Ագահությունը
Նկատելի է, որ մարդ երբևէ չի ցանկանում խոստովանել իր ագահությունը, այլ հրաժարվում է ընդունել, որ ինքն այդպիսի մոլության կրող է։ Շատ ճիշտ է խոստովանահոր այն բացահայտումը, թե շատերը խոստովանում են իրենց բոլոր մեղքերը՝ բացի ագահությունից: Ձեզնից շատերը թերևս հանդիպած լինեն անձանց, որոնք խոստովանում են, որ իրենք բարկասիրտ, վրեժխնդիր ու ոխակալ են, սակայն երբևէ հանդիպե՞լ եք մի մարդու, որն ինքն իրեն կամբաստանի ագահության համար: Չեմ կարծում, որ հանդիպած լինեք:
Թերևս նույնիսկ հանդիպեք այնպիսի ագահ մարդկանց, որոնք հուզումնալից շեշտադրությամբ ճառախոսում են ուրիշների ագահության դեմ՝ առանց գիտակցելու, որ իրենք իրենց խնայամոլությամբ արդեն իսկ դասվել են ագահների շարքը և իրենց ագահության մասին առասպելներ են հյուսվում:
Ագահի աչքերը բանալու մեկ եղանակ կա, այն է՝ հարցին մտերմաբար մոտենալ, համարձակորեն ասել նրան այն ամենը, ինչն ամենքն էլ գիտեն, սակայն ինչը որ, դժբախտաբար, ինքն իր մասին չգիտի: Հարկ է շոշափելի փաստերով ցույց տալ, որ նա այդ ամոթալի մոլության գերին է դարձել:
Այդուհանդերձ մի՛ ակնկալեք, որ կկարողանաք բոլորովին հաջողել ձեր այդ ձեռնարկը: Գուցե դուք նրան ձեր դեմ հանեք և թերևս նույնիսկ նա խզի իր հարաբերությունները ձեզ հետ: Բայց մի՛ ընկրկեք, դուք կատարե՛ք ձեր պարտականությունը, վստա՛հ եղեք, որ նա երբևէ չի մոռանա ձեզ, քանի որ ձեր հասցրած վերքը միշտ բաց կմնա նրա սրտում:
Ճշմարիտ քրիստոնյան նա է միայն, ով կարողանում է զերծ մնալ ագահությունից: Այս պահին ևեթ յուրաքանչյուր ոք թող հարցնի ինքն իրեն՝ արդյո՞ք ինքը կարող է իրապես ճշմարիտ քրիստոնյա համարվել: Ուրեմն քաջություն ունենանք՝ ինքներս մեզ քննելու, և այս պահին իսկ հարցնենք. «Այս մոլությունն իսկապես ի՞մն է, իսկապե՞ս ագահ եմ ես»:
«Ագահ» բառը բավականին կոպիտ է հնչում, և ես հույս ունեմ, որ այն ինձ չի պատշաճում: Սակայն կան մարդիկ, որոնք, անտարակույս, ագահ են: Պետք է քննել սեփական անձը և քաջություն ունենալ ճշմարտությունը երևան հանելու: Քննի՛ր, թե դու պատրա՞ստ ես: Կան ձեռնարկներ, որ ես սիրում եմ և որոնց հաջողության համար միշտ սրտագին մաղթանքներ եմ հնչեցնում: Սակայն արդյո՞ք այդ ձեռնարկներն իմ հաշվեցույցի մեջ նույնքան տեղ ունեն, որքան սրտիս մեջ….
Այո՛, անկասկած. փա՜ռք Աստծու, երբեմն այդ գործերի հաջողության համար ես դրամ եմ տալիս: Օրինակ՝ կիրակի օրերին եկեղեցու գանձանակի ու մատուցված սկուտեղի մեջ անպայմանորեն իմ լուման եմ գցում և բնավ չեմ անտեսում նաև ինձ մեկնված՝ որբերի ձեռքերը…
Սակայն իրականում իմ տվածն ի՞նչ է, ճշգրիտ հաշվարկ արե՞լ եմ ու կարո՞ղ եմ գոնե մոտավորապես ասել, թե տարեկան իմ նվիրատվությունների համագումարն ինչքան է: Եթե այդ հաշվարկը չեմ արել, իմ գործերի համար, սակայն, հաշվարկ արե՞լ եմ, որպեսզի ինձ համար շահույթ ապահովեմ: Եվ եթե կամենամ համեմատել իմ նվիրատվությունների համագումարը հաճույքներիս բավարարման համար արված մսխումներիս հետ, պիտի կարողանա՞մ առանց կարմրելու արդարացնել ինքս ինձ:
Վերջապես, ես ինչպիսի՞ զգացողություն եմ ունենում, երբ գալիս է առատաձեռնություն ցուցաբերելու պահը: Ո՞րն է իմ առաջին տպավորությունը, երբ ինձ հայտնում են օգնության որևէ հանձնախմբի այցելելու մասին: Ի՞նչ ընդունելություն եմ ցույց տալիս այդ հանձնախմբերի ներկայացուցիչներին: Ի սրտե տալի՞ս եմ խնդրվող կամ ակնկալվող գումարը:
Հիսուս ասել է, որ «երանելի է մանավանդ տալը, քան վերցնելը» (Գործք. 20:35): Ես երբևէ փորձե՞լ եմ այդ «տալու» երջանկությունը: Օգնության նպատակով դրամ տալու ժամանակ սրտնեղությո՞ւն եմ ցուցաբերում, թե՞ բարեհոժարություն:
Այս բոլոր հարցումները շա՜տ պարզ են: Եթե գիտակցաբար այս հարցումներն ուղղենք ինքներս մեզ, ապա դրանք մեզ կօգնեն՝ լուծելու ագահության վերաբերյալ հարցադրումը: Արդ, ագա՞հ եմ ես, թե՞ ոչ:
Գ․
Այդ հարցն ամեն գնով հարկ է լուծել, քանի որ այդ հարցի խորքում հոգու փրկության հարցն է: Մեր մոլություններից շատերը մեր կրած դառնությունների հետևանքով են և ժամանակի ընթացքում հանդարտվում են:
Ագահության համար, սակայն, չի կարելի նույնն ասել: Եթե ուշադրություն չդարձնենք դրամի հանդեպ սիրուն և չպայքարենք այդ մոլության դեմ, ապա այն տարեցտարի կմեծանա ու երկաթյա շղթաների պես կծանրանա մեզ վրա, հետզհետե կտիրի մեր հոգուն, կխոցի և կավերի մեր բոլոր առաքինություններն ու նույնիսկ մեր բոլոր ազնիվ ձգտումները: Եվ վերջում՝ ծերության մեջ արդեն, այդ մոլությունը մեր մտքում մի տեսակ խելագարության նշաններ է առաջացնում՝ որպես շղթայակապ գերության հետևանք:
Իսկապես, որքան այդ մոլությունը տիրում է հոգուն, այնքան ավելի է ցամաքում սիրտը: Նկատելի է, որ ագահ մարդն այնքան չի տխրում իր սիրելիին կորցնելու ժամանակ, որքան սգում է հարստության կորստի դեպքում: Ագահի հոգին իր կուռքն ունի, իսկ Աստված չի կարող թագավորել այնտեղ, ուր կուռքերն են «իշխում»: Պետք է կա՛մ խորտակել կուռքը, կա՛մ վանել Աստծուն, և ագահն անմտորեն վանում է Աստծուն:
Թեև ագահ մարդը գիտի առերես պահպանել բարեպաշտական սովորությունները, սակայն նա իրականում կռապաշտ է: Նա միայն բարեպաշտության կեղևն է պահում, բայց կեղևի տակ եղող հյութը չորացած է, և ծառն էլ կյանք չունի:
Մարդու մեջ խիղճը գերազանցապես կրոնական կարողություն է: Ագահն իր բռնակալ մոլությամբ այդ կարողությունը խոշտանգում է, թեև սկզբում փորձում է «համաձայնության գալ» նրա հետ: Սակայն խիղճը նմանատիպ ոչ մի «համաձայնություն» չի ճանաչում, այն ուժգնորեն բողոքում է, և երբ նրա բողոքներն անլսելի են մնում, այլևս լռում է: Իսկ երբ խիղճը լռում է, նշանում է, որ ագահ մարդու մեջ հոգևոր կյանք այլևս չկա:
Դրանից հետո ագահ մարդը որևէ կերպ չի մերժում Աստծուն, քանի որ Աստված նրանից ոչինչ չի խնդրում: Այդուհետ ագահի սիրտը կարող է հանգիստ քնել մինչև հավիտենական արթնացումի օրը:
Երբ սիրտը զորանում է, իսկ խիղճը՝ լռության մատնվում, ագահը դառնում է կատարելապես անզգամ, անխիղճ, կարծրասիրտ մեկը, որ միայն իր անձի մասին է մտածում և հոշոտող գայլի նման լափում է ամեն բան:
Պետք է հոգին ազատել այդ ողբալի վիճակից: Մարդ իր կոչումն ունի. նա Աստծու որդին է և նախասահմանված է երկնքի համար: Ագահությունն այդ կոչման իրականացման մեծագույն արգելքն է: Ագահության երկրաքարշ շղթաները փշրելու մեկ միջոց կա. մարդ, փոխանակ իր հարստությունն ուսերի վրա առնելու, պետք է ոտքի կոխան դարձնի այն:
Որքան ժամանակ այդ հարստությունը նրա ուսերին է, նա պիտի կքած լինի՝ անկարող լինելով գլուխը վեր բարձրացնել երկնքի անպատում շնորհները վայելելու համար: Եթե մարդ կարողանա ոտքի տակ նետել իր հարստությունը, այդժամ այդ հարստությունը նրան կբարձրացնի մինչև երկինք, մինչև կատարելություն:
Միով բանիվ՝ մենք դրամին գերի լինելու փոխարեն դրամը մեզ գերի դարձնենք և այդպիսով խորտակած կլինենք ագահության շղթաները: Արդ, խորտակե՛ք այդ շղթաները վեհանձնության և առատաձեռնության զորությամբ, ո՜վ դուք, որ տառապում եք ագահության վերքերի պատճառով: Խորտակե՛ք այդ շղթաները, որպեսզի ձեր հոգին երկրի վրա Աստծու որդիներին հատուկ փառավոր ազատությունը վայելելուց հետո վեր սլանա դեպի երկնքի կատարյալ ազատությունը:
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

