Անթույլատրելի է հուշարձանի կրկնօրինակի ստեղծումը. ոչ հայանպաստ որոշումներ կայացնելն իշխանության համար դարձել է օրինաչափություն. Հովիկ Ավանեսով

Օրերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակում էր արել, ըստ որի՝ դիմել է ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկի» հուշարձանը նույնությամբ ստեղծեն և տեղադրեն Հայաստանում։ Ըստ այդ հրապարակման, Կառավարությունը դրական է արձագանքել այդ նախաձեռնությանը և թույլատրել է իրականացնել նախաձեռնությունը։

Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի տնօրեն Հովիկ Ավանեսովի գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը շատ վտանգավոր միտումներ ունի։

«Այս նախաձեռնությունն իր մեջ վտանգավոր երևույթներ է պարունակում, սա վատ նախադեպեր կարող է ստեղծել։ Սա տեղավորվում է այն թեզի մեջ, որը Հայաստանի իշխանությունն է տարածում, որ Արցախի հարց իրենց համար գոյություն չունի։ Անթույլատրելի է հուշարձանի կրկնօրինակի ստեղծումը Հայաստանում։ Հուշարձանն իր միակ ու եզակի տեսքով պետք է մնա և պահպանվի միայն Ստեփանակերտում։ Այդ հուշարձանը մեր պետականության վերականգնման խորհրդանիշներից մեկն է և վկան է մեր՝ առնվազն վերջին 50 տարվա շարժման։

Կարդացեք նաև

Բացի այդ, պետք է նաև հաշվի առնել, որ հուշարձանի կրկնօրինակը չի կարող փոխանցել այն փիլիսոփայությունը, որն իր մեջ պարունակում է։ Այն խորհրդանշում է արմատներին, ակունքներին կառչած ու պայքարող արցախցուն։ Չպետք է այդ կրկնօրինակը լինի այստեղ, որպեսզի ձգտում լինի պայքարել ու կրկին վերադառնալ Արցախ՝ որպես իրավատեր»,- 168.amի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։

Ըստ մեր զրուցակցի, եթե նույնիսկ այդ հուշարձանը կրկնօրինակեն ու տեղադրեն Հայաստանում, այն արցախահայության և առհասարակ հայության համար չի կարող կրկնել այն խորհրդանիշը, որն այսօր կրում է Ստեփանակերտում։

Բացի այդ, գոյություն ունի նաև հեղինակային իրավունք և մինչև ԿԳՄՍՆ-ին դիմելը, ի սկզբանե պետք է հաշվի առնեին հեղինակների ժառանգների կարծիքը, նաև արցախահայության կարծիքն այդ նախաձեռնության վերաբերյալ։

«Սա նուրբ հարց է, առանց հանրային քննարկման չպետք է նման որոշում կայացնեին»,- հավելեց նա։

Նրա բնորոշմամբ՝ շատ տարօրինակ է, որ ՀՀ կառավարությունն անմիջապես դրական է արձագանքել այդ նախաձեռնությանը։

«Բնականաբար, Կառավարությունը նման որոշում չի կայացրել, թե՝ տեսեք, մենք Արցախի հուշարձանները պաշտպանում ենք, այլ զուտ միջազգային հետաքրքրվածությունը հաշվի առնելով՝ միանգամից նման որոշում է կայացրել։ Տարօրինակ և ոչ հայանպաստ որոշումներ կայացնելը ՀՀ իշխանության համար դարձել է օրինաչափություն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա ընդգծեց, որ հուշարձանի կրկնօրինակումը միանշանակ պետք է կանխել, իսկ դրա համար պետք է հուշարձանագետները, մտավորականներն իրենց ձայնը բարձրացնեն, գործուն քայլեր ձեռնարկեն՝ նախագիծը կասեցնելու համար, քանի որ այն որևէ լավ բանի չի հանգեցնի։

«Եթե ուզում են Արցախը խորհրդանշող կամ նրա մշակույթը պահպանելու համար որևէ բան անել, կարող են այլ հուշարձան ստեղծել, Արցախի բանահյուսությունը, լեզուն պահպանեն»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։

Ստեփանակերտում «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին։

Քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, իսկ ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Հուշարձանը խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը, որն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս ուսի տված։

Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը, քանդակը «Մենք ենք, մեր լեռները» անունով է կնքել Բագրատ Ուլուբաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս