Այս իշխանության առաջարկած իրական Հայաստան ասվածը դա Արևմտյան Ադրբեջան է. Արման Աբովյան

Ուզում եմ շնորհավորել «Վրացական երազանք» կուսակցությանը՝ տարած հաղթանակի համար. այդ կուսակցությունը և նրանց ձայն տված վրաց ժողովուրդն ապացուցեցին՝ հնարավոր է կապիտալիզացնել ազգային, պետական շահը և դա անել ամեն մարդու ենթագիտակցության մեջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին, նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Արման Աբովյանը՝ ընդգծելով, որ Վրաստանում մեծամասնությունը, ըստ էության, հասավ այն ընկալման, որ պետություն պահպանելու, պետություն ունենալու համար չի կարելի այն դիտարկել՝ որպես մեծ ճաշարան, որտեղ բոլորը հաց են ուտում կամ աշխատում։

«Եկեք հիմա համեմատենք, թե ի՞նչ է արվում Հայաստանում, ի՞նչ քարոզ է տարվում մեր երկրում։ Գիտե՞ք, որքան էլ ցավոտ էլ հնչի, բայց պետք է ասեմ՝ այսօր պետական դոկտրին են հռչակել կերը, ոչ թե ուտելիքը, մինչդեռ Վրաստանում Իվանիշվիլու կուսակցությունը կարողացավ մեծամասնությանն ապացուցել, որ եթե նույնիսկ ուզում ես կեր ունենալ, ապա դրա միակ տարբերակն ազգային պետություն ունենալն է»,- ասաց Աբովյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետություն կառուցվում է ազգային և պետական շահի համադրությամբ, իսկ երբ հակադրում են ազգային և պետական շահերը, ապա պետությունը դադարում է գոյություն ունենալ։

Կարդացեք նաև

«Պետությունն այդ տարբերակով պայթում է։ Արևմուտքը հենց այդ հակադրությունն էր ուզում ունենալ Վրաստանում և այդ նույն Արևմուտքը պարտվեց հենց այդ հակադրության մեջ։ Արևմուտքն ասում էր հետևյալը՝ Վրաստա՛ն, դու շատ պուճուրիկ երկիր ես, պուճուրիկ գործոն, ուստի միակ տարբերակդ ազգային և պետական շահերը մոռանալն է՝ հանուն կերի, ինչը տեղի չունեցավ»,- ընդգծեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ վրացիներն ընտրեցին վրացամետ քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Աբովյանի, տրամագծորեն հակառակ բանն է կատարվում մեր երկրում, որովհետև Հայաստանի իշխանությունն ընտրել է ոչ թե հայկական շահը, այլ՝ լրիվ այլ բան։

«Հայաստանի իշխանությունն ուղղակի վարում է պրոփաշինյանական արտաքին քաղաքական վեկտոր։ Այս իշխանության առաջարկած իրական Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջանն է»,- ասաց Արման Աբովյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս