Տարօրինակ է, երբ նման բան ասվում է Երևանից և ոչ, օրինակ, Բաքվից, ինչը կարող էր տրամաբանական լինել. Տարասովը Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
Մինչ Երևան-Բաքու բանակցային գործընթացը և, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը փակուղում է՝ ծանր ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների ֆոնին, ՀՀ իշխանավորները չեն դադարում անել հայտարարություններ, որոնք ականջահաճո են Ադրբեջանին։
Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ում հետ հանդիպումից նույն ժամանակ Ժնևում հրաժարվեց Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արել է այս իշխանություններին բնորոշ հայտարարություններ։
Նա, մասնավորապես, ասել է․ «Տեսեք, օրինակ, մենք շատ նեղսրտում էինք, երբ որ երկրորդ ղարաբաղյան պատերազմը սկսվեց, թե ինչի աշխարհը մեր ուզած ձևով չէր արձագանքում այդ պատերազմին։ Իսկ պատճառը նաև լեգիտիմության պակասն էր, մեր կողմի լեգիտիմության պակասն էր»։
Այնուհետև նա նշել է, որ Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն ՄԱԿ-ի 3-4 բանաձև։
Ի՞նչ է ուզում ակնարկել Ալեն Սիմոնյանը, որ աշխարհի համար ընկալելի, հասկանալի՞ է եղել Ադրբեջանի հարձակումն Արցախի նկատմամբ, որով էլ պայմանավորված է եղել, նրա որակմամբ, աշխարհի պահվածքը 44-օրյա պատերազմի օրերին։ Կամ՝ ի՞նչ լեգիտիմությունից և լեգիտիմության ի՞նչ պակասից է խոսում Ալեն Սիմոնյանը, երբ խոսքը հակամարտության գոտում ռազմական գործողություն սկսելու մասին է, որն ունի բանակցային երկար պատմություն միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության համակարգմամբ։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ միջազգային լեգիտիմության մասին է ակնարկում ԱԺ նախագահը, կամ՝ հայկական կողմի լեգիտիմության ի՞նչ պակաս է եղել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, կամ՝ արդյոք եղե՞լ է, թե՞ ոչ։
Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ հատկապես տարօրինակ է, երբ նման բան ասվում է Երևանից և ոչ, օրինակ, Բաքվից, ինչը կարող էր տրամաբանական լինել։
Նրա խոսքով, երբ խոսվում է 44-օրյա պատերազմում աշխարհի արձագանքի մասին, այն հնարավոր չէ վերլուծել՝ որպես մեկ միասնական ամբողջություն, քանի որ գաղտնիք չէ, որ աշխարհն ամենևին միատարր չէ, ավելին՝ աշխարհի տարբեր երկրների քաղաքականությունը որոշում են նրանց շահերը։ Իսկ շահերը, վերլուծաբանի դիտարկումների համաձայն, յուրաքանչյուր երկրի դեպքում տարբեր են։
«Ուստի աշխարհը տարբեր կերպ է արձագանքել, սակայն, կարծում եմ՝ այստեղ կա որոշակի ակնարկ Արևմուտքի ուղղությամբ, որովհետև հայկական կողմը ցանկանում էր, որպեսզի պատերազմում հրադադարը կնքի Արևմուտքը։ Դա նույնն է, ինչ ներկայումս, երբ Երևանը ցանկանում է, որպեսզի Խաղաղության համաձայնագիրը կնքվի Արևմուտքում, քանի որ դա ռեգիոնում աշխարհաքաղաքական այդ կենտրոնին կտար հավելյալ կշիռ։ Արևմուտքում ևս կարծես դրան դեմ չէին, պարզապես ջանքերը չբավականացրեցին, ուստի դա արեց Ռուսաստանը։
Եթե հիշում եք, պատերազմի ընթացքում նոյեմբերի 9-ից բավականին առաջ մի քանի անգամ հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց, սակայն այն չպահպանվեց։ Դրա պատճառն այն չէր, որ աշխարհն ընդունում էր այդ պատերազմը կամ համարում, որ դրա ներքո հիմք կա, այլ պարզապես այդպես պատահում է։ Եվ դա ունի ոչ թե մեկ, այլ բազմաթիվ պատճառներ՝ Անդրկովկասում քաղաքական փորձառության, վստահության, լծակների պակաս Արևմուտքի մոտ, Ադրբեջանի հետ հարաբերություններ, որոնք ևս կարևոր են եղել այս ռեգիոնում գործունեություն ծավալող յուրաքանչյուր արտաքին ուժի համար»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։
Նա նշեց, որ այս հակամարտությամբ զբաղվող փորձագետները մշտապես հիմք են ընդունել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացող աշխատանքը նախապատերազմյան ժամանակաշրջանում, որտեղ այդ ժամանակաշրջանում կարևոր էր նաև ինքնորոշման իրավունքը, ապա կարգավիճակի հարցը, և այդպես շարունակ։
«Ասել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն, բաղկացած լինելով երեք միջազգային դերակատարից, մեկ լուծում է ցանկացել՝ սխալ է, կամ բնականոն է համարել պատերազմի միջոցով հարցի լուծումը՝ դա ևս սխալ է, քանի որ բռնության բացառումը հիմնարար սկզբունք է եղել, որը տեղ է գտել հակամարտության կողմերի բոլոր հանդիպումների ամփոփիչ հայտարարություններում։ Մշտապես արվել է արձանագրում, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում»,- հիշեցրեց Տարասովը։
Վերջինս հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը ներկայումս ևս ցանկանում է պաշտոնապես լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
«Թերևս, սա կարևոր ցուցիչ է, թե ինչու է Ադրբեջանը դա ցանկանում, քանի որ նախ՝ մշտապես դժգոհ է եղել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունից, գնահատել է այդ խմբի գործունեությունն ի նպաստ Հայաստանի, այդ գործունեությունը գնահատել է անարդյունավետ, սակայն կան նաև ապագայի հետ կապված մտահոգություններ, ուստի ցանկանում են այդ խումբը լուծարել, որով ըստ էության կփակվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում կայացած ողջ գործընթացի պատմությունը, ինչպես նաև այդ ձևաչափով որևէ հարց հետագայում քննարկելու հնարավորությունը»,- նկատեց նա։
Նրա խոսքով, միջազգային հանրության համար մշտապես ընկալելի են եղել ղարաբաղահայերի իրավունքները, որոնք տարբեր ժամանակ տարբեր ձևակերպումներ են ունեցել։
«Այսօր ևս կա այդ իրավունքների ճանաչում, օրինակ՝ վերադարձի իրավունքից խոսում են Ռուսաստանում և ոչ միայն»,- նկատեց նա։
Տարասովը կրկնեց վերջին տարիներին պարբերաբար արտաբերած իր դիրքորոշումը, որ, ի տարբերություն Երևանի, ադրբեջանական կողմը լավ դիվանագիտություն է վարել վերջին տարիներին։
Անդրադառնալով օրերս Ստամբուլում կայացած նախարարական բանակցություններին՝ Տարասովն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ հանդիպումը տևել է մեկ ժամ։
«Ինչպես ցույց տվեց հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունը, ինչպես նաև բանակցային ժամանակը, կողմերը չեն բանակցել, ընդհանրապես որևէ համաձայնության նույնիսկ չեն մոտեցել, այլ կրկնել են իրենց մոտեցումները, որոնց արդյունքում կազմվել է հայտարարությունը, որ պայմանավորվել են շարունակել աշխատանքը։ Սա այն դեպքը չէ, երբ խոսել են, պայմանավորվել և դեռ գաղտնի են պահում։ Ոչ, կան տարաձայնություններ, կա մեծ մրցակցություն միջնորդների միջև․ կա ռեգիոնալ համագործակցություն այս հարցում՝ ընդդեմ Արևմուտքի։ Եվ պետք է կրկին նշեմ, որ ռեգիոնը գտնվում է տուրբուլենտության իրավիճակում, անորոշությունը չափազանց մեծ է, հնարավոր են տարբեր զարգացումներ»,- նկատեց նա։