Պետդեպարտամենտն արդյունավետ է անվանել Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունների բանակցությունները
ԱՄՆ պետդեպարտամենտը Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների՝ Վաշինգտոնում ընթացող բանակցությունները բնութագրել է որպես արդյունավետ և դրական։ Այս մասին, հղում կատարելով ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչին, հայտնել է Reuters գործակալությունը։
Նրա տվյալներով՝ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ խաղաղ բանակցությունների երրորդ փուլի շրջանակում իսրայելական և լիբանանյան պատվիրակությունների առաջին հանդիպումը եղել է «արդյունավետ և դրական»։ Նա նաև հաստատել է, որ խորհրդակցությունները կշարունակվեն ուրբաթ։
Ավելի վաղ LBCI հեռուստաալիքը, հղում կատարելով ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության աղբյուրներին, հայտնել էր, որ հինգշաբթի Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները քննարկել են հրադադարի ռեժիմի երկարաձգման պայմանները, որի ժամկետը լրանում է մայիսի 18-ին, ինչպես նաև սահմանային վեճերի կարգավորման մեխանիզմը։ Պատվիրակությունների կազմում ընդգրկված են դիվանագետներ և ռազմական փորձագետներ։
Ինչպես տեղեկացրել է համաարաբական Asharq al-Awsat («Աշ-Շարք ալ-Աուսաթ») թերթը, Լիբանանի կառավարությունը ձգտում է Իսրայելի հետ կնքել անվտանգության միջոցների վերաբերյալ համաձայնագիր, որը վերջ կդնի թշնամական վիճակին։ Ինչ վերաբերում է հրեական պետության հետ խաղաղության պայմանագրին և հարաբերությունների կարգավորմանը, ապա Բեյրութն առայժմ պատրաստ չէ նման քայլի։
Կողմերի միջև հանդիպումները տեղի են ունենում Պետդեպարտամենտում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ակտիվ աջակցությամբ։ Ապրիլի 14-ին կայացած առաջին փուլի ընթացքում հաջողվել էր հասնել համաձայնության՝ Լիբանանում ապրիլի 17-ից հրադադարի ռեժիմ սահմանելու վերաբերյալ, իսկ ապրիլի 23-ին տեղի ունեցած երկրորդ փուլի արդյունքներով հայտարարվել էր զինադադարը ևս երեք շաբաթով երկարաձգելու մասին։



