
Քահանաներն ունեն վկայի կարգավիճակ. նրանց բնակարաններից տարել են հարազատներին պատկանող բջջայիններ, համակարգիչներ, գումար. Արմինե Ֆանյան

Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան Քննչական կոմիտեն, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, խուզարկություններ էր իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, նաև Արագածոտնի թեմի առաջնորդարանում։
Խուզարկությունից հետո բերման էր ենթարկվել թեմի առաջնորդը, ում գտնվելու վայրի վերաբերյալ փաստաբանները ժամեր շարունակ տեղեկություն չունեին: Բերման էին ենթարկվել նաև թեմի մեկ տասնյակից ավելի քահանաներ։
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին հաջորդ օրը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորեցին։ Սրբազանին դատարանը մեղադրում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Օրերս Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը պատմել էր, թե վաղ առավոտյան իր տանը տեղի ունեցած խուզարկությունն ինչպիսի վանդալիզմի դեպքերով էր ուղեկցվել։ Այն տեղի էր ունեցել ընտանիքի անդամների, այդ թվում՝ անչափահաս երեխայի աչքի առջև, որի ընթացքում թույլ չէին տվել, որ նույնիսկ քահանան իր գիշերազգեստը փոխի։
Փաստաբան Արմինե Ֆանյանի փոխանցմամբ՝ բերման ենթարկված բոլոր քահանաներն այս պահին ունեն վկայի կարգավիճակ։
«Բերման ենթարկվելիս նույնպես հոգևորականներն ունեցել են վկայի կարգավիճակ, օրենքի սահմաններում ոչինչ տեղի չի ունեցել։ Նրանք չեն ծանուցվել փաստաբանի ներկայությամբ հարցաքննվելու իրավունքի մասին։ Հոգևորականներին բավականին երկար ժամանակ պահել են անազատության մեջ, 11 ժամից ավելի գտնվել են քննչական մարմնում՝ առանց որևէ հիմքի։ Նրանց հետ որևէ դատավարական գործողություն չի իրականացվել, բայց թույլ չեն տվել, որպեսզի լքեն նախաքննական մարմնի շենքը, կարծում եմ՝ արդեն հասկանում եք, թե ապօրինություններն ինչ սահմաններ են հատել։
Անձանց իրավաբանական օգնությունից ոչ միայն զրկել են, այլև փաստաբաններին Երևանի քննչական վարչության շենքի դիմաց որևէ կերպ թույլ չէին տալիս մուտք գործել շենք՝ պաշտպանելու քահանաների իրավունքները։
Ամենակարևորներից մեկը, որը կրկին հիմնարար իրավունքների շարքին է դասվում, այն է, որ քահանաներին զրկել են հնարավորությունից, որպեսզի նրանք տեղեկացնեն իրենց նախընտրած անձին իրենց գտնվելու վայրի մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Ֆանյանը։
Փաստաբանի խոսքով՝ ըստ էության, անհասկանալի ժամեր շարունակ և առանց որևէ բացատրության հիմքերով վկայի դատավարական կարգավիճակով՝ անձանց անազատության մեջ են պահել։ Շատերի հետ եղել են զրույցներ, մի մասի հետ արդեն երեկոյան ժամերին եղել են ապացուցողական գործողություններ, հարցաքննել են։ Քահանաներից շատերը պահանջել են փաստաբանի ներկայություն, սակայն նրանց քննչականում ասել են, որ դրա կարիքը չկա, մի մասին էլ ասել են, որ վկայի կարգավիճակ ունեն, այդ պատճառով իրենց փաստաբան չի կարող տրամադրվել։
Արմինե Ֆանյանը նաև շեշտեց, որ խուզարկությունները ևս ապօրինի են իրականացվել, քանի որ իրականացվող գործընթացների շրջանակներում ընդհանրապես բացակայել է ոչ միայն խուզարկությունների նպատակային նշանակությունը, այլև իրավական հիմքը։
«Քահանաների բնակարաններից վերցվել են նրանց հարազատներին պատկանող բջջային հեռախոսներ, համակարգիչներ, գումար, ինչն ընդհանրապես սրբազանի մեղադրանքի հետ կապ չունի։ Ակնհայտ երևում է, որ ուղղորդված, նպատակադրված ռեպրեսիաներ են իրականացվում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ»,- հավելեց Ա. Ֆանյանը։
Հարցին՝ հոկտեմբերի 15-ից հետո վկայի կարգավիճակ ունեցող հոգևորականներին կանչե՞լ են քննչական մարմին, թե՞ ոչ, Արմինե Ֆանյանը պատասխանեց՝ անձամբ նման տեղեկություն չունի, եթե հրավիրած լինեին, ապա տեղյակ կլիներ։
«Հոկտեմբերի 15-ին անակնկալ բոլոր այս հոգևորականների բնակարաններն այցելել են՝ խուզարկություն իրականացնելու որոշմամբ, որն ակնհայտ անհիմն որոշում է եղել, որը պատրաստվում ենք բողոքարկել։ Վաղ առավոտյան են ներխուժել անձանց բնակարաններ, նրանց ընտանիքի անդամներն ահաբեկվել են, շատերի նկատմամբ ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք՝ և՛ բնակարանների խուզարկության ժամանակ, և՛ քննչական մարմնում։ Իհարկե, եղել է դեպք, որ ընդգծված հարգալից վերաբերմունք է եղել քահանայի նկատմամբ»,- նշեց մեր զրուցակիցը։
Թե ինչո՞ւ են միջազգային իրավապաշտպան տարբեր կառույցներ լռում այս ապօրինությունների վերաբերյալ, այդ թվում՝ ՀՀ-ում գործող տարբեր իրավապաշտպան կազմակերպությունները, Արմինե Ֆանյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ տարբեր անձինք ու իրավապաշտպան կազմակերպություններ տարբեր նպատակներ են հետապնդում։
«Եթե այս կամ այն հարցի լուսաբանումը, դրա վերաբերյալ կարծիք արտահայտելն այդ պահին իրենց հետաքրքրությունների շրջանակում է, ապա դրա մասին աղաղակում, աղմկում են, հավանաբար այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում չէ, սա իմ անձնական կարծիքն է։ Կարևորը՝ պաշտպանական թիմն իր ջանքերն ուղղել է, որպեսզի բոլոր հոգևորականների խախտված իրավունքները վերականգնվեն»,- ընդգծեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե մտավախություններ չունե՞ն, որ «սահուն» կերպով վկայի կարգավիճակ ունեցող հոգևորականները կարող են հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, Արմինե Ֆանյանը պատասխանեց՝ որևէ բան չի կարող բացառել, բոլորն էլ տեսնում են իրադարձությունների զարգացումը, անձինք ոչնչի համար ազատազրկման են դատապարտվում։
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոչնչի համար դատապարտվեց ազատազրկման, հետևաբար՝ ապօրինությունների այս շղթան կարող է շարունակվել, որևէ բան չենք կարող բացառել։ Բոլոր քահանաները վկայի դատավարական կարգավիճակով հարկադրաբար են բերման ենթարկվել քննչական մարմին, այն դեպքում, երբ նախապես առհասարակ չէին ծանուցվել՝ հարցաքննության ներկայանալու համար։ Չենք կարող ասել, թե այս իրադարձությունների շղթան ինչպես կզարգանա»,- շեշտեց Արմինե Ֆանյանը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի այս գործողություններն իրականացվել են Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Տեր Արամը հայտարարել էր, որ 2021 թվականին իրեն ստիպել էին մասնակցել քաղաքական հավաքների։
Հաղորդումը Դատախազություն էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։
Հոկտեմբերի 16-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք։ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը ևս դատարանի որոշմամբ 1 ամիս ժամկետով կալանավորված է։