Ադրբեջանի ԶՈՒ-ն «Սմերչի» կիրառմամբ վարժանք է անցկացրել. փոփոխվել են կրակային դիրքերը, մարտում ոչնչացվել պայմանական հակառակորդի թիրախները
Ադրբեջանի բանակի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացնում՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառմամբ:
Ընդ որում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորաբաժանումները կատարել են կրակային դիրքերը փոփոխելու, կոորդինատները տեղորոշելու և մարտում պայմանական հակառակորդի թիրախները ոչնչացնելու առաջադրանքներ:
Նշենք, որ օրեր առաջ Ադրբեջանի ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումներն էին հատուկ մարտավարական վարժանքներ անցկացրել:
Ինչպես հայտնել էր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրների դիվիզիոնների հաշվարկների տեխնիկան, բերվելով մարտական պատրաստության, երթ էր կատարել դիրքային շրջաններ և իրականացրել մեկնարկային հենակետերում վերատեղակայման, տեղանքի նախապատրաստման և քողարկման խնդիրներ։ Առաջադրված խնդիրներից է եղել նաև «պայմանական հակառակորդի հրթիռային հարվածների հետմղումը»։
Ադրբեջանի ՀՕՊ ուժերի ռադիոտեխնիկական ստորաբաժանումներն էլ նախատեսված պլանի համաձայն օրեր վարժանքներ էին անցկացրել՝ կատարելով փոքր չափի, ցածր բարձրության վրա գտնվող թիրախների ժամանակին հայտնաբերման առաջադրանքներ: Բայց այս վարժանքի հիմնական խնդիրը եղել է՝ կատարելագործել կառավարող անձնակազմի գործնական հմտությունները պայմանական հակառակորդի հանկարծակի օդային հարվածների դեպքում, ինչպես նաև ռադիոտեխնիկական և կապի միջոցների մարտական հնարավորությունների արդյունավետ կիրառումը, այդ թվում՝ վատ եղանակային և ռադիոէլեկտրոնային պայմաններում:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ այս օրերին գտնվում էր Գեղարքունիքի մարզում, այցելել էր ՊՆ N բանակային կորպուսի ստորաբաժանումներ, հետևել դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին, բարձրաստիճան սպաների, զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության, թիկունքային ապահովման հարցեր:
Բացի այս, օգոստոսի 20-21-ը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներն անցկացրել են համատեղ շտաբային մարզում, որի շրջանակում ծավալված կառավարման կետերում առաջադրվել են խնդիրներ, ստուգվել ստորաբաժանումների ներդաշնակ գործելու կարողություններն ու պատրաստականության աստիճանը:
Պարապմունքների նպատակն անձնակազմի տեսական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործումն էր մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների բերման ժամանակ: