
Պետական միջոցների կազմակերպված վատնում ու թալան, որի մասին իմացել են բոլորը՝ Փաշինյանից սկսած

Մինչ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանի հետ փորձում է չոր դուրս գալ պետությանը միլիոնների վնասներ հասցրած ԱՆԻՖ-ի շուրջ ստեղծված խայտառակ պատմությունից ու պատասխանատվությունը դնել ուրիշների վրա, հայտվում է արտասահմաններում թաքնվող ԱՆԻՖ-ի նախկին տնօրենն ու Նիկոլ Փաշինյանին է մեղադրում հետաքրքրությունների ֆոնդի միջոցով իրականացված ծրագրերի ձախողման համար։
Ավելին՝ հասկացնում է, որ նրան չի հաջողվի սեփական կառավարության սխալների պատասխանատվությունը դնել իրենց վրա։
«Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը: Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»,- գրում է ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, որին, տևական ժամանակ իրականացվող քննությունից հետո, վերջերս մեղադրանք առաջադրվեց փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու մեջ։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ստեղծվեց մեծ ակնկալիքներով, որ երկրի տնտեսության մեջ ներգրավելու է օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանելու է խոշոր նախագծեր և զարգացնելու է ենթակառուցվածքները: Հինգ տարի անց այդ ակնկալիքներից մնացել են ձախողված ծրագրերը, սնանկացած բիզնեսներն ու դատական հայցերը։ Արդյունքում՝ փոշիացվել է 25 միլիարդ դրամ:
ԱՆԻՖ-ի շուրջ այս աղմուկը, անշուշտ, նոր չի սկսվել։ Բայց մինչև վերջերս Դավիթ Փափազյանը որևէ կերպ չէր արձագանքում դրան։ Ակտիվացավ այն բանից հետո, երբ իրեն մեղադրանք առաջադրվեց ու հայտարարվեց միջազգային հետախուզում։
Պարզ է, որ ԱՆԻՖ-ի նախկին տնօրենը լավ գիտի, թե տարիներ շարունակ ինչ է տեղի ունեցել այդ կառույցում։ Ու Նիկոլ Փաշինյանին ուղղված նրա ակնարկները կամ նախազգուշացումները բնավ պատահական չեն։
Այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվել են պետական հետաքրքրությունների ֆոնդի միջոցով, անցել են Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակով ու ստացել են նրա համաձայնությունը, գուցե նաև հովանավորվել ու գործարկվել են նրա հորդորով՝ առանց պատշաճ հիմնավորման ու հեռանկարների, դրա համար էլ հայտնվել են այս վիճակում։
Ինչպե՞ս կարող էր Նիկոլ Փաշինյանը չիմանալ, որ ընդամենը 8 օր առաջ ստեղծված կազմակերպությունը պետական բյուջեից 1.5 մլրդ դրամի կամ շուրջ 4 միլիոն դոլարի հատկացում է ստացել։
Չենք խոսում տխրահչակ «Ֆլայ Արնայի» մասին, որի ընդամենը մի քանի ամսվա գործունեությունը պետության վրա միլիոնավոր դոլարներ արժեցավ։ Եվ դա զուտ նրա համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանն օրերից մի օր ամբիոնից հայտարարեր, թե ազգային ավիափոխադրող է ստեղծել, ու այդ առիթն օգտագործեր՝ նախկինների վրա «բոչկա» գլորելու համար։
Հետագայում, իհարկե, տեսանք, թե ինչ էր իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության կողմից ստեղծված ազգային ավիափոխադրողը։
Ազգային ավիափոխադրող ստեղծելու վերաբերյալ բարձրագոչ հայտարարություններից կարճ ժամանակ հետո, նույն Նիկոլ Փաշինյանը ստիպված էր խոստովանել, որ ծրագիրը ձախողել են։ Պետական միջոցները քամուն են տվել։
Բայց մեղավորներին պատժելու փոխարեն՝ սկսեց արդարացումներ փնտրել։
«Շուկայի կոնյունկտուրան որոշակի փոփոխություն է կրել, և ըստ էության, նաև շուկայում նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում՝ հայաստանյան շուկայում, և Fly Arna-ն մրցակցությանը, ըստ էության, չի դիմացել»,- հռչակված երբեմնի ազգային ավիափոխադրողի սնանկացումն այսպես էր արդարացնում Նիկոլ Փաշինյանը:
Թե դրանով ինչո՞ւ և ո՞ւմ էր ուզում ազատել պատասխանատվությունից, այն էլ՝ պետությանը միլիարդավոր դրամների վնասներ պատճառելուց հետո, հավանաբար ինքը լավ գիտեր։ Բայց միայն ինքը չէ, որ գիտեր։ Գիտեին նաև ԱՆԻՖ-ի շուրջ համախմբված այն մարդիկ, ովքեր ստանձնել էին ֆոնդի կառավարման պարտավորությունը։ Ու այսօր, երբ փորձում են որոշ մարդկանց վրա դնել այս ամենի պատասխանատվությունը, զարմանալի չէ նրանց արձագանքը։ Ոչ մեկը չի ուզում քավության նոխազ լինել։ Այն, ինչ կատարվել է ԱՆԻՖ-ի շուրջ, վկայում է, որ սա մեկ կամ երկու մարդու ձեռքի գործ չէ։ Աստեղ պետական միջոցների կազմակերպված վատնում ու թալան է իրականացվել, ինչի մասին իմացել են բոլորը՝ սկսած Նիկոլ Փաշինյանից։
Հենց դրա մասին է նրան փորձում հիշեցնել ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրենը։
Դավիթ Փափազյանը, ով ժամանակին աջ ու ձախ դատի էր տալիս լրագրողներին ու լրատվամիջոցներին՝ նրանց մեղադրելով իր ղեկավարած կառույցը վարկաբեկելու, անհիմն քննադատելու ու պախարակելու մեջ, անշուշտ, մի բարի պտուղ չի եղել ու այս ամենի մեջ ունեցել է մեղքի իր մեծ բաժինը։ Այն, ինչ տեղի է ունեցել ԱՆԻՖ-ում, տեղի է ունեցել նրա անմիջական մասնակցությամբ։ Ու, ինչպես Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, այնպես էլ Դավիթ Փափազյանն արդարանալու հիմքեր չունեն։
Բոլոր նրանք, ովքեր ներգրավված են եղել այս ամենի մեջ, ունեն մեղքի իրենց բաժինը ու պետք է պատասխանատվություն կրեն պետությանը պատճառած վնասների համար, այն էլ՝ հսկայական վնասների համար։
65 մլն դոլարն օդից չէր ընկել, որ ինչպես ուզեին, այնպես ծախսեին։ Դրանք քաղաքացիների ու հարկատուների գումարներն էին, որոնք կարող էին ուղղվել բազմաթիվ այլ, այդ թվում՝ անվտանգային ու պաշտպանական խնդիրների լուծմանը։ Դրա փոխարեն՝ ինչ-որ մարդիկ այդ գումարների հաշվին չարդարացված բարձր աշխատավարձեր են ստացել՝ քիչ է, ներդրումային ծրագրեր են ֆինանսավորել, որոնք ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր են պարունակել, կլանային շահեր են սպասարկել։
Պետության գումարները գնացել են մարդկանց գրպաններ, ովքեր այս կամ այն կերպ կապված են եղել իշխանության ամենաբարձր օղակների հետ։ Ինչքան էլ փորձեն արդարանալ, որ իրենք հովանավորչությամբ չեն զբաղվել, չեն ուղղորդել պետական միջոցներն իրենց յուրայինների «բիզնես պրոյեկտների» մեջ, փաստերն այլ բան են ասում։
ԱՆԻՖ-ի միջոցով իրականացվող ծրագրերի վրա տարիներ շարունակ գովազդային արշավներ էին կազմակերպում՝ քաղաքական ակնկալիքներով, վերջում տեսանք, թե ինչ եղավ։ Ո՛չ ծրագրերը կան, ո՛չ էլ գումարները։ Այդքանից հետո, ոչ մեկը չի ուզում պատասխանատվություն կրել իր արածների ու ձախողումների համար, որոնք թանկ են նստել պետության ու հարկատուների վրա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ