Հայ-ադրբեջանական ամենագաղտնի օպերացիան՝ հրապարակային կոդերով

«Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների ու ինժեներների խումբը, մեր ակտիվ աջակցությամբ, համատեղ աշխատում է սահմանային գետերի ինտեգրված ջրային կառավարման սխեմայի վրա»,- օրերս իր գրառմամբ տեղեկացրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։

Այս լուրն ուշադրության է արժանի ոչ միայն այն առումով, որ ադրբեջանցիների հետ հայ մասնագետների կողմից համատեղ ինչ-որ գործողություն իրականացնելու մասին տեղեկանում ենք Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից։ Եվ ոչ միայն այն տեսանկյունից է ուշադրության արժանի, որ խոսքը ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ռեսուրսների համատեղ կառավարման սխեմայի մշակման մասին է մի պետության մասնագետների հետ, որն ամեն օր մեր երկրին սպառնում է պատերազմով և Հայաստանը ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջան», այլև ժամանակ առ ժամանակ հիշեցնում է իր «երկաթե բռունցքի» մասին։

Հայ-ադրբեջանական այս «համատեղությունն» իրականում շատ ավելի խորքային դրսևորումներ ունի, քան ջրային ռեսուրսների կառավարումը։ Բայց այդ գլոբալ համատեղության մասին որևէ դեսպան գրառում չի կատարում, որովհետև դրա վերջնանպատակները հրապարակման ենթակա չեն։

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների գործողությունների սինխրոնությունն ամենաշատն արտահայտվում է Արցախի հայկականության ոչնչացման հարցում։

Կարդացեք նաև

Ընդ որում, դա արվում է հստակ դերաբաշխմամբ: Հայաստանի իշխանությունը՝ պաշտոնական ուղերձներից մինչև իշխանական կեղտոտ քարոզչություն, հետևողականորեն ամեն ինչ անում է հայ հասարակության գիտակցությունից Արցախի մասին հիշողությունը հեռացնելու համար՝ այդ ճանապարհին կանգ չառնելով որևէ բարոյական արգելքի առջև։ Դրան զուգահեռ, գրեթե համաժամանակյա ռեժիմով Ադրբեջանի իշխանությունը զբաղված է Արցախում հայկական հետքի մասին վկայող բոլոր հուշարձանների ոչնչացմամբ։

Նախօրեին, օրինակ, «Գեղարդ» հիմնադրամը տեղեկացրել է, որ արցախահայերի բռնի տեղահանումից հետո, ոչնչացվել է նաև Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը, ինչի մասին վկայող լուսանկարները տարածել են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։ Իսկ երեկ Monument Watch կազմակերպությունը հայտնել է, որ վնասվել է Ստեփանակերտում գտնվող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, և հիմա Ադրբեջանում ակտիվորեն քննարկվում է այն ոչնչացնելու հարցը՝ որպես «հայկական անջատողականության խորհրդանիշ»։ Սրանք ադրբեջանցիների կողմից Արցախում հայկական հետքը ոչնչացնելու երկար ցանկի ընդամենը երկու օրինակներ են։

Արցախի հայկականության ոչնչացումն իրականում հայ-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որում Ադրբեջանը զբաղված է հայկական մշակութային ժառանգության, հուշարձանների, գերեզմանատների ֆիզիկական ոչնչացմամբ, իսկ Հայաստանի իշխանությունը ստանձնել է հայ հասարակության հիշողությունից դրանք ջնջելու ստորագույն պարտականությունը, որը Նիկոլ Փաշինյանը ձևակերպում է՝ որպես «սոցիալ-հոգեբանության փոփոխություն»։

Ջրային ռեսուրսները, իհարկե, հարստություն են, և հասկանալի է, որ Ադրբեջանը պետք է ցանկանա «համատեղ օգտագործման» անվան տակ տիրանալ նաև հայկական աղբյուրներին։ Ավելին, Ալիևը բազմիցս հայտարարել է նաև Սևանա լճին տիրանալու իր նկրտումների մասին: Բայց շատ ավելի թանկարժեք ու դրամական չափման չենթարկվող ռեսուրս է նաև հանրային հիշողությունը, որի ոչնչացումը բազմապատիկ ավելի կարևոր է Ադրբեջանի համար, քան հայկական աղբյուրների քաղցրահամ ջուրը։

Հենց դա է «Իրական Հայաստանի» փաշինյանական այլաբանության իրական նպատակը, որը հայ-ադրբեջանական ամենագաղտնի օպերացիան է՝ փաթեթավորված «սոցիալ-հոգեբանական» հրապարակային կոդերով։   

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս