«Հյուսիս-Հարավ» միջանցքն Իրանի համար քաղաքական մեծ նշանակություն ունի. Արամ Շահնազարյան

Կապանում «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագրով փորձագիտական եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հերթական անգամ հիշեցրել է իր երկրի դիրքորոշումը կոմունիկացիաների բացման հարցում, որ Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այսինքն, իրանական կողմը դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և միջանցքային տրամաբանության:,

Իսկ օրեր առաջ, իրանական լրատվամիջոցներին հղում անելով, ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, թե անհրաժեշտ է արագացնել Ադրբեջանի հետ սահմանային միջանցքի կառուցման նախագծի իրականացումը և ավարտին հասցնել «Հյուսիս-Հարավ»  միջանցքի շինարարությունը։

168.am-ը Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ որքանո՞վ է կարևոր այս միջանցքն Իրանի համար, և ոչ միայն:

– Նախ պետք է հաշվի առնենք այն փաստը, որ Իրանի 14-րդ կառավարության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն է, այս մասին պաշտոնը ստանձնելուց հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Իրանի ԱԳ նախարար Արաղչին:

Կարդացեք նաև

Իրականում սա նախորդ կառավարության տարածաշրջանային քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, որը լուրջ քայլեր ձեռնարկեց հարևան երկրների, մասնավորապես՝ Պարսից ծոցի արաբական երկրների հետ առկա խնդիրները և հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Իրանի` Ադրբեջանի հետ հարաբերությունների ընթացքը նույնպես տեղավորվում է հենց այդ քաղաքականության տրամաբանության սահմաններում։ Իսկ ինչ վերաբերում է նախագահ Փեզեշքիանի այն հայտարարությանը, թե Իրանը ցանկանում է արագացնել Ադրբեջանի հետ սահմանային միջանցքի կառուցման նախագիծը և ավարտին հասցնել «Հյուսիս-Հարավ» միջանցքի շինարարությունը, պետք է նշեմ, որ այդ նախագիծը տնտեսական առումով մեծ նշանակություն ունի Իրանի համար։ Բավական է հաշվի առնենք այն փաստը, որ դեպի Ռուսաստան Իրանի արտահանումների ճնշող ծավալն իրականացվում է հենց Ադրբեջանի տարածքով։ Դրանից բացի, Իրանի համար այդ միջանցքն ունի նաև քաղաքական մեծ նշանակություն։ Պաշտոնական Թեհրանում կարծում են, թե Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը կհանգեցնի Բաքվի հետ ավելի կայուն և կանխատեսելի հարաբերությունների` որոշակիորեն նվազեցնելով Իրանի անվտանգային մթնոլորտի դեմ Ադրբեջանից եկող սպառնալիքները։

– Իրանի նախագահը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 համաժողովին, իրանական կուլիսներում ի՞նչ են խոսում, ի՞նչ հարցեր է փորձելու Իրանը լուծել այս այցի շրջանակում, քանի որ Մասուդ Փեզեշքիանը մի քանի հանդիպում է ունենալու, որոնց մասին մանրամասներ դեռ հայտնի չեն:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ COP29-ի գագաթնաժողովին նախագահ Փեզեշքիանի մասնակցելու վերաբերյալ որոշումը միանշանակ չի ընդունվել Իրանի քաղաքական, փորձագիտական և լրագրողական շրջանակների կողմից։ Նրանք քննադատական մոտեցում են ցուցաբերել` ընդգծելով հատկապես այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք թաքնված են այդ մասնակցության թիկունքում։ Նրանք մատնանշում են հատկապես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի մասնակցությունը COP29-ին` հիշեցնելով երկու երկրների հակամարտությունը, Իսրայելի հակաիրանական գործողությունները և ագրեսիան Գազայի ու Լիբանանի դեմ։

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ հարցեր է փորձելու լուծել Փեզեշքիանը՝ մասնակցելով գագաթնաժողովին, կարելի է ենթադրել, որ փորձելու է ներկայացնել Իրանի մոտեցումներն ու տեսակետներն ամենատարբեր հարցերի վերաբերյալ և գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հնարավոր հանդիպումներն օգտագործել պայմանավորվածությունների և հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

– Ըստ էության, Իրան-Իսրայել հակամարտության մասին լուրերը դեռ օրակարգային են, այդ թվում՝ Իսրայելին հարված հասցնելու հարցը:

Այո, դրանք շարունակում են մնալ օրակարգային։ Իրանի տարբեր պաշտոնյաների, հատկապես երկրի Գերագույն հոգևոր առաջնորդի հայտարարությունից հետո կարելի է ենթադրել, որ Իրանը վճռական է պատասխանելու իր ինքնիշխան տարածքի դեմ Իսրայելի ոտնձգությանը։ Այս համատեքստում սակայն պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ դա դեռևս չի նշանակում, որ Իրանը հենց այսօր կամ վաղն ուղղակի հարված է հասցնելու Իսրայելին։ Ինչպես նշել են իրանցի պաշտոնյաները, դա տեղի կունենա հարմար ժամանակին և հարմար միջոցով։ Այնպես որ, պետք է սպասենք տարածաշրջանային, ինչպես նաև արտատարածաշրջանային զարգացումներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են ազդել Իսրայելին հարվածելու՝ Իրանի որոշման վրա։

– Վերադառնանք Իրան-Ադրբեջան հարաբերություններին: Օրերս Կասպից ծովում Ադրբեջանը և Իրանը համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացրել («AZIREX-2024»)։ Իրանական «Մեհր» գործակալությունն այս մասին պատմող նյութում Նախիջևանը ներկայացրել է՝ որպես Իրանի տարածք, ինչն ադրբեջանական կողմը համարել էր սադրանք: Արդյո՞ք սա պատահականություն էր կամ սովորական վրիպակ: իԻ դեպ, Նախիջևանն ինչ նշանակություն ունի Իրանի համար, որի մասին ավելի քիչ է խոսվում, քան, թե ինչ արժեք ունի Սյունիքն Իրանի համար:

– Կարծում եմ, որ նման «վրիպումները» կամ «լեզվական սայթաքումները» հենց այնպես, պատահական չեն լինում։ Սա, ես կասեի՝ զգուշացում և հիշեցում էր՝ ուղղված Ադրբեջանին առ այն, որ եթե Բաքուն փորձի հատել Հարավային Կովկասում Իրանի ընդգծած կարմիր գծերը, ապա Իրանը կարող է վարվել այլ կերպ։ Չմոռանանք, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ հաստատելու համար կախում ունի իրանական պետությունից:

Տեսանյութեր

Լրահոս