ԱՄՆ երեք փոխպետքարտուղարի այց Հայաստան՝ մեկ ամսում․ ի՞նչ են անում ԱՄՆ փոխպետքարտուղարները Հայաստանում

Վերջին մեկ ամսվա կտրվածքով Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի երեք տեղակալի։

Սա, իհարկե, առանձնահատուկ ուշադրության արժանի իրադարձություն է։ Ամիսը հագեցած էր ինչպես հայ-ամերիկյան այցերի տեսանկյունից, այնպես էլ Պետքարտուղարության պաշտոնյաների՝ Հարավային Կովկասի վերաբերյալ անդրադարձներով։

Հունիսին Հայաստան կատարած այցից հետո և Բաքու այցից առաջ ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, անդրադարձել էր Բաքու նախատեսվող այցին։

Կարդացեք նաև

«Խաղաղություն հաստատելու ժամանակն է։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի հարցն է, որն ակնկալում է, որ իրեն հարգեն՝ որպես համաշխարհային առաջնորդի, որն ընդունում է COP-29-ը։ Դա ամբողջ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է։ Բոլոր այդ երկրներն այժմ արտահանում են իրականացնում միայն Չինաստանի կամ Ռուսաստանի միջոցով: Որպեսզի նրանք այլ ելք ունենան, նրանք պետք է աշխատեն Ադրբեջանով:

Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ, հնարավոր շատ ավելի մեծ ճանապարհը կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով: Եվ այդ առումով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին և 90-ականներից ի վեր գոյություն ունեցող սարսափելի հակամարտությանը։ Եվ մեր ուղերձն այն է, որ ժամանակն է հաստատելու խաղաղություն։ Եվ միայն այդ պարագայում մենք կարող ենք լուծել պատերազմի հետ կապված շատ խնդիրներ։ Մենք Ալիևի հետ խոսել ենք նաև մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտության մասին։ Դա զրույցի պարբերական թեմա է, ներառյալ՝ պետքարտուղար Բլինքենի՝ վերջերս նրա հետ ունեցած խոսակցությունը։ Ես ևս կբարձրաձայնեմ այդ հարցն առաջիկա հանդիպմանը»,- մանրամասնել էր Օ՛Բրայենը՝ ըստ էության մանրամասնորեն ներկայացնելով աշխարհաքաղաքական՝ Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա տարածքը վերակազմավորելու Վաշինգտոնի ծրագիրը։

Հուլիսի առաջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտում, նշել էր, թե այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն կա։ «Երկրների միջև խաղաղ պայմանավորվածություններն իրագործելու բացառիկ հնարավորություն կա, ինչը կդադարեցնի տասնյակ տարիներ շարունակվող հակամարտությունը և, կարծում եմ, տարածաշրջանում հսկայական հնարավորություններ կստեղծի տնտեսական կապերի, տնտեսական աճի, արևելքի և արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև կապերի հաստատման տեսանկյունից։ Ադրբեջանը պետք է որոշիչ դեր խաղա դրանում»,- հայտարարել էր ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նա հավելել էր, որ դրան ակտիվորեն ձգտել են դիվանագիտության միջոցով՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղ պայմանավորվածություններին։ «Եվ, կարծում եմ, հիմա դա իսկապես հնարավոր է։ Ես այդ մասին խոսել եմ մոտ մեկ շաբաթ առաջ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կարծում եմ՝ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև՝ ողջ տարածաշրջանի շահերին»,- շարունակել էր Բլինքենը։

Հունիսին Բաքու կատարած այցի ընթացքում Օ՛Բրայենը ևս խոսել էր Ադրբեջանի դերակատարությունից և, այսպես կոչված, Միջին միջանցքի ծրագրից։ Նույն այցի ընթացքում պետքարտուղարի տեղակալը հայտարարել էր, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հրավիրվել են մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների գագաթնաժողովին։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հրավերն ընդունեցին, և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նախաձեռնությամբ հանդես եկավ և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին, սակայն բանակցությունները կարծես ավարտվեցին առանց էական առաջընթացի։ Զուգահեռաբար, Օ՛Բրայենի հայաստանյան այցի ընթացքում հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, որոնք ռազմավարական երկխոսություն են սկսելու, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացնելու են «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Վաշինգտոնի մեկամսյա հայ-ադրբեջանական ջանքերին զուգահեռ՝ շարունակվեցին ամերիկյան բարձրաստիճան այցեր Հայաստանի Հանրապետություն։ Խոսքը հունիսի 17-ին ՀՀ ժամանած ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերմայի, հուլիսի 5-ին ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության, հուլիսի 9-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի այցերի մասին է:

Բացի այդ, ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառում անցկացրեց օրերս Կապան քաղաքում, խոսելով ԱՄՆ-ՀՀ, ԱՄՆ-Սյունիք հարաբերությունների մասին։

Իսկ հուլիսի 13-ին սկսվեց ԱՄՆ պետքարտուղարի`Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի այցը ՀՀ, ուր նա ժամանեց Թբիլիսիից։

«Մենք ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը (Հայաստանի) կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ խթանելու օրենքի ժողովրդավարական գերակայությունը, պայքարելու կոռուպցիայի դեմ և բարեփոխելու դատական ​​համակարգը»,- գրել էր նա իր X-ի էջում։

Նա արդեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, ապա այցելել Հաղպատ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, հանդիպել քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ և քննարկել ԱՄՆ աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և մամուլի ազատության առաջմղման հարցերում՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։

Ուզրա Զեյան վերջերս այցելել է մի քանի երկրներ։ 2024 թվականի մայիսին նա այցելել է Հորդանան և Իրաք՝ խթանելու մարդասիրական և մարդու իրավունքների առաջնահերթությունները:

Նա 2024 թվականի մարտին Կանադայում էր՝ ամրապնդելու համագործակցությունը մարդու իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ։

Նա նաև 2024 թվականի ընթացքում մեկնել է Սենեգալ, Գվինեա, Մոզամբիկ և Նամիբիա, որտեղ քննարկել է մարդու իրավունքների և մարդասիրական հարցեր։

Վրաստանում փոխպետքարտուղար Զեյան հանդիպել է քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ։

Նա հանդիպել էր նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

X-ում արած գրառման համաձայն, ԱՄՆ-ը շարունակում է լրջորեն մտահոգված մնալ, թե ինչպես են վրաց իշխանությունները հակաժողովրդավարական գործողություններ իրականացնում, ներառյալ, այսպես կոչված, արտաքին ազդեցության մասին օրենքը, և հռետորաբանորեն խաթարում իրենց ԵՄ ուղին և հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: «Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը շտկել ընթացքը և իրականացնել Վրաստանի եվրոպական ապագայի նկատմամբ հանրային նկրտումները»,- գրել էր Զեյան։

Մեր տեղեկությունների համաձայն, բոլոր այցերը տեղավորվում են Հայաստանին ու Ադրբեջանին շուտափույթ կերպով Խաղաղության համաձայնագրի ստորագրման մղելու՝ Վաշինգտոնի առաջնահերթության իրագործմանը։

Սրա համար, մեր աղբյուրների համաձայն, այս մեկ ամսվա ընթացքում Վաշինգտոնը հայտարարեց Երևանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու մասին, որի համար սկսեցին ոլորտային փոխպետքարտուղարների այցերը ՀՀ ոլորտային համագործակցության խորացման նպատակով։

«Պետքարտուղարությունն իր վերջին ջանքերն է ներդնում այս փուլում համաձայնագիրը ստորագրելու համար, քանի որ ԱՄՆ-ում ներքաղաքական կրքերը թեժանում են, և իշխող ուժը բավականին ծանր իրավիճակում է, սկզբից գործող նախագահը պարտվեց առաջին բանավեճը, որից հետո սկսվեց հեղինակությունը վերականգնելու ճանապարհ, իսկ օրերս տեղի ունեցավ մյուս թեկնածուի մահափորձը։ Կրքերն իսկապես չափազանց թեժ են, և սա առնչվում է ողջ աշխարհի հետ, հաշվի առնելով, թե որքան տարբեր կարող է լինել Թրամփի արտաքին քաղաքականությունը և ինչպես է նա ընկալվում։ Այս առումով Ռուսաստանը, Չինաստանը առանձնահատուկ ակնկալիքներ ունեն»,- ասաց մեր մերձդիվանագիտական աղբյուրը։

Բացի դա, Վրաստանի Իշխանությունների վերադիրքավորումը և դիրքորոշումների կոշտացումը Վաշինգտոնին ստիպում է ավելի հաստատվել մյուս երկրների ուղղությամբ։

«Սակայն Վաշինգտոնի շտապողականությունը կապ ունի՝ ինչպես աշխարհաքաղաքականության, այնպես էլ՝ ամերիկյան ընտրությունների անկանխատեսելիության հետ, որը ստիպում է կողմերին ինտենսիվ համոզել։ Այցերը ՀՀ կապ ունեն այդ ցուցադրական աշխատանքի հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս