտպանություն Իսրայելի, այսինքն՝ ավելի ագրեսիվ մոտեցումների, որոնք վերաբերում են Իրանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությանը: Իսկ ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, հայ-ադրբեջանական բանակցություններին, ապա այս պահի դրությամբ որոշակի սառեցում կա, որովհետև վարչակազմը, որը միջնորդն էր բանակցությունների, հեռանում է, և մյուս վարչակազմը, որը դեռ փորձ չունի այս բանակցություններում ներգրավվածության, գալիս է: Սա նշանակում է՝ անձինք փոխվում են, ընդ որում՝ փոխվում են բոլորը՝ և՛ որոշում կայացնողները, և՛ դիվանագետները, ովքեր այդ որոշումներն իմպլեմենտացնում են: Իհարկե, եղել են դեպքեր, երբ վարչակազմերը և նախագահները փոխվել են, բայց արտաքին քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ չեն եղել, Թրամփի դեպքում պետք է նորից անկանխատեսելիության սցենարը հաշվի առնել: Եվ հիմա այդ համաձայնագիրը, որը բանակցվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ միջնորդությամբ, դժվար է ասել՝ ուր կգնա»,- նշեց ամերիկագետը:

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ ամենամեծ մարտահրավերը և խնդիրը, որն առնչվում է նաև Հայաստանին, Իրանի նկատմամբ ԱՄՆ ագրեսիվության աստիճանն է, նաև՝ ներգրավվածության:

«Արդյո՞ք ԱՄՆ-ը կգնա ուղիղ կոնֆրոնտացիայի Իրանի դեմ, այս հարցը շատ է քննարկվում, կարծում եմ՝ ոչ: Բայց հնարավոր է, որ ԱՄՆ աջակցությունն այնքան էական և շոշափելի լինի, որ դա նոր էսկալացիայի բերի Իրան-Իսրայել գլոբալ հակամարտության մեջ:

Կարդացեք նաև

Իհարկե, բոլորը խուսափում են ուղիղ հարվածներից, մեկ-երկու հարված եղել է Իսրայելից Իրան և Իրանից Իսրայել, բայց ամեն դեպքում փորձ է արվում կարմիր գիծը չանցնել, որովհետև հասկանում են, որ դա կործանարար կլինի ամբողջ տարածաշրջանի համար: Իսկ Թրամփը մի կողմից՝ հայտարարում է, որ Իսրայելին պետք է աջակցել, մյուս կողմից՝ ասում, որ խաղաղություն է ուզում: Հիմա տեսնենք, թե Թրամփի թիմը, նրա վրա ազդեցություն ունեցող մարդիկ, խորհրդականները, որոնք շատ կոշտ հակաիրանական և պրոիսրայելական դիրքավորում ունեն, ինչ խորհուրդներ են նրան տալու: Կամ՝ այդ շրջանակներից ով է հաղթելու՝ խաղաղություն բերելու ցանկացողնե՞րը, թե՞ Իրանի դեմ կոշտ գործողությունների կողմնակիցները»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս