«Ադրբեջանն Արցախի հուշարձանները ներառել է ցուցակում, հերթով ոչնչացնելու է». Րաֆֆի Քորթոշյան

2023թ. սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ, ցեղասպանության սպառնալիքի ներքո բռնի տեղահանեց արցախահայերին, այնուհետև սկսեց աստիճանաբար ոչնչացնել Արցախի պատմամշակութային հուշարձանները։ Հայկական հետքն Արցախից ջնջելու գործին Ադրբեջանը լծվելէդեռևս 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Արդեն հայտնի են մի քանի դրվագներ, երբ ադրբեջանական կողմն ամբողջովին ոչնչացրել է հայկական հուշարձաններ, այդ թվում՝ եկեղեցիներ, դրանց շարքում են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, Շուշիի Սուրբ Հովհաննես կամ «Կանաչ ժամ» եկեղեցին, Հաթերքում ու Գետավանում արցախյան պատերազմում նահատակված հերոսներին նվիրված հուշահամալիրները, Հադրութի, Չարեքթարիեկեղեցիները և այլն։

Այս պահին Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտում 1967 թվականին տեղադրված «Մենք ենք, մեր սարերը», հուշարձանն է, որը բոլորին հայտնի է «Տատիկ-պապիկ» անվամբ։

Օրերս «Monument Watch» կայքը  տեղեկացրել էր, որ Ադրբեջանը սկսել է այս հուշարձանի յուրացման գործընթացը։ Ըստ «Monument Watch»-ի՝ ադրբեջանական Culture of Azerbaijan կայքը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ՝ «Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը «կառուցվել է Ադրբեջանի Խանքենդի քաղաքում 1967 թվականին, և, որ այն «Ադրբեջանի բազմամշակութային և ազգային-կրոնական հանդուրժողականության բազմաթիվ օրինակներից մեկն է»։

Այսպիսով՝ Ադրբեջանը, ինչպես միշտ, խեղաթյուրում է իրական պատմությունը։

Կարդացեք նաև

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի բնորոշմամբ՝ այս գործելաոճն Ադրբեջանին բնորոշ է։

«Ադրբեջանն ունի հստակ քաղաքականություն՝ հայկական այն տարածքներում, որոնք գրավել է, կամ անցել են իր հսկողության տակ՝ ոչնչացնել հայկական մշակույթը։ Հյուսիսային Արցախում, Նախիջևանում երբ տեղահանեց հայ բնակչությանը, անմիջապես սկսեց հուշարձանները ոչնչացնել, այս պահին նույնն անումէ Արցախում՝ տեղի հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո։ Այդպիսի օր չկա, որ մենք ականատես չլինենք, թե ինչպես են ադրբեջանական վանդալիզմի ենթարկվում Արցախում արցախահայերի կողմից կառուցված հուշարձանները։

Ընդ որում, Ադրբեջանը խաղ է սկսել. մեկ ասում է՝այդ հուշարձաններն աղվանական է, մեկ՝ ռուսական ու ադրբեջանական, սա արվում է ժամանակ շահելու համար։ Ադրբեջանն այսպիսով ցանկանում է Եվրոպայի աչքին ավելի մարդասեր երևալ։ Հետևաբար, Արցախում բոլոր հայկական հուշարձանները, նույնիսկ նրանք, որոնք վերագրում է Ադրբեջանին, ժամանակի ընթացքում ոչնչացվելու են, «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ևս բացառություն չէ»,-168.am հետ զրույցում նշեց Րաֆֆի Քորթոշյանը։

Այս համատեքստում մեր զրուցակիցը հիշեցրեց Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։ Սկզբում այդ խաչքարերն Ադրբեջանը համարում էր աղվանական, այնուհետև աստիճանաբար սկսեցին ոչնչացնել։ Նույնը եղավ Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցու հետ՝ սկզբում հայտարարեցին, որ ռուսական է, այնուհետև ամբողջովին, հիմնահատակ ոչնչացրեցին։

«Ադրբեջանն Արցախում բոլոր հուշարձանները ներառել է ցուցակում և ըստ այդ ցուցակի՝ հերթով ոչնչացնելու է»,-հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ Րաֆֆի Քորթոշյանի, միջազգային կառույցներում հայկական կողմն աշխատանքներ տանում է՝ Արցախում ադրբեջանական վանդալիզմը ներկայացնելու համար, սակայն այդ աշխատանքները բավարար չեն, քանի որ Ադրբեջանն իր սև գործն այս պահին էլ շարունակում է։

«Ստացվում է, որ ոչ հայկական կողմից տարվող աշխատանքներն են բավարար, ոչ էլ միջազգային այն կառույցների աշխատանքը, որոնք զբաղվում են հուշարձանների պաշտպանությամբ։ Այստեղ խնդիր կա, օրինակ, երբ թալիբները ոչնչացնում էին Հուդայի արձանը, «Իսլամական պետության» ներկայացուցիչները Սիրիայում ոչնչացնում էին հուշարձաններ, այդ ժամանակ միջազգային հանրությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Այսօր թալիբների իրականացրած վայրագությունների նման վայրագություն Արցախում անում է Ադրբեջանը՝ պետական մակարդակով, բայց միջազգային հանրությունից չկա որևէ արձագանք»,-եզրափակեց Րաֆֆի Քորթոշյանը։

Նշենք, որ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի ճարտարապետն ազատամարտիկ Յուրի Հակոբյանն է, քանդակագործը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանը։ Կարմիր տուֆից պատրաստված հուշարձանը խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև կապը։ Այն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուսուսի տված։

9 մետր բարձրությամբ արձանը «Մե՛նք ենք, մերսարերը» անունով կոչել է գրող, պատմաբան Հրայր Ուլուբաբյանը։

Հիշեցնենք նաև, որ նախորդ տարվա վերջին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակում էր արել՝ նշելով, որ դիմել է ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկի» հուշարձանը նույնությամբ ստեղծեն և տեղադրեն Հայաստանում։ Ըստ այդ հրապարակման, Կառավարությունը դրական է արձագանքել այդ նախաձեռնությանը և թույլատրել է իրականացնել նախաձեռնությունը։

Մինչ այսպահն այդ նախաձեռնությանն ընթացք չի տրվել։ Իսկ արցախցի ճարտարապետները, քանդակագործները բացասական էին արտահայտվել։

«Հուշարձանն իր միակ ու եզակի տեսքով պետք է մնա և պահպանվի միայն Ստեփանակերտում։ Այդ հուշարձանը մեր պետականության վերականգնման խորհրդանիշներից մեկն է և վկան է մեր՝ առնվազն վերջին 50 տարվա շարժման»,-նախորդ տարի 168.am-ի հետ զրույցում ասել էր Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի տնօրեն Հովիկ Ավանեսովը՝ անդրադառնալով այդ նախաձեռնությանը։

Տեսանյութեր

Լրահոս