Բաժիններ՝

Չինաստանը կոչ է արել հնարավորինս շուտ վերականգնել համաշխարհային մատակարարման շղթաների գործունեությունը

Չինաստանը շարունակելու է բանակցել միջազգային հանրության հետ՝ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու գործում կառուցողական դեր խաղալու համար։ Այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ պատասխանելով Իրանում իրավիճակի մասին հարցերին։

«Չինաստանի դիրքորոշումն Իրանի իրավիճակի վերաբերյալ շատ հստակ է։ Հակամարտությունը լուրջ կորուստներ է պատճառել Իրանի և տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդներին։ Շարունակվելով՝ հակամարտությունը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսական աճի, մատակարարման շղթաների, միջազգային առևտրային կարգուկանոնի և համաշխարհային էներգամատակարարման կայունության վրա, ինչը վնասում է միջազգային հանրության ընդհանուր շահերին»,- Xinhua-ի փոխանցմամբ, ասել է խոսնակը։

Նա հայտարարել է, որ իմաստ չկա շարունակելու հակամարտությունը, որը չպետք է առհասարակ սկսված լիներ։ «Իրադրությունը կարգավորելու շուտափույթ ճանապարհ գտնելը ոչ միայն Միացյալ Նահանգների և Իրանի, այլև տարածաշրջանային և աշխարհի մնացած երկրների շահերից է բխում», – նշել է ԱԳՆ խոսնակը։

Նա նկատել է, որ ԱՄՆ-Իրան՝ վերջերս կնքված հրադադարը և բանակցությունների միջոցով խնդիրները լուծելու ջանքերը ողջունվում են տարածաշրջանային երկրների և միջազգային հանրության կողմից՝ հավելելով, որ Չինաստանը միշտ համարել է, որ երկխոսությունն ու բանակցությունները առաջ շարժվելու ճիշտ ուղին են, իսկ ուժի կիրառումը՝ փակուղի։

«Հիմա, երբ երկխոսության դուռը բացվել է, այն չպետք է նորից փակվի։ Կարևոր է պահպանել քաղաքական կարգավորման ուղղվածությունը, ներգրավվել երկխոսության և խորհրդակցությունների մեջ, ինչպես նաև հասնել Իրանի միջուկային հարցի և այլ հարցերի վերաբերյալ այնպիսի կարգավորման, որը կբավարարի բոլոր կողմերի մտահոգությունները», – հայտարարել է խոսնակը։

Նա նկատել է, որ հարկավոր է հնարավորինս շուտ բացել առևտրային ճանապարհները՝ համաշխարհային մատակարարման շղթաները կայուն և անխոչընդոտ պահելու համար։

«Կարևոր է հնարավորինս շուտ հասնել համապարփակ և երկարատև հրադադարի, հնարավորություն տալ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում շուտափույթ վերականգնել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև հիմք դնել տարածաշրջանի համար կայուն անվտանգության ճարտարապետության կառուցման համար»,- ասել է խոսնակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031