«Հարձակվելու համար Ադրբեջանին պետք է հարմար պահ». Գրիգորի Այվազյան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օրերս լրագրողների հետ զրույցում նախ ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը շարունակվում է, այնուհետև կրկին խոսել էր ՀՀ Սահմանադրությունից։
Ադրբեջանը կրկին պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. «Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցում սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»,- ասել է նա։
Անցնող հինգշաբթի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան Բայրամովի հայտարարության վերաբերյալ հարցին, ասել էր.
«Մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա, նախկինում էլ ասել եմ՝ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում։
«Նախընտրական ծրագրում արձանագրված է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, 726 հազար մարդ քվեարկել է դրա օգտին։ Այլ բան, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը Սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի։ Բայց այդ օրակարգը կա, դա նախընտրական պարտավորություն է, պետք է վերլուծենք իրավիճակը, դիրքավորվենք այդ թեմայի շուրջ»։
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանը խոսելով Ադրբեջանից հնչող հերթական պահանջի մասին, նկատեց՝ ըստ էության Ադրբեջանը փորձում է Հայաստանի պարանոցին փաթաթել «անձնատվության» մասին պայմանագիրը, ինչն անշուշտ չի լինելու։
«Այստեղ պետք է հասկանալ, որ Ադրբեջանը չի էլ ձգտում ստորագրել որևէ իրավական փաստաթուղթ։ Եթե դիտարկենք Ադրբեջանի պահանջները, ապա դրանք անծայրածիր են ու չվերջացող, իհարկե, նրանք կխոսեն, այսպես կոչված, «անկլավների» մասին, հետո կսկսեն խոսել տերիտորիալ «միջանցքների» մասին, հետո կասեն, թե՝ ինչո՞ւ Արարատը չեք հանել Հայաստանի զինանշանից, քանի որ դա պահանջ է Թուրքիայի հանդեպ, չի բացառվում, որ մի օր էլ ասեն, որ փոխեք Մալաթիա-Սեբաստիա, Զեյթուն վարչական շրջանների անունները, Արցախ անունով փողոցն անվանափոխեք, և այլն։
Վերջերս Ալիևը Շուշիում կրկին խոսեց այն մասին, որ մինչև ««Զանգեզուրը» չբացվի, պայմանագիր չի ստորագրվի», այդպես ասելով՝ նա նկատի ունի ողջ Սյունիքը»,- 168.am-ի հետ զրւոյցում ասաց Գրիգորի Այվազյանը։
Ըստ փորձագետի, Ադրբեջանում լավ գիտեն, եթե Հայաստանում կատարեցին իրենց ներկայացրած պահանջներից մեկը, ապա առաջ կքաշեն մեկ այլ պահանջ, իսկ վերջում էլ՝ այնպիսի պահանջ, որն իրագործել հնարավոր չի լինի։
«Այս ամենը վկայում է նաև, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին ֆորումները, ժողովները։ Եվ այստեղ վտանգավորն այն է, որ այդ կազմակերպությունները, որոնք կազմակերպում են այդ ամենը, ոչ թե հասարակական են, այլ պետական, դրանք պետական մակարդակով հովանավորում են։
Այդ «Արևմտյան Ադրբեջանի» ղեկավարն Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր է, որը ներկայացնում է իշխող կուսակցությունը։ Բնական է, չէ՞, որ այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում որևէ խաղաղության և անհեթեթ պայմաններ է առաջ քաշում։ Սա էլ այն պարագայում, երբ Ադրբեջանը պարտավոր է ապահովելու արցախահայության անվտանգ վերադարձ իրենց բնօրրան, և կատարել ադրբեջանահայերի և՛ վերադարձի իրավունքը, և՛ փոխհատուցման։ Ադրբեջանի Սահմանադրության մեջ արձանագրված են տարածքային պահանջներ Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ՝ առնվազն 20.000 քկմ-ի նկատմամբ՝ Սյունիքի, Տավուշի, Սևանա լճի, նաև Երևանի մեծ մասի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Գրիգորի Այվազյանի բնորոշմամբ՝ եթե Ադրբեջանը ձգտում է խաղաղության, ապա պետական մակարդակով ողջ երկրում հայատյացության քարոզ չի իրականացվի։ Ինչպես հայատյացության քարոզը եղել է նախկինում, այնպես շարունակվում է այսօր՝ որևէ կերպ նվազում չկա։ Հայոց ցեղասպանության տարելիցին ադրբեջանցիներն ուղղակի ոչնչացրել են Ստեփանակերտի մայր տաճարը, այստեղ որևէ ուղերձ չկա՞։
«Միայն մեր ցանկությունը խաղաղության հաստատման համար ոչինչ է, երբ դիմացինը դրա ցանկությունը չունի։ Բաքվում կառուցված «ռազմավարի պուրակը» ապամոնտաժե՞լ են՝ որպես խաղաղության նախապատրաստման դրսևորում, իհարկե՝ ոչ։ Եթե այստեղ Սահմանադրությունն է խնդիրը, ապա առաջին հերթին՝ խնդիրն Ադրբեջանի Սահմանադրության հարցն է։
Ադրբեջանի համար լեգիտիմ պատճառ պետք չէ Հայաստանի վրա հարձակվելու համար, նրանց պետք է պարզապես հարմար պահ»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։

