Սա է պատճառը, որ հանրությունից պահանջվում է առավել մեծ ուշադրություն՝ թվում է, թե նվազ «էպատաժ» և դիտարժանություն պարունակող, սակայն հիմնարար հարցերին: Հատկապես, երբ այդօրինակ պատմությունները կարծես թե ստանում են վտանգավոր պարբերականություն՝ հարվածի տակ դնելով Հայաստանի ներդրումային, գործընկերային իմիջը:
Հայաստանում կա համոզում, որ կայուն խաղաղության հեռանկարի բացակայությունն էապես ազդում է երկրի ներդրումային գրավչության վրա, քանի որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ կա խաղաղության և կայունության հուսալի հեռանկար: «Ներդրողները հերթ չեն կանգնած մեր դռանը»,- հաճախ հնարավոր է լսել ի պատասխան, երբ փորձ է արվում քննական հայացք գցել Հայաստանի տնտեսական քաղաքականության տրամաբանությանն ու կառուցվածքին:
FDI Intelligence պարբերականը, որը ներառվում է բրիտանական հեղինակավոր Financial Times-ի հրատարակությունների խմբում, օգոստոսի կեսին հրապարակել էր ներդրումների առումով առավել հեռանկարային երկրների ցանկը: Դրա 7-րդ հորիզոնականում, այսինքն՝ առաջին տասնյակում, տեղ էր զբաղեցնում Ադրբեջանը: