Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ՀՀ ղեկավարը խոսում է խաղաղության պայմանագրից, սա ինքնախաբեություն չէ՞. Գրիգորի Այվազյան

Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահին առաջարկել է Խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչև նոյեմբեր՝ նախքան  COP-29-ը։ Այս մասին ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն է ասել «Արմենպրեսի» հետ զրույցում։ Իշխանական պատգամավորի տեղեկություններով, «հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում Փաշինյանն Ալիևի հետ ունեցած ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ առաջարկել է, որպեսզի երկու երկրների արտգործնախարարները երկօրյա հանդիպում ունենան և համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի բոլորը կետերը և այն ստորագրեն մինչև նոյեմբեր»։

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանի բնորոշմամբ՝ պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը զբաղվի ինքնախաբեությամբ և մոլորեցնի հայ ժողովրդին, քանի որ այդ պայմանագիրը ո՛չ նոյեմբերին, ո՛չ էլ դրանից հետո չի ստորագրվելու։

«Ալիևը վերջերս օկուպացված Ջրականում ելույթ է ունեցել, հստակ ասել է՝ մինչև բոլոր կետերը չհամաձայնեցվի, որևէ թուղթ չի ստորագրվելու։

Ալիևի այս ասածները մի կողմ դնելով՝ ուզում եմ մեկ բան ասել, որը գուցե մեր հասարակությանը դուրս բերի այս խաբված վիճակից։

Կարդացեք նաև

Ժողովուրդ ջան, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության որևէ պայմանագիր չի կնքվել, դա ծուղակ է, ինչը նշանակում է՝ ռեպարացիաներ, և Ադրբեջանը կարող է մեր երկրի դեմ տարբեր հայցեր ու պահանջներ ներկայացնել։ Ադրբեջանն ասելու է՝ «եթե դուք ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ձեր զորքերն ի՞նչ գործ ունեն այստեղ, եթե Արցախը ճանաչում եք Ադրբեջանի կազմ, ի՞նչ գործ ունեիք՝ օգտագործում էիք ռեսուրսները»։ Խնդիրները շատ  են, և Ադրբեջանն այս ամենը չի մոռացել։ Հայաստանն ունենար խելացի ղեկավար, Ադրբեջանի հետ ոչ թե պետք է նախապատրաստեր Խաղաղության պայմանագիր, այլ հարաբերությունների կարգավորման պայմանագիր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգորի Այվազյանը։

Ըստ փորձագետի, Ադրբեջանի հետ բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, ո՞ր փաստաթղթի կետերն է նա իրականություն դարձրել՝ ոչ մեկի, հետևաբար՝ Ադրբեջանի դեպքում խաղաղությունը երբեք փաստաթղթով չի լինելու։

«Կարծում եմ՝ մեր երկրի ղեկավարը սա շատ լավ հասկանում է, բայց չգիտես՝ ինչու, ուզում է անպայման ստորագրել այդ պայմանագիրը, սա ինքնախաբեություն չէ՞։

Իզուր չէ, որ այսօր Ադրբեջանը Պաղեստինից ձեռք է բերել 60 կործանիչներ, այսպե՞ս է նա խաղաղության գնում։ Դրա համար, երբ այսօր մեր իշխանությունը խոսում է խաղաղության մասին, դա հօգուտ Ադրբեջանի է, որովհետև նույնիսկ Ալիևն է հիշեցնում, որ 1945 թվականին Գերմանիայի հետ ո՞վ է խաղաղության պայմանագիր ստորագրել, ավելին՝ Գերմանիային նույնիսկ մասնատել են։

Ահա այսպիսի խաղաղություն է տեսնում Ալիևը Հայաստանի հետ՝ Հայաստանը մասնատել, զավթել ու իշխել՝ չորս կողմից դարձնել անկլավ, ինչպես Արցախը։ Կրկնում եմ՝ Ադրբեջանն այս թուղթը չի ստորագրելու, որովհետև պատրաստվում է պատերազմի, սրա մասին խոսում է նույնիսկ ՀՀ իշխանությունը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Գրիգորի Այվազյանը վստահ է՝ խաղաղության պայմանագրում այն կետը, որի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ կողմերը, վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», որն ուզում են ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, այլև Միացյալ Նահանգները, բայց չի ուզում Իրանը։

«Այս «միջանցքն» ունենալու համար էլ Ադրբեջանը կգնա պատերազմի, ինչը ՀՀ ներկայիս իշխանության օրոք ենթադրում է նոր զոհեր ու նոր տարածքների կորուստ»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդներին ու գերիներին, Գրիգորի Այվազյանն ասաց՝ Ադրբեջանը նրանց չի վերադարձնի, ավելին՝ առաջիկայում Հայաստանից կպահանջի հանձնել իրեն ոչ միայն ՀՀ նախկին նախագահներին, այլև Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցներին։

«ՀՀ ղեկավարն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ այդպես չի ազատվելու, դեռ շատ պահանջներ պիտի կատարի։

Ադրբեջանն ուզում է Հայաստանից թողնել 10.000 քկմ, փոքր բնակիչներով, այնպես որ, ՀՀ իշխանությունը խաղաղության դարաշրջանը միայն իր երազներում կարող է տեսնել»,- եզրափակեց Գրիգորի Այվազյանը։

Տեսանյութեր

Լրահոս