Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ. Պուտինը՝ Փաշինյանին

Քիչ առաջ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրմանը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն այն որոշակի դժվարություններ է առաջացնում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված։

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նաև հստակ ասել է՝ «Մեկ այլ կազմակերպությանը միանալու ընթացակարգի մեկնարկի մասին օրենքի ընդունումը նշանակում է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին հայտարարություն»:
Նա առաջարկել է հայ ժողովրդին ընտրության հնարավորություն տալ ԵՄ-ին անդամակցելու հարցում և հարցնել նրանց, թե ինչ են ուզում։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Պուտինը Փաշինյանին ասել է․

  • «Որքան շուտ Հայաստանը որոշակիություն մտցնի ԵՄ-ին անդամակցելու հարցում, այնքան լավ: Մոսկվային հարկավոր է հասկանալ, թե ինչպես զարգացնել հարաբերություններն այսուհետ։
  •  ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է երեք անգամ, իսկ արտահանումը միության երկրներ՝ 10 անգամ։
  • Պուտինը Ռուսաստանն անվանել է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ 2026 թվականի սկզբից երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,6 միլիարդ դոլար։
  •  Հայաստանի ձգտումը դեպի ԵՄ երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում գտնվելով պայմանավորված։
  • Պուտինը նշել է խաղաղ ատոմի, տրանսպորտի և թվային տնտեսության ոլորտներում համատեղ նախագծերը։
  • Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա պատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի հիմնարար շահերին։
  • Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ իրենք բազմիցս քննարկել են Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու մտադրության հարցը։
  • Ռուսական ընկերությունները ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և երկրի բյուջեի խոշորագույն հարկատուներն են»։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին հանդիպմանը հայտարարեց․

  • «Հակամարտության ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները այլ իմաստ ունեին։ Այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, անհրաժեշտ է նորովի նայել իրավիճակին։
  • Հայկական կողմը վերանայել է իրավական շրջանակը և որևէ խախտում չի հայտնաբերել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ԵԱՏՄ-ի նկատմամբ՝ կապված ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրության մասին օրենքի ընդունման հետ։
  • Հայաստանը չի հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Պայմանագիրը հստակ սահմանում է դուրս գալու ընթացակարգը. պետությունը պետք է վեց ամիս առաջ տեղեկացնի։
  • Պայմանագիրը չի պարունակում որևէ դրույթ, որը թույլ կտա անդամ պետությանը հեռացնել ԵԱՏՄ-ից։
  • ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին օրենքն ընդունելով՝ իշխանությունները փաստացի հրաժարվել են այս փուլում հանրաքվե անցկացնելու գաղափարից, քանի որ հարցը դեռևս հասունացած չէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930