Փաշինյանը չեզոքացրել է բանակից եկող վտանգները

2018 թվականի իշխանափոխությունից հետո տարբեր առիթներով խոսել ենք Նիկոլ Փաշինյանի՝ բանակի դեմ տարվող քաղաքականության մասին, ինչն արտահայտվում էր ամենատարբեր ձևերով։

2021-2023 թվականներին մանրամասն անդրադարձել ենք պատերազմից առաջ ՀՀ զինված ուժերում և Արցախի ՊԲ-ում կադրային փոփոխություններին, ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսներում հրամանատարների, ինչպես նաև կադրային  ռազմական հետախուզության և օպերատիվ կառավարման ոլորտներում կադրային փոփոխություններին, նաև, թե քանի պաշտպանության նախարար և գլխավոր շտաբի պետ է փոխվել Փաշինյանի կառավարման օրոք: Բնականաբար, այս ուսումնասիրություններից հետո ևս կադրային նշանակումներ, փոխատեղումներ են կատարվել:

44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը շարունակել է ազատվել փորձառու զինվորականներից, բանակին սկսել է պարտադրել իր խաղաղության օրակարգը՝ ՀՀ զինված ուժերին զրկելով իր սահմանադրական պարտականությունները կատարելու իրավունքից, այսօր արդեն այդ իրավունքից բխող խնդիրները Փաշինյանը համարում է ոչ լեգիտիմ, իսկ դրանից առաջ զգուշացրել էր՝ բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե՝ պատերազմի, այլ՝ խաղաղության համար: Մինչդեռ հայկական բանակը երբեք էլ նախահարձակ չի եղել, այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չի ունեցել: Այսինքն, երբեք չի վարվել նվաճողական քաղաքականություն, բայց փորձ է արվել թշնամուն պարտադրել խաղաղություն, որն Արցախում և ՀՀ սահմանագծում արտահայտվել է դիրքային բարելավումներով, ինչի արդյունքում մինչև այսօր Տավուշի հատվածում և նույնիսկ նախիջևանյան թևում հայկական կողմի դիրքերը գերակա են ադրբեջանականի նկատմամբ: Քիչ ժամանակ, և չի լինի նաև այս հատվածների՝ նախկին իշխանությունների օրոք կառուցված պաշտպանական ամուր համակարգն ու գծերը, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Արցախում 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո, մինչև ՊԲ-ն դադարեց գոյություն ունենալ:

Հնարավոր չէ՝ ունենալ անվտանգություն, առանց ամուր անվտանգության գոտու, այսինքն, նենգ մանիպուլյացիա է Փաշինյանի պնդումը, թե հնարավոր է Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևանների դեպքում ապահովել անվտանգություն՝ ամեն օր ճեղքվող, փշրվող, քանդվող անվտանգության գոտիների պայմաններում:

Կարդացեք նաև

Այս մասին շատ ենք խոսել և դեռ կարելի է մասնագիտական պնդումներ անել: Բայց տվյալ դեպքում սրա վրա չէ, որ ուզում ենք շեշտը դնել: Այլ նրա, որ Փաշինյանը, ով միշտ կոմպլեքսներ է ունեցել բանակից, զինվորականությունից, գեներալներից, կարողացել է այսօր «ստանալ» վերահսկելի բանակ:

Այսինքն, բանակն այլևս «սպառնալիք» չէ նրա համար, ինչպես նախկինում, ինչպես իշխանափոխության սկզբում, և նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ բանակը, գեներալիտետը ներեցին Փաշինյանին իրենց պարտադրած պարտության համար:

Եվ անգամ, երբ 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ինչ-որ առումով բանակը դեռ վտանգ էր ներկայացնում Փաշինյանի համար, երբ Զինված ուժերի ղեկավարությունը սահմանափակվեց միայն հայտարարությամբ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը:

Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ոչ միայն նշել էր, որ «հայ ժողովրդի համար ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ, որ գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», այլև հայտարարել էր որ «հատել է իրենց համբերության սահմանը, այլևս չեն հանդուրժելու զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված իշխանական «գրոհները»»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը սահմաններ հատել էր նաև 44-օրյայի ընթացքում, ինչպես մի առիթով մեզ հետ հարցազրույցում անկեղծացել էր ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ «պատերազմի ընթացքում երևի սկսվել են, հետո արդեն ավելի խորացել են դրանք»: Փաշինյանն առնվազն Օնիկ Գասպարյանի նկատմամբ հրապարակային կարմիր գծեր հատեց, երբ նա արդեն ԳՇ պետ չէր այլևս:

Իսկ թե ինչու հեռացավ Օնիկ Գասպարյանը, 168.am-ն անդրադարձել է այս հարցին՝ չբացառելով, որ հնարավոր է՝ եղել են արտաքին գործոններ և սպառնալիքներ: Չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի ավարտից օրեր հետո հեռացել էր նաև Դավիթ Տոնոյանը՝ թողնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, որպեսզի «ստեղծված իրավիճակը լիցքաթափվի»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ պետք է հեռանա միայն Օնիկ Գասպարյանը, և, որ նրա հեռանալուց հետո Զինված ուժերում վենդետաներ չեն լինի, բայց այս խոստումը, ըստ էության, չպահվեց:

Այս «ռազմական հեղաշրջման» փորձից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ ստորագրած որոշակի թվով գեներալների զորացրեցին, ոմանց նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, որոշների նկատմամբ մինչ այդ կային քրեական գործեր, բայց եղան նաև այնպիսիք, որոնց դեպքում կադրային փոխատեղումներ և պաշտոնի բարձրացումներ տեղի ունեցան: Վերջին միտքը միայն բացասական առումով չենք նշում, իհարկե, մտահոգիչ է որոշ գեներալների շարունակվող լռությունն այսօր:

Տպավորություն է, որ Զինված ուժերում իրենց ծառայությունը շարունակողները չեն գիտակցում, որ 2019-ի տարեվերջին այն ժամանակ դեռ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ասածը՝  «երբ ասում ենք, որ ՀՀ Զինված Ուժերը, Հայոց բանակը պետք է լինեն մարտունակ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, առաջին հերթին նկատի ունենք, որ ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով», բնավ էլ անմեղ հայտարարություն չէր, այլ՝ հստակ ծրագիր:

Բնականաբար, բանակը պիտի լինի ինտելեկտուալ, բայց այն պիտի արտահայտվի ոչ միայն սպաների՝ մի քանի օտար լեզվի տիրապետմամբ և այլ նմանատիպ բաներով, այլ մարտի դաշտում մարտավարական նոր քայլերով ու մեթոդներով: Եվ եթե վարժանքների ժամանակ խաղարկում ես ամենատարբեր ֆիզիկական և մարտական պատրաստության նորագույն կամ արևմտյան մեթոդները, բայց դիրքում պարտվում ես, ապա այս ամենը ոչ մի արժեք չունի: Հեռու ենք բանակի մոդելներն արևմտյանի և ռուսականի կամ սովետականի դասակարգելուց, քանի որ եվրոպական երկրների բանակներն իրար նման չեն, իսկ այսօրվա ռուսական բանակն էլ նախկին խորհրդային բանակը չէ: Այս թեման մասնագիտական լուրջ անդրադարձ է պահանջում, ուստի այստեղ կանգ կառնենք և կվերադառնանք նախորդ մտքին ու կհիշեցնենք Վազգեն Սարգսյանի խոսքը, որ պետության մասին դատում են պատերազմի արդյունքներով, այս դեպքում՝ բանակի կարողությունների և նույնիսկ ինտելեկտի մասին դատում են սահմանին նրա պահվածքով:

ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը չափազանց գրագետ էր, տիրապետում էր մոտ 8 լեզվի, դրան զուգահեռ՝ նա պարտադրող էր մարտի դաշտում և լավ էր հասկանում, որ ցանկացած բարձունքի գրավումն ավելացնում է հաղթանակի հնարավորությունը: Արդյո՞ք մենք այսօր սպաներ պատրաստելիս մեկտեղում ենք այս կարողությունները, թե՞ փորձում ենք բոլորովին այլ որակի, այլ մտածողությամբ սպաներ «մատակարարել» բանակին, որոնք եթե ոչ՝ ձեռնտու, առնվազն՝ ոչ մի վտանգ չեն ներկայացնի ո՛չ թշնամու համար, ո՛չ էլ հատկապես օրենքը Նիկոլ Փաշինյանի համար:

Այսօր ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե զորքին չկրակելու հրաման չի տրվել, իսկ կրակելո՞ւ:

Կասեք՝ բառախաղ է, բայց չկրակելու հրաման չտալը դեռ չի նշանակում կրակելու հրաման տալ անհրաժեշտ պահի: Պապիկյանը նաև նշել է, որ զինվորները գործում են Պաշտպանության նախարարությունից ստացված հրահանգով, իսկ այդ հրահանգը որքանո՞վ է բխում օրենքի պահանջից, ԶՈւ սահմանադրական պարտականություններից, գուցե այն բխում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրամանի՞ց, ցանկությունների՞ց, որոնք շատ հաճախ հակասության մեջ են մտնում պաշտպանական օրենքների և սահմանադրական պահանջների հետ: Սա է խնդիրը:

Այսօր, ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է բանակին, զինվորականությանը, այդ թվում՝ ամենաինտելեկտուալ և պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու քողի տակ: Այսօր բանակը, մեծ հաշվով, իրենից վտանգ չի ներկայացնում Փաշինյանի համար, լավագույն դեպքում՝ փոքր հարցերի շուրջ դժգոհություններ լինեն որոշ սպաների մոտ, և ոչ ավելին:

Տեսանյութեր

Լրահոս