Այդպիսի լուրջ քաղաքական անցյալ ունեցող գործիչը պետք է ավելի զգույշ լիներ նման հարցերում․ վրացագետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անձնական ֆեյսբուքյան էջում «Adjara Voyage» տուրիստական գործակալության գրառման վերահրապարակումը շարունակում է քննարկումների ծիրում մնալ։
Հիշեցնենք՝ վրացական տուրիստական ընկերությունն առաջարկում էր շրջագայություն դեպի Հայաստան, մասնավորապես, Լոռի և Տաշիր՝ հետևյալ կից գրառմամբ․ «Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը, ցավոք, մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք խորհրդավոր, հավերժ և Մեծ Վրաստանը»,- նշված էր «Adjara Voyage» տուրիստական գործակալության գրած նկարագրությունում՝ հավելելով, որ «տխուր, բայց պարտադիր շրջագայություն է»։
Ու թեև զբոսաշրջային ընկերությունն օրեր անց վերախմբագրված ձևով էր ներկայացրել գրառումը՝ առաջարկելով «վրաց-հայկական պատմությունների զարմանալի սինթեզ ճանապարհորդի հետ», սակայն Վրաստանի նախագահը չէր շտապել հեռացնել գրառումը։
Արդյո՞ք այս առնչությամբ պաշտոնական Երևանից պետք է լինի համապատասխան արձագանք՝ 168․am-ի հարցադրմանն ի պատասխան՝ վրացագետ Ջոնի Մելիքյանը նշեց․
«Անձնական էջում է գրառումը տարածել․ դա Վրաստանի պաշտոնական մոտեցումը չէ, քանի որ Վրաստանում գործադիրը «Վրացական երազանքի» կողմից ձևավորված կառավարությունն է, ուստի սա իր անձնական կոռեկտության տիրույթում պետք է դիտարկել։ Ըստ իս, այդպիսի լուրջ քաղաքական անցյալ ունեցող գործիչը պետք է ավելի զգույշ լիներ նման հարցերում, բայց կա այն, ինչ կա։ Չեմ կարծում՝ պաշտոնական Երևանը պետք է որևէ ձևով այս ամենին արձագանքի»։
Վրացագետի կարծիքով՝ հարցը կարող է քննարկվել Վրաստանում հայկական կազմակերպությունների, քաղհասարակության ներկայացուցիչների կողմից, սակայն դա էլ պետք է արվի զուսպ՝ հաշվի առնելով Վրաստանում հետընտրական պրոցեսների համատեքստում ինչ-ինչ ուժերի կողմից հայկական գործոնի հնարավոր շահարկումը և Երևանի ու Թբիլիսիի միջև առկա դինամիկ, կառուցողական հարաբերությունները։
Սալոմե Զուրաբիշվիլիի գրառումը պե՞տք է դիտարկել հենց այդ հետընտրական գործընթացների, հայկական գործոնի համատեքստում՝ մեր հստակեցմանն ի պատասխան էլ՝ Ջոնի Մելիքյանը նկատեց․
«Հուսանք, որ կապ չունի, քանի որ, եթե կապ ունի, շատ վատ ճանապարհ է ու խոցելի իրավիճակ է ստեղծվում թե՛ մեզ համար, թե՛ Վրաստանի կառավարության»։