Փաշինյան-Պուտին Բիշքեկի հանդիպումը՝ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի փուլում. Ի՞նչ օրակարգ ուրվագծեց Կրեմլը
Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին օգոստոսի 28-ին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը կանդրադառնան Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում համագործակցությանը։
«Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցությանը՝ միաժամանակ ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունից մեծ օգուտներ ստանալով։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել»,- ասել է Ուշակովը։
Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նաև Հայաստանում վերջին ձերբակալություններին։ Նրա խոսքով՝ խոսքը նաև այն ընդդիմադիր գործիչների մասին է, որոնք հանդես են եկել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ակտիվացման օգտին։
Ուշակովը նշել է, որ այդ իրավիճակը մտահոգում է Ռուսաստանի ղեկավարությանը։
ՇՀԿ գագաթնաժողովը Բիշքեկում կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Նախօրեին հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև ՀՀ-ում ընդդիմադիրների հետապնդումներին անդրադարձան նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳ նախարարը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին հարցին, ասել էր, որ «ՀՀ-ում ևս մեկ նախագահ է գտնվում հետաքննության տակ՝ Սարգսյանը, որը Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, իսկ այնուհետև դարձավ նախագահ»։
Նա նշել էր, որ ՌԴ դիրքորոշումն այն է, որ ելնում են հայ ժողովրդի շահերից։ «Տեսնում ենք, թե ինչպես են դարերի ընթացքում հայ ժողովրդի շահերը միահյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Եվ միշտ՝ երկար, շատ երկար ժամանակահատվածներում, մենք միասին ենք եղել, միմյանց հետ համերաշխ։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ ծանր իրավիճակներում աջակցել է հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը։
Իհարկե, այս շահերը պետք է գերակշռեն։ Սակայն այժմ Երևանի ներկայիս իշխանության ներկայացուցիչներն առաջնորդվում են այլ նպատակներով։
Հռչակվել է Եվրամիությանն ուղղված կողմնորոշման նպատակ, ընդունվել է օրենք՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին։ Եվրասիական տնտեսական միության երկրները մայիսյան գագաթնաժողովում հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ եք անդամակցել Եվրամիությանը, թե՞ ուզում եք մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Իմ կարծիքով՝ սա միանգամայն արդարացված խնդրանք է։
Մի կազմակերպության նորմերն անհամատեղելի են մյուս կազմակերպության նորմերի հետ։ Այս մասին արդեն բազմիցս խոսվել է»,- նշել է նա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան էլ նշել է, որ ՌԴ-ն Հայաստանը շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար՝ չեն կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ:
Վերջինս նշել է, որ շարունակվում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը հանդես եկող քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ իրական բռնաճնշումների էսկալացիան, որը հակասության մեջ է մտնում երկկողմանի կապերի համընթաց զարգացման հայկական հասարակության հարցման հետ:
«Ցավոք, այն բացասական միտումը, որին ուշադրություն էր հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը դեռևս ապրիլի 1-ին, շարունակվում է, այն է՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը հանդես եկող քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ իրական բռնաճնշումների էսկալացիան։
Եվ սա, ակնհայտորեն, հակասության մեջ է մտնում երկկողմանի կապերի համընթաց զարգացման հայկական հասարակության հարցման հետ, որը հստակորեն դրսևորվեց հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում, և հուշում է հայկական ուժայինների հիշատակված գործողությունների քաղաքականացված բնույթի մասին»,- նշել է նա:
ԱԳՆ ներկայացուցիչը հստակեցրել է, որ ՌԴ-ն ակնկալում է, որ քաղաքական կուսակցություններն ու բլոկները, որոնք ջանքեր են գործադրում երկկողմանի փոխգործակցության ամրապնդման համար, կկարողանան հանգիստ մասնակցել երկրի ներքաղաքական կյանքին:
«Հանրապետության իշխանությունների նման դեստրուկտիվ գիծը կտրուկ հակադրվում է պաշտոնական Երևանի հանրային հավաստիացումներին առ այն, որ այնտեղ քայլեր չեն ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու ուղղությամբ, ինչպես իրենք են հավաստիացնում»,- ասել է Զախարովան։
Նախօրեին նա նաև անձամբ էր դիմել Փաշինյանին և քննադատել նրա քաղաքականությունը։ Այս ֆոնին սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպումը դժվար թե սահմանափակվի երկկողմ հարաբերությունների ընդհանուր վիճակի արձանագրմամբ։
Կրեմլն արդեն նախապես ուրվագծել է բանակցությունների հիմնական օրակարգը՝ այն կապելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի և ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա կարգավիճակի, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների հետ։
Ուշակովի հայտարարությունը փաստացի ցույց է տալիս, որ Մոսկվան մտադիր է բարձրացնել ոչ միայն տնտեսական համագործակցության, այլև Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրը՝ փորձելով Երևանից ստանալ ավելի հստակ դիրքորոշում այն հարցում, թե ինչպես է համատեղելի դիտարկվում ԵՄ անդամակցության հեռանկարը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ։
Այս առումով հանդիպումը կարող է դառնալ ոչ այնքան նոր պայմանավորվածությունների, որքան կողմերի դիրքորոշումների սահմանազատման հարթակ։ Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ Մոսկվան վերջին օրերին հետևողականորեն բարձրացնում է Հայաստանի ԵՄ կողմնորոշման հարցը՝ այն ներկայացնելով որպես ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև ինստիտուցիոնալ ընտրության խնդիր։
Կրեմլի տրամաբանությունն այն է, որ Հայաստանը չի կարող անորոշ ժամանակով պահպանել երկու ինտեգրացիոն ուղղությունները, եթե դրանցից մեկը ենթադրում է մյուսի հետ անհամատեղելի պարտավորություններ։
Հետևաբար, հանդիպման ընթացքում Պուտինը կարող է Փաշինյանից փորձել ստանալ առնվազն քաղաքական հստակեցումներ՝ արդյոք Երևանը պատրաստվում է ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները պահպանել ներկայիս մակարդակով, թե ԵՄ անդամակցության գործընթացը դիտարկում է որպես ռազմավարական վերադասավորում։
Սակայն առավել հավանական է, որ Փաշինյանը կփորձի խուսափել վերջնական ընտրության մասին պարտավորեցնող հայտարարությունից՝ պնդելով, որ ԵՄ անդամակցության գործընթացը դեռևս չի նշանակում անդամակցություն, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին օրակարգում չկա։ Հանդիպման երկրորդ զգայուն ուղղությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է։
Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին Մոսկվան արդեն իսկ անդրադարձել էր։
Ապրիլի 1-ին Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն անդրադարձել էր Հայաստանում ընդդիմադիր ռուսամետ գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների և ընտրությունների հարցին, սակայն այդ բարձրաձայնումներն էական ազդեցություն չգործեցին Հայաստանի ներքաղաքական գործընթացների ընթացքի վրա և չհանգեցրին Երևանի քաղաքական գծի նկատելի փոփոխության։
Այս նախադեպը թույլ է տալիս ենթադրել, որ Բիշքեկում Պուտինի կողմից նույն թեմաների կրկնակի բարձրացումը, ինքնին, դժվար թե բավարար լինի Երևանի ներքաղաքական վերանայման համար։ Ամենայն հավանականությամբ, կրկին կմնա իրավիճակը նույնական՝ պահպանելով առկա դիմակայության տրամաբանությունը։
Հստակեցնենք նաև, որ Լավրովի, Զախարովայի և Ուշակովի գրեթե համաժամանակյա հայտարարությունները ցույց են տալիս, որ Մոսկվան այս թեման այլևս չի դիտարկում որպես Հայաստանի ներքին գործերին վերաբերող առանձին խնդիր, այլ այն կապում է հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր վիճակի հետ։
Հետևաբար, Պուտինը կրկին Փաշինյանի առաջ կբարձրացնի ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների և Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման օգտին հանդես եկող ուժերի նկատմամբ իշխանությունների քաղաքականության հարցը։
Այստեղ, ինչպես նշեցինք, քիչ հավանական է բեկումնային արդյունք. կողմերը կարող են փորձել պահպանել բանակցությունների կառավարելի բնույթ, սակայն հանդիպումից հետո Պուտինի կամ Կրեմլի գնահատականները ցույց կտան՝ արդյո՞ք Մոսկվան բավարարվել է Երևանի բացատրություններով, թե՞ պատրաստվում է այս հարցը դարձնել հայ-ռուսական հարաբերությունների մշտական օրակարգային թեմա։ Ուստի ներկայումս կողմերի դիրքավորումներն ու վերջին օրերին հնչած հայտարարությունները հիմք չեն տալիս Բիշքեկի հանդիպումից էական բեկում ակնկալելու։
Ընդհակառակը՝ Մոսկվայի կողմից նախապես ուրվագծված օրակարգը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունների առանցքային տարաձայնությունները ոչ միայն պահպանվում են, այլև ավելի հստակ են ձևակերպվում։
Կողմերը միմյանց փոխանցում են փոխադարձ պահանջների և զգուշացումների ազդակներ՝ Մոսկվան ակնկալում է Երևանի դիրքորոշման հստակեցում ԵՄ և ԵԱՏՄ ուղղությունների համատեղելիության հարցում, իսկ Երևանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի պնդել իր արտաքին քաղաքական, այսպես կոչված, բազմավեկտորության և եվրոպական ինտեգրման իրավունքի հարցում։
Այս պայմաններում Փաշինյան-Պուտին հանդիպումն առավելապես կարող է դառնալ առկա տարաձայնությունների վերահաստատման, այլ ոչ թե դրանց հաղթահարման գործոն։ Հետևաբար, առանց կողմերի քաղաքական դիրքավորումների էական փոփոխության հայ-ռուսական հարաբերություններում ձևավորված ճգնաժամային փուլը ոչ միայն կպահպանվի, այլև առաջիկայում կարող է ստանալ ավելի քաղաքական խորքային բնույթ։

