Ոչ շոշափելի հարվածներ, որոնք բարձրացնում են պետության ֆիզիկական ռիսկերը

Շաբաթվա մեկնարկին պաշտոնանկությունների հայտնի փունջը կլանել է հանրային ուշադրությունը, ու կարծես թե շատ պարագաներում խորքային առումով՝ առավել առարկայական հարցերից:

Դրանք, որպես կանոն, ունենալով պետականության ճակատագրի համար խորքային նշանակություն, ցավալիորեն մնում են նաև հանրային ուշադրության խորքում:

Օրինակ, «Հետք» պարբերականն օրեր առաջ տեղեկություն հրապարակեց «Ֆլայ Արնա» ավիաընկերության չստացված պատմության մասին: Ավիաընկերության ստեղծման մասին հայտարարվեց 2021 թվականին՝ այն հռչակելով որպես նոր ստեղծվող Ազգային ավիափոխադրող: «Ֆլայ Արնա»-ի հիմնադիրները Հայաստանի կառավարությունն էր՝ ի դեմս պետական հետաքրքրությունների հիմնադրամի, և Շարժայի Էմիրության «Էյր Արաբիա» ավիաընկերությունը: «Ֆլայ Արնան», սակայն, այլևս չկա, և չկա նույնիսկ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, որի լուծարումը՝ անարդյունավետության և մսխումների հիմքով, ինքնին մեկ այլ աղմկոտ պատմություն է:

Եվ ահա, «Հետքը» գրել է, որ արաբ ներդրողները դժգոհ են եղել Հայաստանի կառավարությունից, որը չի պահել ավիաընկերության ստեղծման ընթացքում ձեռք բերած մի շարք պայմանավորվածությունները:

Կարդացեք նաև

«Էյր Արաբիայի» ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել են, որ՝ ըստ ձեռք բերած համաձայնության, Հայաստանի կառավարությունը պետք է ապահովեր պայմաններ, որոնք թույլ կտային ստեղծել իսկապես կենսունակ և մրցունակ, միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան ավիաընկերություն, բայց այդ պայմանավորվածություններն այդպես էլ չեն իրականացել:

Հետևանքը եղել է ներդրողի, ընդ որում՝ միջազգային ավիաշուկայում որոշակի հեղինակություն վայելող ներդրողի հիասթափությունն ու փաստացի հրաժարումը ներդրումների շարունակությունից, որոնք անհրաժեշտ էին Հայաստանի համար իրապես միջազգային բարձր ստանդարտի Ազգային ավիափոխադրող ընկերության ստեղծման ու զարգացման համար:

Այդպիսով, պայմանավորվածությունների հանդեպ պատասխանատու վարքագծի բացակայության հետևանքով Հայաստանն ունենում  է առնվազն երկու կորուստ՝ զրկվում է միջազգային բարձր ստանդարտի համաձայն գործող Ազգային ավիափոխադրողից, որն իր ծառայության շնորհիվ ապահովում է պետության որոշակի հեղինակություն ու նկարագիր, և՝ ունենում գործընկերային վստահելիության կորուստ, ներդրումային իմիջի կորուստ:

Ցավալին ու մտահոգիչն այն է, որ դա միակ դեպքը չէ: Նույն 2021 թվականին Հայաստանը պետական մակարդակով քննարկում ու համաձայնություն ունեցավ Արաբական Էմիրությունների մեկ այլ խոշոր ու հեղինակավոր ներդրողի՝ «Մասդար» ընկերության հետ, որը գործունեություն է ծավալում վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Կնքվեց Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արևային կայան կառուցելու համաձայնագիր, որը լինելու էր առաջին խոշոր կայանը Հայաստանում:

Առ այսօր այդ ծրագիրը, ըստ էության, թղթի վրա է, որովհետև Հայաստանի պետական կառույցները չեն դրսևորում բավարար փութաջանություն, ներդրողի հետ պայմանավորվածությունների սեփական բաժնի լիարժեք և օպերատիվ իրականացման պատասխանատվություն, ինչը դարձյալ բերում է հիասթափության, ներդրումային խոշոր ծրագրի և ներդրումային իմիջի կորստի էական ռիսկի: 2023 թվականի չորրորդ եռամսյակում պետք է սկսված լիներ արևային խոշոր կայանի շինարարությունը, մինչդեռ այսօր ըստ էության չկա պատասխան, թե ե՞րբ այն կմեկնարկի:

Սա այն դեպքում, երբ հակառակորդ և հարևան Ադրբեջանը նույն «Մասդարի» հետ համաձայնություններ է կնքել ավելի ուշ, բայց դրանց գործնական իրականացման առումով էապես շրջանցել Հայաստանին:

Իսկ Հայաստանում ավելանում են խոշոր ներդրումների՝ բավականին բարդ ու երկար քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնություններով, բայց գործնական մակարդակում արդեն չստացված պատմությունները, ինչի ֆունդամենտալ պատճառներից մեկը ոչ միայն պատկան կառույցների պետական առաքելությունը, այլ նաև սեփական խոսքի արժեքի չգիտակցելն է:

Որևէ արտաքին ներդրողի համար ուղենշային է երկրի բիզնես միջավայրն իր գրավչությամբ, հարկային համակարգով, լոգիստիկայով, ավանդույթներով և այլն, բայց այդ ամենից վեր կա, թերևս, կարևորագույն մի կատեգորիա՝ խոսքի արժեքը, պայմանավորվածության գինը, պատասխանատվությունը սեփական՝ նույնիսկ բանավոր խոսքի հանդեպ, եթե այն ամրագրված չէ նույնիսկ որևէ փաստաթղթում, բայց հնչել է ձեռքսեղմումով:

Մինչդեռ, այդ գիտակցումը, կառավարման ու բիզնեսի մշակույթի այդ կարևորագույն բաղադրիչը հատկապես էական է այն երկրների համար, որոնք ունեն ներդրումային գրավչության օբյեկտիվ, այսպես ասած, բնական, անգամ աշխարհաքաղաքական բնույթի խնդիրներ: Դա պահանջում է արտաքին ներդրումային հետաքրքրության և վստահության ձևավորման միտված հավելյալ ջանքի կարիք: Անկասկած է, որ Հայաստանը հենց այդ անհրաժեշտությունն ունեցող երկրներից է:

Ու այստեղ շատ կարևոր է խոսքի ուժը, արժեքը, որպես երկրի ներդրումային վարկի ձևավորման առանցքային բաղադրիչ: Բաղադրիչ, որի հանդեպ խիստ զգայուն և ուշադիր է ցանկացած արտաքին ներդրող՝ անկախ նրանից, թե բիզնես և հասարակական-քաղաքական մշակույթի ու ավանդույթների ինչ միջավայր է ներկայացնում տվյալ ներդրողը: Երբ ձեռք է բերվում որևէ պայմանավորվածություն, ապա ներդրողը պետք է վստահ լինի դրա հանդեպ երկաթյա պատասխանատվության հարցում: Առավել ևս, եթե պայմանավորվածության դիմացի սուբյեկտը ոչ թե համանման բիզնես է, այլ պետություն՝ կառավարություն:

Այստեղ է գլխավորը: Արտաքին որևէ ներդրող պատրաստ է լսել «ոչ»-ը, և շատ դեպքերում դա նույնիսկ կարող են դիտարկել դիմացինի սկզբունքայնության նշան և գնալ փոխզիջումների, բայց այն ելակետով, որ պայմանավորվածությունը սկզբունքային է: Մինչդեռ, լսել «այո», իսկ գործնականում բախվել «ոչ»-ի՝ դա մեծ հաշվով, կոնկրետ ներդրողի հիասթափեցնելուց բացի, դառնալու է ընդհանրապես պետության ներդրումային վստահելիությունը երկարաժամկետ ռիսկի ենթարկող հանգամանք: Հատկապես, եթե խոսքն այնպիսի ներդրողների մասին է, որոնք միջազգային ասպարեզում, իրենց ոլորտներում ունեն տրամադրություն, կարծիք ձևավորելու, եղանակ ստեղծելու ներուժ:

Սա է պատճառը, որ հանրությունից պահանջվում է առավել մեծ ուշադրություն՝ թվում է, թե նվազ «էպատաժ» և դիտարժանություն պարունակող, սակայն հիմնարար հարցերին: Հատկապես, երբ այդօրինակ պատմությունները կարծես թե ստանում են վտանգավոր պարբերականություն՝ հարվածի տակ դնելով Հայաստանի ներդրումային, գործընկերային իմիջը:

Այդպիսի հարվածները, ի տարբերություն, օրինակ, ֆիզիկական բնույթի հարվածների, պետության և առավել ևս՝ հանրության, քաղաքացիների համար չեն լինում տվյալ պահին շոշափելի ու ցավոտ, հետևաբար՝ չեն արժանանում բավարար ուշադրության և կարևորության: Մինչդեռ, առավել խորքային հետևանքի իմաստով այդ հարվածների հետևանքներն են, որ պետությունների համար բարձրացնում են արդեն ֆիզիկական հարվածի ենթարկվելու ռիսկերը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս