Ադրբեջանի անսպասելի հետքայլը․ ինչի՞ն է սպասում Իլհամ Ալիևը
Ամիսներ առաջ Ադրբեջանում կայանալիք COP29-ի ընթացքում Երևան-Բաքու համաձայնագիրը ստորագրելու առաջարկություն անող Ադրբեջանի իշխանությունները ներկայումս լիովին մերժում են արդեն իսկ համաձայնեցված համաձայնագիրը ստորագրելու Երևանի առաջարկը՝ օրեցօր նոր և ծանր պահանջներով գործընթացը մտցնելով փակուղի։ COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի 29-րդ նստաշրջանն է, որն այս տարի Ադրբեջանում տեղի կունենա նոյեմբերի 11-24-ն ընկած ժամանակահատվածում: Ուշագրավ է, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, ելույթ ունենալով Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ, նշել էր, որ հավատում են, որ մինչև COP29-ն Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության։
Այնուհետև ապրիլի 23-ին Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, հայտարարել էր, թե մինչև COP29 համաժողովն Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության ձեռքբերումը՝ թեկուզ հիմնարար սկզբունքների շուրջ, միանգամայն իրատեսական է թվում։ Դեռևս այն ժամանակ նա նշել էր, թե որպես տարբերակ՝ դիտարկվում է նաև հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալը, իսկ ապագայում կարող են ժամանակ հատկացնել դրույթները համաձայնեցնելու համար։ «Մինչ այդ համաձայնագրի նախագիծը կարող է նույնիսկ պատրաստ լինել։ Կարծում եմ, որ դրա համար երկու կողմերն էլ պարզապես պետք է աշխատեն ի սրտե»,- նշել էր նա՝ ըստ էության կրկնելով այն, ինչ ներկայումս Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է պնդում։
Այս տարվա մայիսի 24-ին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը NE Global-ի հարցազրույցում ասել էր, որ Բաքվում կայանալիք COP29-ի համաժողովը հրաշալի շանս է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։
«Մենք զգուշավոր լավատեսություն ենք արտահայտում և գտնում ենք, որ տեքստի շուրջ բանակցությունները հնարավոր է ավարտել մինչև COP29-ի հանդիպումը։ Դա հզոր ազդանշան կտա և արտաքին աշխարհին այն մասին, որ Եվրոպական աշխարհամասի հետխորհրդային տարածքում ամենահին, երկարատև և ողբերգական հակամարտություններից մեկը մոտենում է ավարտին, ուստի գտնում եմ, որ երկու երկրները և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է պատրաստ լինեն այդպիսի դրական հանգուցալուծմանը»,- ասել էր Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը։
Սկսած հուլիս ամսից, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենը կազմակերպեց Միրզոյան-Բայրամով հանդիպում մի որոշ շրջան դադարից հետո, ակնհայտորեն գործընթացը տեղից չշարժվեց ու մտավ փակուղի, ադրբեջանական դիրքորոշումները սկսեցին կոշտանալ, իսկ վերջին շրջանում՝ վերածվել վերջնագրերի, չնայած օրերս Նյու Յորքում Բլինքենը ևս մեկ անօգուտ հանդիպում կազմակերպեց։
Ներկայումս Ադրբեջանի իշխանությունները չեն խոսում համաձայնագրի ստորագրման հեռանկարի մասին, այլ դնում են լուրջ պահանջներ ՀՀ իշխանությունների և արդեն հասարակության առջև։
Ալիևը պահանջում է Հայաստանից ներողություն խնդրել, նրա խոսքով, իբրև թե ՀՀ «պատերազմական հանցագործությունների» համար, տրամադրել, այսպես կոչված, զանգվածային գերեզմանների քարտեզներ, փոխել ՀՀ սահմանադրությունն այնպես, որ հասարակությունն ընդունի, որ չունի որևէ տարածքային պահանջ Ադրբեջանից։ Ալիևը խոսում է նաև, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին, ինչն ասելով՝ Ադրբեջանի իշխանությունները պատկերացնում են ՀՀ միջազգային ճանաչված տարածքը։ Չնայած հնչեցնելով նման պահանջներ, ադրբեջանական կողմը ոչինչ չի խոսում հայ ռազմագերիների վերադարձի, ՀՀ տարածքներից ետ քաշվելու, ինչպես նաև արցախահայությանը ԼՂ վերադառնալու գոնե հեռանկարի տրամադրման մասին, այլ նպատակադրված վերացնում է հայկական հետքն Արցախից։
Ինչո՞ւ էր դեռևս գարնանն ադրբեջանական կողմը խոսում համաձայնագրի ստորագրման մասին, իսկ մեկ ամիս անց հնչեցնում բոլորովին նոր սուր պահանջներ։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ադրբեջանական կողմը գուցե սպասում է աշխարհաքաղաքական նշանակության մի շարք իրադարձությունների, որոնցից հետո կկողմնորոշվի՝ ինչ սցենարով առաջ շարժվել։ Սա, նրա խոսքով, ցույց է տալիս, թե գործընթացը որքան կախյալ է աշխարհաքաղաքական իրադարձություններից։
«Ինչպես ցանկացած երկիր, այս հակամարտության կողմերը ևս ունեն սցենարներ, որոնցով առաջնորդվում են։ Ակնհայտորեն սցենարներից մեկը համաձայնագիրը ստորագրելն էր այն տեսքով, որը դրված է սեղանին։ Այս սցենարն Ադրբեջանը մերժեց և փորձում է գնալ այլ սցենարով, և եթե իր հույսերն արդարանան, ապա ճնշումը ՀՀ-ի նկատմամբ կշարունակվի կամ գուցե փոխվի այդ ճնշման ուժգնությունը։
Կարծում եմ՝ այստեղ առանցքային են ԱՄՆ ընտրությունները, Իրան-Իսրայել սրվող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանում կայանալիք միջազգային համաժողովը»,- ասաց վերլուծաբանը։
Արեշևի կարծիքով, Ադրբեջանում համարում են, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմն աջակցում է ՀՀ-ին, իսկ վարչակազմի փոփոխությունից հետո և մասնավորապես Թրամփի ընտրությունից հետո գուցե ԱՄՆ-ը չզբաղվի ռեգիոնով։
«Իհարկե, Թրամփի վերընտրությունը մի փոքր բարդ է թվում, սակայն, հաշվի առնելով ԱՄՆ նախագահական ընտրությունների անցկացման բարդություններն ու ընտրիչների համակարգը, պետք է սպասել վերջնական արդյունքներին, որոնք կարող են նաև անսպասելի լինել։ Ուստի հաշվարկը դա է, որ գուցե Թրամփի ընտրությունը փոփոխություններ բերի Հարավային Կովկաս ամերիկյան քաղաքականությունում»,- նշեց նա։
Ըստ վերլուծաբանի, Ադրբեջանը հուսով է, որ կստանա միջազգային մեծ աջակցություն կայանալիք COP29 համաժողովի ժամանակ, ուստի բանակցությունների վերսկսումը դրանից հետո Ադրբեջանին հնարավորություն կտա էլ ավելի մեծ առավելությամբ աշխատել։
«Իրան-Իսրայել հարաբերություններից շատ ենք խոսել, բնականաբար, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ինչը հնարավոր է, սակայն քիչ հավանական եմ համարում, որ դա կանդրադառնա ռեգիոնի վրա»,- նկատեց Արեշևը։
Ուստի, նրա խոսքով, ավելի կարևոր է, թերևս, ոչ թե այն, ինչ ներկայումս ասվում է, այլ ապագա զարգացումներն ու ըստ դրա՝ կայացվելիք որոշումները։
Անդրադառնալով նաև օրերս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությանը, թե Ռուսաստանի և Իրանի ստեղծված անվտանգության ճարտարապետությունն անցանկալի է Հարավային Կովկասի երկրների համար, Արեշևն ասաց, թե դրանում որևէ նորություն չկա, Օ՛Բրայենն այդ մասին հաճախակի է խոսում։ «Հետաքրքրականն այն է, որ այդ ցանկում Թուրքիայի մասին հիշատակում չկա, ուստի կարելի է ենթադրել, որ Թուրքիայի անվտանգության հովանին Հարավային Կովկասում ընդունելի է ԱՄՆ-ի համար, գուցե դա է նաև պատճառը, որ Փաշինյան-Էրդողան հանդիպումներն անցնում են այն մթնոլորտում, որի ականատեսն ենք դառնում, երևի թե դա է պատճառը, որ ՀՀ-ն ձգտում է Թուրքիայի հետ ավելի լավ հարաբերությունների, սահմանների բացման, կամ դիմում է միջնորդության համար։ Երբ ԱՄՆ-ը նման հստակ ուղերձ է անում, նշանակում է՝ թուրքական տարբերակին կողմ է։ Սա ուղերձ է նաև այնպիսի երկրներին ու հասարակություններին, ինչպիսին հայկականն է»,- նկատեց Արեշևը։