ԱՄՆ դոլարը՝ 430 դրամ․ կառավարությունը սպասում է դոլարի թանկացման
Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո դոլարը Հայաստանում էապես արժեզրկվեց։ Նախկին 480-490 դրամից՝ վերջին երեք տարիներին ամերիկյան արժույթի փոխարժեքը գտնվել է հիմնականում 400 դրամից ցածր մակարդակում։
Այսօր էլ դոլարի փոխարժեքը ցածր է 400 դրամից՝ այս պահին 386-388 դրամի միջակայքում է։
2022թ. հետո Հայաստանի արժութային շուկայում ամերիկյան արժույթը արժեզրկվել է ավելի քան 25 տոկոսով։
Սակայն կառավարությունը սպասում է, որ առաջիկայում դոլարը վերստին կթանկանա։
Ըստ այդմ էլ՝ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում, կառավարության պարտքի հաշվարկների հիմքում դրել են դոլարի 430 դրամ փոխարժեքը։
«Պարտքի հաշվարկի մեջ փոխարժեքը սահմանել ենք 430 դրամ»,- այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ խոսելով կառավարության պարտքի հաջորդ տարվա աճի ցուցանիշների մասին, օրերս հայտարարեց ֆինանսների նախարարը։
Խոսքը, բնականաբար, միջին փոխարժեքի մասին է, ինչը նշանակում է, որ ինչ-որ պահից դոլարի գինը կարող է նույնիսկ 430 դրամից ավելի բարձր լինել։
Թե ի՞նչն է ստիպել կառավարությանը վերջին երեք տարիների մշտական արժեզրկումից ու այսօրվա 388 դրամ միջին փոխարժեքի պայմաններում պարտքի հաշվարկներում դոլարի 430 դրամ հաշվարկային փոխարժեք կիրառել, ֆինանսների նախարարը որևէ բացատրություն կամ մեկնաբանություն չի տվել։ Թվում է, թե այսօրվա իրողությունների պայմաններում փոխարժեքի շուկայում նման սպառնալիքներ չկան։ Արժութային շուկայում դոլարի արժեզրկման ուղղությամբ վերջին շրջանում արտառոց ճնշումներ չեն նկատվում։ Շուկան հանգիստ է, ու փոխարժեքներն արդեն տևական ժամանակ կայուն են։
Այդ պայմաններում, սակայն, կառավարությունը որոշել է, որ պարտքի հաշվարկներում պետք է դոլարի անհամեմատ ավելի բարձր փոխարժեք կիրառի, քան այսօր կա շուկայում։
Սա ոչ այնքան զգուշավորության է, որքան՝ իրավիճակից բխող հետևություն։
Վերջին շրջանում դոլարի արժեզրկման վրա ազդող գործոնները ոչ միայն բավականաչափ թուլացել են, այլև գնալով ակտիվանում են։ Խոսքը, մասնավորապես, արտաքին գործոնների մասին է, որոնք ուղղակի կապ ունեին ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի տնտեսության հետ։
Նվազել են մասնավոր ֆինանսական փոխանցումները։ Դրանք մի պահ հասել էին ռեկորդային բարձր մակարդակի։
Ստացված տրանսֆերտային գումարների մեծ մասը, որոնք առևտրային հոսքերը սպասարկելու նպատակով էին, գալիս էին Ռուսաստանից և հիմնականում ռուսական ռուբլիով, ինչը պահպանվում է նաև այսօր։
Տրանսֆերտային ոլորտի տեղաշարժերը ցույց են տալիս, որ ռուբլին գալիս է Հայաստան, իսկ Հայաստանից դուրս է գնում տարադրամ՝ ռուսական շուկայի ապրանքային հոսքերը սպասարկելու համար։ Այս հատվածում Հայաստանն ունենում է տարադրամային միջոցների կորուստներ, որոնք, սակայն, փոխհատուցվում են ռուսական ապրանքների, վերջերս հատկապես՝ ոսկու վերաարտահանումից ստացված տարադրամով։
Մի պահ ռուսական ոսկու վերաարտահանման արդյունքում Հայաստան միլիարդավոր դոլարների հասնող տարադրամ էր մտնում։ Շատ ավելի շատ, քան տրանսֆերտների տեսքով ռուսական շուկայի ապրանքային պահանջարկը բավարարելու համար դուրս եկող տարադրամային միջոցներն էին։
Հիմնականում այս վերաարտահանումների արդյունքում էր պահպանվում դոլարի փոխարժեքի կայունությունը, նույնիսկ արժեզրկումը։
Սակայն վերջին ամիսներին ռուսական ոսկու վերաարտահանումներն էապես կրճատվել են, կրճատելով այդ հատվածից ստացվող տարադրամը։
Ենթադրվում է, որ արդեն հաջորդ տարի ոսկու վերաարտահանումն ընդհանրապես կդադարի, ինչը նշանակում է, որ կդադարի նաև այդ ճանապարհով ստացվող տարադրամը՝ մեծացնելով ճնշումը դրամի արժեզրկման վրա։
Իհարկե, վերջին տարիներին էապես փոխվել է Հայաստանի ներքին առևտրային հոսքերի սպասարկման տարադրամային պահանջարկի կառուցվածքը։ Եթե մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստանի ներքին պահանջարկը բավարարող ապրանքների ներկրումը Ռուսաստանից իրականացվում էր հիմնականում տարադրամով, հիմա գերակշռում է ռուսական ռուբլին։ Ներմուծվող ապրանքային հոսքերը սպասարկվում են ռուբլիով, ինչը զգալիորեն թուլացրել է արտաքին առևտրի տարադրամային պահանջարկը։
Ռուբլիով է վճարվում ոչ միայն բազմաթիվ ապրանքների, այլև ներկրվող էներգակիրների դիմաց, որը ռուսական ներմուծումների մեջ ներքին սպառողական պահանջարկի բավարարման առումով միշտ էլ ամենամեծ բաժինն է ունեցել։ Սրա արդյունքում արտաքին առևտրի սպասարկման տարադրամային պահանջարկը բավականաչափ նվազել է։
Ենթադրվում է, որ դա կպահպանվի նաև այն բանից հետո, երբ արտաքին առևտուրը վերադառնա բնականոն հուն, և դադարեն վերաարտահանումների վերջին տարիների շարժերը։ Սակայն, եթե նույնիսկ նման բան լինի, միևնույն է՝ դա հազիվ թե բավարարի՝ փոխհատուցելու փոխարժեքի այն ամբողջ փոփոխությունը, որը տեղի է ունեցել վերջին տարիներին։ Կմեծանա ճնշումը դրամի վրա՝ հանգեցնելով տարադրամի թանկացման։
Թե դա ե՞րբ տեղի կունենա, կախված է առաջիկա զարգացումներից։ Բայց այն, որ պարտքի ցուցանիշների հաշվարկի հիմքում կառավարությունը դոլարի անհամեմատ ավելի բարձր փոխարժեք է սահմանել, նշանակում է, սպասում է, որ դրան կարող ենք բախվել արդեն հաջորդ տարի։
Նման հավանականությունը բավական բարձր է։ Գործընթացները, որոնք այս պահին տեղի են ունենում՝ առաջիկայում կարող են էական ճշգրտումներ մտցնել փոխարժեքի շուկայում։
Դրան նպաստում է նաև Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից հետո միջազգային ֆինանսական շուկաներում նկատվող ամերիկյան արժույթի ամրապնդումը։ Թեև դժվար է սպասել, որ համաշխարհային տնտեսության մեջ դոլարը կարող է հետ բերել երբեմնի ունեցած այն դիրքերը, որոնք ուներ 5 կամ 10 տարի առաջ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ