«Թողեցին՝ Փաշինյանը հանգիստ գնա տուն. նա էլ իրենցից SMS-ով ազատվեց, Ֆեյսբուքով նշանակում է անում». Տաթևիկ Հայրապետյան
«Ես առաջիններից մեկն եմ եղել, որ նշել եմ, որ Փաշինյանի թիմում բարդ վերադասավորումներ են, հակասություններ են, բայց դա իշխանության համար պայքար է, այնպես չէ, որ այնտեղ գաղափարական խնդիրներ են լուծվում: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ ոճով ուղղակի ազատվում է այն ուժայիններից, որոնք իբր պետք է զբաղվեին նախկինների ձերբակալմամբ, աղմկահարույց բացահայտումներ պետք է անեին և այլն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ, պ.գ.թ. Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով վերջին օրերի պաշտոնանկություններին:
«Ամեն մեկը հաստատ իր պատճառներն ունի, այսինքն՝ կան մարդիկ, որոնք կապված են այնպիսի անձանց հետ, որոնք առաջիկայում կարող է Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս գան կամ փորձեն առանձին հանդես գալ՝ առաջիկա ընտրություններում: ՔՊ-ում կան մարդիկ, որոնք կուզեին Փաշինյանի հետ չգնալ ընտրության, առանձին գնալ, և, եթե այդ հնարավորությունն ընձեռվի, իրենք կփորձեն այդպես անել: Բայց ոչ մի բան չի փոխվում. Փաշինյանը մնում է, իսկ նա այն մարդն է, որը պետության Անկախության հռչակագիրը կարող է համարել սպառնալիք, հետո հանգիստ գնալ տուն, և այդ ուժայիններից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկում նրան, թե՝ ինչ հայտարարություն ես արել Անկախության հռչակագրի հետ կապված: Ո՛չ ԱԺ-ն է հաշվետվություն պահանջում, ո՛չ այդ ուժայինները, ինքն էլ իրենցից SMS-ով ազատվում է, Ֆեյսբուքով նշանակում է անում»,- ընդգծեց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է պալատական հեղաշրջման ականատես լինենք, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Չեմ կարծում, այնտեղ մարդիկ չափազանց վախկոտ են նման քայլերի գնալու համար: Ձեր եթերում ասել եմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը հրամայական էր և կարող էր բազմաթիվ խնդիրներից ազատել, քաղաքական թիմը զերծ մնաց այդ քայլից՝ մոռանալով, որ իրենք պետական պաշտոնյա են, պատասխանատու են պետության համար, և գերադասեցին զուտ լինել Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտոնյան: Այսօր, եթե պատգամավորը վարչապետի հրահանգով մանդատ է դնում, նշանակում է, որ չի ընդունում, որ ինքն առաջնային մանդատի տեր է: Այսինքն՝ իրեն ընտրել է ժողովուրդը, առաջին հերթին, խորհրդարանն է ընտրել վարչապետ, ոչ թե վարչապետը՝ խորհրդարան, բայց իրենք քանի որ իրենց ներսում գիտեն, որ իրենցից առանձնապես ոչինչ չեն ներկայացնում, համարում են իրենց պարտական Նիկոլ Փաշինյանին նրա համար, որ կյանքում իրենց բացառիկ հնարավորություն է տրվել պատգամավոր դառնալու, դրա համար իր կամքով էլ շարժվելու են»:
Նա շեշտեց, որ ՔՊ ներսում կան անհատներ, որոնք առանձին թիմեր են փորձում ստեղծել. «Եթե տեսնեն, որ կարող են հաջողել, 2026-ի ընտրություններին կմասնակցեն առանձին»:
Հարցին՝ Անդրանիկ Քոչարյանն այդ մարդկանց ցանկո՞ւմ է, նա բացասական պատասխանեց: Հայրապետյանի խոսքով՝ նման ցանկություն ունեն այն մարդիկ, որոնք այս պահին էլ պաշտոններ են զբաղեցնում. «Իրենցից ամեն մեկն առանձին գործունեություն է ծավալում, իրենց համար առանձին ընթրիքներ են հրավիրում, առանձին թիմեր են դասավորում»:
Հետաքրքրվեցինք՝ Ալեն Սիմոնյա՞նը, ինչին ի պատասխան՝ նա նշեց, որ ոչ միայն Ալեն Սիմոնյանը. «Ալեն Սիմոնյանն ավելի շատ ոնց որ մրցի, որ կարող է Փաշինյանից ավելի լավ կոլաբորանտ լինել, խոսքը նույն այսօվա քաղաքապետի մասին է, որ ակտիվ հանդիպումներ և քննարկումներ է ունենում: Քաղաքը փոքր է, և եթե այդ լուրերը հասնում են ինձ, չեն կարող չհասնել ուրիշ մարդկանց: Եվ հետո, ես այդ մարդկանց տեսել եմ 2020 թվից հետո, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ կերպ էր պահում, որոնք հնարավորության դեպքում հաստատ կուզեին հանդես գալ առանձին ճակատով, և այդ գործընթացները վստահորեն գնում են: Կհաջողե՞ն, թե՞ ոչ, այլ հարց է, որովհետև Փաշինյանն այդ առումով բավականին վերահսկողական ֆունկցիաներ իրականացնում է, իր համար կարևորը հենց դա է, այսինքն՝ պետության համար կարևոր խնդիրները թողած՝ իրենք ողջ օրը ներթիմային շուկայական խոսակցությունների մեջ են, և այդ գործընթացը գնալու է ու ավելի է սրվելու ընտրություններից առաջ»:
Անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող COP29-ին, նա նշեց, որ Ադրբեջանի ակնկալիքները չիրագործվեցին, թեև այն չի ավարտվել. «Ինձ համար անհասկանալի և նույնիսկ զավեշտալի է, որ հայկական կողմը մինչև հիմա մասնակցության հետ կապված դիրքորոշում չի արտահայտել. Կարելի էր ավելի հստակ լինել»:
Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ տարածաշրջանային փոփոխությունների պարագայում Հայաստանի իշխանությունները գնալով ավելի են ակտիվանալու հենց ռուսական հարթակներում. «Փաշինյանը միշտ գնում է քամուն համընթաց. Երբ իրավիճակները փոխվում են, երբ որոշակի վերափոխումներ լինեն, հայկական կողմը արագ տեղավորվելու է ռուսական հարթակներում»:
Հարցին՝ այսինքն՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ Փաշինյանը գնալու է Պուտինի դո՞ւռը, նա պատասխանեց. «Իսկ այդ դռնից երբևէ այս կողմ եկե՞լ է: Ինձ համար ակնհայտ է, որ Փաշինյանի բոլոր գործողությունները դարձել են միջոց ռուսների ձեռքում՝ ալիբի ունենալ Հայաստանի հետ այսպես վարվելու: Դա բնավ իրենց գործողություններն Արցախում չի արդարացնում, որովհետև այնտեղ խաղաղապահ առաքելություն էին իրականացնում, բայց փաստացի իրենք այդ ամբողջն օգտագործել են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում