
Եթե ԳՇ-ն կողմ է այս որոշմանը, պարտավոր է բացատրել՝ ինչ հաշվարկներով և պաշտպանական մեխանիզմներով է պահելու բանակի մարտունակությունը. Վիտալի Մանգասարյան

Վիտալի Մանգասարյանը գրում է. «Հայաստանում ժամկետային զինվորական ծառայությունը 2 տարուց 1.5 տարի դարձնելու նախաձեռնությունը, որ ներկայումս փորձ է կատարվում ներկայացնել որպես կարևոր բարեփոխում, իր բովանդակությամբ ունի միայն քաղաքական խորություն։ Այն է , ամեն գնով հաղթել առաջիկա ընտրություններում և զուգահեռ իրականացնել Բաքվից հնչող պահանջները:
Այլ տարբերակ չեմ տեսնում, քանի որ այսպիսի ճակատագրական որոշում կայացվում է առանց որևէ հիմնավորման կամ հաշվարկի։ Ո՛չ հանրությանը, ո՛չ մասնագիտական հանրույթին չեն ներկայացվել ոչ վիճակագրական տվյալներ, ոչ ռազմավարական գնահատականներ, որոնք ցույց կտան, որ այս կրճատումը չի վնասելու զինված ուժերի կարողություններին:
Ակնհայտ է, որ նախաձեռնության հիմքում դրված է ոչ թե պետության պաշտպանունակությունը բարձրացնելու, այլ ընտրություններից առաջ հասարակության որոշակի շերտին ականջահաճո բաներ ասելու նպատակ։ Իշխանությունը հերթական անգամ փորձում է հանրային սիմպատիաներ վաստակել բանակի հաշվին, զուգահեռ Բաքվին ցույց է տալիս, որ մի անհանգստացեք, ասե´լ եք, կանե´նք:
Մտահոգիչ է նաև, որ մինչ այս պահը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբից որևէ արձագանք չի հնչել։ Անհասկանալի է՝ գլխավոր շտաբը կողմ է այս որոշմանը, թե դեմ։ Իսկ եթե կողմ է՝ ուրեմն հանրությանը պարտավոր է բացատրել, թե ինչ հաշվարկներով և ինչ պաշտպանական մեխանիզմներով է հնարավոր պահել բանակի մարտունակությունը ժամկետային ծառայության կրճատման պայմաններում։
Հիշեցնեմ, որ դեռևս 2024 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի եթերում հայտարարում էր, թե համապարփակ պաշտպանության կոնցեպտը արդեն ընդունվել է ԱԱԽ համապատասխան նիստում, և ինքն անձամբ կողմ է դրա ներդրմանը, և ըստ իշխանության տրամաբանությն, հենց այդ կոնցեպտի ներդրումից հետո հնարավոր կլիներ մտածել ժամկետային ծառայության կրճատման մասին։ Սակայն անցել է մեկ տարուց ավելի, և ոչ մի գործնական քայլ չի արվել այդ ուղղությամբ։ Փոխարենը՝ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ հիշել է իր «խոստումը» և որոշել այն կյանքի կոչել:
Հայաստանի ղեկավարությունը փաստացի պատրաստ է անտեսել նույնիսկ պաշտպանական համակարգի կենսական շահերը, եթե դրանով հնարավոր է վաստակել մի քանի հարյուր կամ հազար ձայն ավել։
Բանակը չի´ կարող դառնալ քաղաքական պոպուլիզմի գործիք, ինչպես նաև Հայաստանի անվտանգային համակարգի վերաբերյալ որոշումները չի´ կարող պարտադրվել այլ երկրի կողմից, ինչքան էլ այդ երկրի ղեկավարը «կիրթ»և «կառուցողակն» լինի»: