Ո՞վ է հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման պատասխանատուն, կամ ինչո՞ւ է այդ առաջարկի հեղինակը մոռանում Փաշինյանին
«Ալիք մեդիայի» տաղավարում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն անդրադարձել է հայտնի հակահարձակման և Շուշիի օպերացիաներին: Նախ՝ հայտնի հակահարվածի օպերացիայի մասին (1:06:35-1:11:52):
Հակահարվածի օպերացիան առաջարկել է Սամվել Բաբայանը, կազմակերպել Ջալալ Հարությունյանը
«Հակահարձակումը կազմակերպել է Ջալալը՝ կամանդուշչի արմին (ՊԲ հրամանատար։- Մ.Պ.), իրա ռեսուրսներով, խնդիրներով: Հակահարվածն առաջարկել եմ ես: Եթե հակառակորդը ճեղքել է ստեղ, 10-12 կմ բացել է, և 100-200 կմ բացվել է, քեզ զորք չունես, էս 200 կմ-ը ձգես, պաշտպանություն ստեղծես: Քեզ մնում է մի ճանապարհ, որ իրա ճեղքած տեղից ինքը խորացել է, մտել է ստեղ, դու կտրես: Սա կտրելով իրան վերադարձնում ես իսխոդնի (ելման կետ։- Մ.Պ.): Այսինքն, ինքը պիտի գա սա բացելու, տարածքը հետ բացելու, որտեղից ինքը ողջ ու առողջ հետ չի գա, որովհետև արդեն իսկ դեմի զորքերն էլ են իրան ստիպում, թիկունքն էլ փակ է:
Դրա համար տակտիկա գոյություն ունի պատերազմում: Բայց հարց է՝ դու կարա՞ս էդ առաջադրանքը կատարես: Այսինքն, տվյալ զորամասը, որը դրել են, որ մասնակցի և էդ առաջադրանքը կատարի, ինքն ի վիճակի՞ է դա կատարել: Դու կամանդուշչին ես, դու պիտի դնես էն ուժերը, որոնք էդ առաջադրանքը կատարեն: Դու ես, չէ՞, ճանաչում էդ ուժերին, ես չեմ ճանաչում: Ես քանի որ չեմ ճանաչում, առաջարկել եմ՝ էս, էս էս… Քարտեզի վրա աշխատելուց ես տեսել եմ թերությունները, իրանց հուշել եմ, ասել եմ:
Օրինակ՝ էս մեկը չի կարա էդ խնդիրը կատարի: Տենց չի, որ ես չեմ իմացել, և օպերացիան սկսել են, նոր եմ ջոկել: Չէ, հենց տեղում եմ ասել: Ես ընդհանրապես ճիշտ եմ համարում՝ եթե ես առաջարկել եմ, տեղում հրամանով իմ վրա են դնում պատասխանատվությունը և ասում են՝ իրագործի: Բայց իրանք տեսել են, որ կարան իրագործեն, փորձել են իրագործել:
Հարց առաջին՝ ովքեր են ապահովել դրանց առաջխաղացումը: Հակահարվածը, որ ասում ենք, դա եղել են Ստեփանակերտի մոտոհրաձգային և տանկային բրիգադները, և Ղարաբաղի կամանդուշչին իրա շտաբով գնացել են էնտեղ՝ իրագործելու էդ օպերացիան:
Բայց դրա ամենամեծ պատասխանատուն շտաբի պետն է լինում, այսինքն, շտաբի պետն է որոշում՝ քեզ նշանակեն կամանդիր բրիգադա: Բայց պիտի հասկանանք՝ էդ մարդիկ Օնիկ Գասպարյանի օրո՞ք են էդ պաշտոնը զբաղեցրել, ուրեմն՝ Օնիկ Գասպարյանն է պատասխանատուն, եթե մինչև Օնիկ Գասպարյանն է եղել, մի այլ շտաբի պետի ժամանակ են դրանց էդ պաշտոնները տվել, ուրեմն՝ նա է պատասխանատուն: Դե, Օնիկ Գասպարյանն էլ ասում է՝ 3 ամիս է եկել եմ….
Եթե քեզ նշանակել են էս բրիգադի հրամանատար, քեզ տվել են զենք, տվյալ շտաբի պետը, հրամանատարը տեղյակ է քո հնարավորություններին, ռեսուրսներին, և երբ քեզ առաջադրանք է դնում, գիտի, որ էդ ռեսուրսով կարաս էդ խնդիրը լուծես: Ես ուղղակի տվել եմ գաղափար, կողքից մարդ եմ: Բայց դու՝ որպես հրամանատար, պիտի ընտրես՝ որ զորամասն է համապատասխանում էս առաջադրանքը կատարելու համար: Հիմա որ դուք պռավալ եք տալիս, խի՞ եք ուզում մեղքը գցեք ուրիշի վրա»,- մանրամասնել է Սամվել Բաբայանը՝ շեշտելով, որ ինքն օպերացիան կատարող ուժերին չի ճանաչել, և հենց խնդիրն էլ դրանում է եղել:
Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերին ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունանին մեղադրանք էր առաջադրվել վերը նշված հայտնի հակահարվածի դրվագով: Իսկ 2023 թվականի հունիսին այս առնչությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու որոշում էր կայացվել և նշանակվել հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն:
Արդեն 2023 թվականի նոյեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած հակահարձակման դրվագով:
Իսկ հայտնի հակահարվածի դրվագով ռազմագիտական փորձաքննություն նշանակելուց մոտ 2 շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում Ջալալ Հարությունյանի գործով հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրել էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա:
Նախքան Փաշինյանը կանդրադառնար այս օպերացիային, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ Օնիկ Գասպարյանն իրենց ասել էր, որ հակահարձակումների նախապատրաստման փուլում Օնիկ Գասպարյանը խոսելով հակահարձակման հեղինակ Սամվել Բաբայանի հետ՝ Ջալալ Հարությունյանին հանձնարարել է ուսումնասիրել տեղանքը:
«Եթե չեմ սխալվում, Օնիկ Գապարյանն ասեց՝ Ջալալը գնաց նայեց և ասեց՝ «աչքս ուտում է», այսինքն, նայվող օպերացիա կարող է ծնվել, որը ռազմական ղեկավարության կողմից դիտվում էր, որ դա իրավիճակ կարող էր փոխել ճակատային այդ հատվածում: Երբ ստացվել է ՊԲ հրամանատարի դրական պատասխանը, նախաձեռնել է հակահարձակում»,- շեշտել էր Քոչարյանը:
Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել էր, որ տեղյակ է հանգամանքներին, և հոկտեմբերի 5-6-ին եղել է Ստեփանակերտում, ՊԲ հրամկետում, արդեն 9-րդ ՊՇ-ի ճեղքումը տեղի էր ունեցել:
«Ինձ համար կարևոր է եղել ԳՇ պետի կարծիքը: Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն, և այն փաստը, որ իրենք կրում են գեներալական ուսադիրներ, ինձ համար վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է։ Սա շատ երկար գործոն է եղել, մինչև որ այդ վստահությունը ամբողջությամբ չի խաթարվել, ընդ որում, խաթարումը կապված է կոնկրետ դրվագների հետ։ Եվ ես այնտեղից կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, պարոն Բաբայանին եմ խնդրել, որ ներկայացնի իր գաղափարը: Օնիկ Գասպարյանն ասել է, որ տրամաբանություն կա մեջը, ու կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան, ու ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ես ասել եմ՝ շատ լավ, դրական կամ բացասական պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնեք»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը քաղաքական առումով չի արգելել դա անել, սակայն ռազմական առումով օպերացիայի իրագործումը պետք է որոշեին ռազմական պաշտոնյաները։
«Ես արդեն Երևանում էի, ու Օնիկ Գասպարյանը ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիրն այդպես է դրել՝ «տես՝ աչքդ ուտո՞ւմ է, թե՞ ոչ», որից հետո Հարությունյանը ասել է՝ այո։ Ես տեղյակ եմ, որ այդ դրվագով քրեական գործ կա հարուցված և քննություն է իրականացվում, ու ամենևին փաստ չէ, որ դա անիրատեսական ու չհիմնավորված բան էր»,- եզրափակել էր Փաշինյանը՝ ըստ էության, հիմք ընդունելով Սամվել Բաբայանի այս առնչությամբ բոլոր ասածները:
Երբ դեռ վերը նշված ռազմագիտական փորձաքննությունը նոր էր նշանակվել հայտնի հակահարվածի դրվագով, և դեռ Նիկոլ Փաշինյանն էլ չէր հարցաքննվել Քննիչ հանձնաժողովում, 168.am-ը փորձել էր հասկանալ՝ ո՞ւմ է փրկում ռազմագիտական փորձաքննությունը ՝ Ջալալ Հարությունյանի՞ն, Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ երկուսին միասին, կամ ուրիշ մեկին ևս՝ հիշեցնելով մի քանի փաստ:
Առաջին, Ջալալ Հարությունյանի փաստաբանը 2022 թվականին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ հակահարվածի որոշման հավանությունը Ջալալ Հարությունյանը ստացել է Նիկոլ Փաշինյանից՝ գերագույն գլխավոր հրամանատարից:
«Կարծում եմ՝ այդ իրավիճակում հավանություն չտալը՝ թե՛ ԳՇ-ի, թե՛ գերագույն հրամանատարի կողմից, կլիներ սխալ, որովհետև այն պահին, երբ այս որոշումը կայացվել է, եղել են բոլոր նախադրյալները՝ որոշումը կայացնելու։ Եթե այս որոշմամբ հակահարվածը ներքևի օղակներում կարողանային բարձր մակարդակով իրականացնել, մենք կարող էինք ունենալ այլ պատկեր՝ ամբողջ պատերազմի համար»,- ասել էր Արսեն Սարդարյանը:
Խոսելով կոնկրետ Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղու ուղղությամբ հակահարված կազմակերպելու մասին, նա նշել էր, որ այդ ուղղության հետ կապված եղել են հետախուզական տվյալներ, որ ունենք առավելություն, և մեր ռեզերվային ուժերը, որոնք կարող են ներգրավվել այդ օպերացիային, մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան հակառակորդի ուժերը, որոնք այդ տարածքում տեղակայված են։
«Պատահական չէ, որ այդ հակահարձակումն ունեցել է բավականին լավ արդյունքներ»,- ընդգծել էր փաստաբանը:
Երկրորդ, պատերազմից հետո 2021 թվականի ապրիլին Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ «Քյանդ-Հորադիզ» օպերացիայի գաղափարն ինքն է առաջարկել, և որը, թերևս, որոշակի առնչություն ունի Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրանքի առաջին դրվագի հետ:
«Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի (հոկտեմբերի,- Մ.Պ․) 5-6-ը, երբ հակառակորդի մի թևը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թևը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թևը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն՝ մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչև Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ-ն փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ցավալին նա է, որ մասնակիցներից մեկն է դա ասում՝ ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, ով անցել է Իրանի կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է և՛ Ջալալը, և՛ Օնիկը Գասպարյան, որ այո, դա է միակ ձևը»,- մանրամասնել էր Սամվել Բաբայանը:
Երրորդ, Նիկոլ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերի 6-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ խոսում էր Արցախ կատարած այցի մասին:
168.am-ը գրել էր, որ տվյալ գրառումը Փաշինյանը մի քանի անգամ խմբագրել է:
Նախնական տարբերակում Փաշինյանը նշել էր, որ «ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել են հակառակորդին արժանի հակահարված հասցնելու հետագա քայլերը»:
Խմբագրումից հետո «հակառակորդին արժանի հակահարված»-ը դարձել էր «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված»:
Սակայն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այս այցի մասին 2020-ի հոկտեմբերի 6-ին հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու քայլերի մասին»:
Հավելենք, որ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը՝ հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո ազատվել պաշտոնից՝ հոկտեմբերի 8-ին:
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի վերևում հիշատակված հարցազրույցին, ապա այստեղ մի քանի հարց է առաջանում: Նախ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին, որը, ըստ իր այլ հայտարարությունների, խորհրդատվական լիազորություն ուներ, ինչ ընթացակարգով պետք է օպերացիայի ղեկավար նշանակեին, եթե ասվածի տողատակում չկա ցանկություն առնվազն ՊԲ հրամանատարությունը ստանձնելու:
Երկրորդ, տպավորություն է, որ Սամվել Բաբայանը «խնայում է» Նիկոլ Փաշինյանին, որը հաստատել է հակահարվածի օպերացիան՝ որպես գերագույն հրամանատար, այլ հարց է՝ ունե՞ր 44-օրյա պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար լինելու իրավունք, թե՞ ոչ:
Երրորդ, երբ Սամվել Բաբայանը սխալ կադրերի հարց է առաջ քաշում, մոռանում է, որ 44-օրյա իշխանափոխությունից հետո, պատերազմից առաջ ՊԲ-ում և ՀՀ ԶՈւ-ում կադրային ոչ ճիշտ նշանակումներ են կատարվել, որ քաղաքական «վրեժխնդրությունից» ելնելով՝ փորձառու զինվորականներ են հեռացվել, որ ՊԲ կարևոր հատվածներում տեղանքին ոչ ծանոթ հրամանատարներ են նշանակվել, ինչը վերջերս նաև Փաշինյանն էր ընդունել: Եվ մենք չգիտենք՝ ո՞ր նշանակման հետ է համաձայնել կամ չհամաձայնել Օնիկ Գասպարյանը, կամ նրա նախորդը, և այլն:
Այս ամենի մասին 168.am-ը մանրամասն վերլուծություններ է ներկայացրել։ Այսինքն, այս մասին պետք էր ավելի վաղ խոսել: Ի դեպ, պետք է նկատել, որ Սամվել Բաբայանն այս հարցազրույցում, համեմատած իր նախորդ հայտարարությունների և հարցազրույցների, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի մասին ավելի զգուշավոր էր խոսում: Գուցե դրա համար պատճառնե՞ր կան:
Ես Շուշիի օպերացիային չեմ մասնակցել, առաջարկել եմ ինչ-որ գործողություններ
«Ալիք մեդիայի» տաղավարում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը, ինչպես արդեն վերևում նշեցինք, անդրադարձել է նաև Շուշիի օպերացիային (55:13-55:55):
Սամվել Բաբայանը նշված հարցազրույցում շեշտել է՝ ես օպերացիայի չեմ մասնակցել, առաջարկել եմ ինչ-որ գործողություններ, և նշել, որ եթե իր ցանկացած առաջարկ կատարեին, կհաղթեինք:
Հարցին, որ համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որն առնչվում էր Շուշիի հետ, ՊԲ նախկին հրամանատարն արձագանքել է.
«Շուշիի պաշտպանության օպերացիան գնում ես, երկու գումարտակ Հայաստանից, մեկը՝ Արցախից, խորհրդակցություն ես անում, կանգնած են կամբատները, գիշերվա 2-ին դրել եմ քեզ պատասխանատու, որ էդ մարդիկ գան էսինչ տեղը: Կամանդուշչի արմին (նկատի ունի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին։– Մ.Պ.) պիտի հրաման գրի, որ էդ օպերացիայի պատասխանատվությունը դնում է իմ վրա: Կամանդուշչի արմիայի հրամանը չկա, գումարտակները հրաժարվում են: Քրեական գործը հարուցած է ՀՀ անվտանգությունում, ո՞ւր է, ընթացքավորեք»:
Բաբայանը նաև ակնարկել է, որ «կամանդուշչի արմին» նշանակվում է համապատասխան տեղից, ինչի չեն նշանակել, դա արդեն այլ հարց է:
Հիշեցնենք, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ հունիսի 18-ին, ֆեյսբուքյան իր էջում Փայլակ Առաքելյան անունով օգտատերը պատերազմի ժամանակ Ստեփանակերտի բունկերում կայացած և Սամվել Բաբայանի հիշատակած քննարկման տեսանյութ է հրապարակում՝ «2020թ. նոյեմբերի Շուշիի չիրականացված օպերացիան, որը փոխելու էր պատերազմի ողջ ընթացքը» գրառմամբ:
Ի դեպ, Առաքելյանի ֆեյսբուքյան էջում գրված է, որ նա աշխատել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակում: Նշենք, որ պատերազմի օրերին Սամվել Բաբայանն Արցախի ԱԽ քարտուղարն էր:
Առաքելյանն այժմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատակազմում է աշխատում, նրա օգնականն է:
Իսկ տեսագրության մեջ, մասնավորապես, Սամվել Բաբայանն ասում է. «Սղնախն արդեն անցնում ես, դրա տակ, Սղնախի էս կողքով գալիս ես այստեղ: Դրանից այս կողմ, կիլոմետր, կիլոմետր ու կես դեպի Քիրսը: Ունե՞ք ճանապարհ, որով փայտ էիք հանում, չգիտեմ ինչ էիք անում, ճանապարհ ունե՞ք»։
Այնուհետև Բաբայանը շարունակում է, որ «խնդիրը հետևյալն է. արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է, վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը»:
«Կարողանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ եմ ասում: Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել չկա: Ինչ խնդիր որ ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է: Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել: Հակառակ դեպքում մենք պիտի այստեղից դուրս գանք ուղիղ Երևան, ասենք՝ Ղարաբաղ, ցտեսություն, հողերը տանք, գնանք: Դեռ հարց է՝ ադրբեջանցին թողնո՞ւմ է, որ մեր զորքերը, ժողովուրդը հանենք: Այսինքն՝ էս օպերացիան ձևական չի»,- շեշտել էր նա:
Սղնախի օպերացիան տապալվում է, Շուշին կորցնում ենք:
2020 թվականին Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկի եթերում մանրամասնել էր նաև, որ Սղնախ գյուղում ադրբեջանցիները ստեղծել էին բազա ու ձգվում էին դեպի Շուշի։
«Օպերացիան հետևյալն էր. երեք գումարտակ. 2-ը՝ Հայաստանից, մեկը Ղարաբաղից՝ Առաջաձորի գումարտակը: Խնդիրը հետևյալն էր՝ Ավետարանոց գյուղի դիմացով պիտի նստեին ու բարձունք վերցնեին, հակառակորդին ճանապարհից կտրեին, երկրորդ՝ Սղնախը երկու կողմից շրջապատեին՝ հակառակորդին ստիպելով Շուշիից հետ քաշվել: Շոշ գյուղում գումարտակի հրամանատարներին բացատրվում է օպերացիան, որ Շուշիի խնդիրը կլուծվի։ Նոյեմբերի 5-ի գիշերը ժամը 2-ին ինձ ասում են, որ առաջին հերթին Առաջաձորի գումարտակը հրաժարվում է, հետո Հայաստանի երկու գումարտակներն են հրաժարվում կատարել դա»,- շարունակել էր նա:
Այս թեման կարելի է շարունակել, անդրադառնալ Առաջաձորի գումարտակին, և թե ինչի են, օրինակ, հրաժարվել ՀՀ-ից Արցախ գնացած գումարտակները:
Իսկ ավելի ուշ Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սամվել Բաբայանը ծիծաղելի էր համարել խոսակցությունները, թե ՊԲ նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանից և Միքայել Արզումանյանից հետո հաջորդ մեղադրվողը 44-օրյա պատերազմի համատեքստում ինքն է լինելու:
«Բոլոր մասնակիցները գնում են ցուցմունքներ գրելու, և՛ Քյանդ-Հորադիզի ուղղությամբ կատարվածը, և՛ Շուշիի օպերացիան, և՛ դրա թիկունքը փակելը։ Ես գիտեմ, որ նրանք, ովքեր գնում են, շատ վատ կարգավիճակում են։ Ինձ հարցրել են, ես նկարագրել եմ, թե ոնց է եղել։ Հետո այդ անձերին են կանչել, և ստացվել է, որ իմ ասածն է իրականությունը։ Իրենց ասածն իրականության հետ չի բռնում։ Վկայի կարգավիճակ ունեմ։ Մենք 1000 տոկոսով ճիշտ ենք։ Այստեղ մարդիկ կան, որոնք լրատվականներով ասում են, թե հես ա հերթն իմն է․․․ ժողովուրդ, մի ծիծաղեցրեք։ Խայտառակ վիճակ է եղել»,- շեշտել էր նա:
Իսկ Շուշիի օպերացիայի համատեքստում «Ալիք մեդիային» տված հարցազրույցում Սամվել Բաբայանն անտեսել է Փաշինյանի դերակատարումը, և այն, որ նոյեմբերի 7-ին Շուշիի անկման մասին իմանալով, հրահանգ էր տվել քաղաքը հետ վերցնել, արդյո՞ք դրա ռեսուրսն ունեինք: Կամ՝ ինչո՞ւ Քննիչ հանձնաժողովը տարբերակ չգտավ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին հարցաքննելու և լսելու նրա ճշմարտությունը Շուշին կորցնելու առնչությամբ:
Ի դեպ, 2023 թվականի հուլիսին նա հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշում էր.
«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։
Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։
Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը»:
Հիմա, երբ վերոնշյալ հարցազրույցում Սամվել Բաբայանն ասում է, որ պիտի Շուշիի օպերացիայի պատասխանատվությունն իր վրա դրվեր, բացի ընթացակարգային հնարավոր խնդիրներից, ինչպես էր լուծելու մարդկային և սպառազինության ռեսուրսի խնդիրը, երբ 2023 թվականի հոկտեմբերի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում գաղտնազերծել էր հետևյալը.
«Ես եկել եմ Արցախից նոյեմբերի 6 ին՝ Ղարաբաղի նախագահի խնդրանքով: Բանակցություններ եմ վարել այստեղ ռուսական մի ընկերության հետ, որը նայոմնիկներով է զբաղվում: Ամսի 6-ին ինձ գործուղում են այստեղ բանակցությունների, ես գալիս եմ բանակցեմ, որ նայոմնիկ գնա ստեղից, ու դուք ամսի 9-ին ղազագիր եք ստորագրում: Հիմա ես ի՞նչ պիտի անեի, պիտի հրաժարական տայի, սրա մասին է խոսքը: Ես լքել եմ պաշտոնը, որովհետև որպես ԱԽ քարտուղար՝ ուղարկում են բանակցությունների, և իմ թիկունքում ստորագրում փաստաթուղթ: Եթե անվստահելի եմ, ես ԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարական եմ տվել և իմ «Արցախի հերոսի» մեդալը հանձնել՝ որպես պրոտեստ»:
Այսինքն, գուցե 44-օրյա պատերազմը հաղթելու քաղաքական կամք չի՞ եղել, ի վերջո, պատերազմի հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հորդորել էր համակերպվել պարտության հետ: Ւսկ Շուշիում տեղի ունեցածի հետ կապված դեռ շատ բան կա բացահայտման ենթակա, իսկ մի օր իշխանափոխությունից հետո 44-օրյա պատերազմի պարտության համար պետք է պատասխան տա նաև քաղաքական ղեկավարությունը:
Ի վերջո, ինչպես ինքն է ասում՝ հրամանատարներից եկած հրամանները ո՛չ քաղաքականապես, ո՛չ բարոյապես, ո՛չ ռազմականապես չհասկանալը դա ևս պատասխանատվություն է ենթադրում: Ավելին, պատերազմական իրավիճակում գերագույն հրամանատարը ռազմական և քաղաքական որոշումներ կայացնելու իրավունք ունի: