Նիկոլ Փաշինյանը չի՞ ուզում իր դեմ երկրորդ ճակատ բացել

Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում, երբ դրա արդյունքում, մեղմ ասած, թուլացվում է երկրի ամենաամուր պաշտպանական գիծը կամ գծերից մեկը՝ հյուսիսարևելյանը, հանրության տարբեր շերտեր օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմնավորումներով մեղադրանքներ են ուղղում զինվորականության, գեներալիտետի դեմ՝ պաշտոնաթող և ոչ պաշտոնաթող, բայց հատկապես Զինված ուժերում ծառայությունն ու պաշտոնավարումը շարունակող, հատկապես, երբ Պաշտպանության նախարարությունը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը ներկայացուցիչներ ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խմբում:

Այնուհետև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ձևավորումից և Երևան տեղափոխվելուց հետո մի քանի անգամ դիմել է գործող և պահեստազորի զինվորականությանը, առաջիններին, որ չենթարկվեն Փաշինյանի ապօրինի հրամանին:

Իսկ մայիսի 18-ին Բագրատ Սրբազանը հանդիպման էր հրավիրել զինվորականներին, մասնակիցների թվում պաշտոնաթող գեներալներ և գնդապետներ կային: Ավելին, դրանից առաջ արդեն իսկ գեներալներից միացել էին շարժմանը՝ ի դեմս ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի և ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի, որոնք 2021 թվականի փետրվարի 25-ին ստորագրել էինՀՀ զինված ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ: Գեներալ Խաչատուրովը հետո նաև առանձին հաստատել էր  իր պահանջը՝ «Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան, ուստի վերահաստատում եմ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը և պահանջում Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»:

Այս հայտարարությունից հետո Գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով հեռացվեց Օնիկ Գասպարյանը, այս ընթացքում Փաշինյանի հրաժարականը պահանջած զինվորականներից ոմանք հեռացվեցին համակարգից, ոմանց նկատմամբ նաև տարբեր քրեական գործեր հարուցվեցին, որոշներն էլ ունեցան պաշտոնների փոխատեղումներ և բարձրացումներ:

Կարդացեք նաև

Մայիսի 18-ին Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից առաջ գեներալ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ, իհարկե, եղել են գեներալներ, որոնք «հրաժարվել» են Փաշինյանի հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈւ հայտարարության տակ իրենց ստորագրությունից, բայց հիմնական մասը դրանից չի հրաժարվել:

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման համատեքստում, երբ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ էր ներկայացվել, 168.am անդրադարձել էր  Եկեղեցու և ՀՀ զինված ուժերի պահանջին և դրանց հաջորդած քայլերին և հնարավոր գործողություններին: Սա ընդունեք՝ որպես ներածական: Իսկ հոդվածի շեշտադրումը կոնկրետ դեպքում այլ է:

Եվ այսպես: Ապրիլի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննությունից հետո ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը լրագրողների հետ զրույցում դեմ էր արտահայտվել Ադրբեջանի պահանջով Տավուշում Նիկոլ Փաշինյանի սահմանազատման և սահմանագծման պիլոտային և ապօրինի գործընթացին:

– Նիկոլ Փաշինյանը Ձեր հայրենիքի տարածքներն է ականազերծում և Ադրբեջանին տա:

– Շատ վատ է անում:

– Կպայքարե՞ք տավուշցիների հետ:

– Այո:

Այսօր գեներալ Գասպարյանը հերթական հարցաքննությունից հետո պնդել է  իր կարծիքը՚: Մասնավորապես, Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի և դրա դեմ իր պայքարել-չպայքարելու վերաբերյալ Oragir.News-ի հարցին նա պատասխանել է.

«Իսկ ո՞վ է ասում, որ չեմ պայքարում։ Ո՞վ է ասում, որ չեմ պայքարում: Պայքարը միայն փողոցում հայտնվելով չի, ինչ որ անհրաժեշտ է, ես կատարում եմ, ինչ նպատակահարմար եմ գտնում, անում եմ: Միանշանակ համաձայն չեմ՝ ինչ որ կատարվում է, և գտնում եմ, որ սահմանազատում չի կարելի որակել միակողմանի զիջումները: Մնացածը՝ հետո»:

Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը 168.am-ի հետ զրույցում քննադատել է նաև մոտ 3 տարի «հրթիռների գործով» կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«ՀՀ վարչապետի կողմից «4 գյուղերի» հարցի վերադարձը բանակցային կամ սահմանազատման օրակարգ, ընդ որում, ինչպես նշել է Ալիևը` հենց իր պահանջով, ադրբեջանական հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը չեզոքացնելու պատճառաբանությամբ, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում և խճճող է: Այդ նույն տրամաբանությամբ Ադրբեջանի ղեկավարի համար ՀՀ Սահմանադրության որոշ դրույթները, «Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության երաշխավորումը», ինչպես նաև՝ Հայաստան-Ադրբեջան չհամաձայնեցված կամ «վիճելի» տարածքները ոչ պակաս լեգիտիմ են լինելու ՀՀ-ի վրա հարձակվելու կամ «խաղաղության պայմանագիրը» չստորագրելու համար»,- ասել է նա և հավելել.

«Գործադիրը քաղաքական լեգիտիմություն և բարոյական իրավունք չունի մայիսի 15-ից հետո ՀՀ Զինված ուժերին հրաման իջեցնելու ռազմավարական նշանակություն ունեցող «հայ-վրաց-ադրբեջանական կամ հարավկովկասյան աշխարհագրական հանգույցում» քառակուսի կիլոմետրեր հանձնելու համար:

Այդ քառակուսի կիլոմետրերը գտնվում են մեր Զինված ուժերի թիկունքում, և դրանց հանձնումն Ադրբեջանին «ուսումնազատված փորձնական-նախնական-պիլոտային» սահմանի դիմաց ՀՀ անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման համար ոչ թե ռիսկ է պարունակում, այլ անմիջական սպառնալիք է: Համոզված եմ՝ ԶՈՒ ցանկացած տեղաշարժ կարելի է թույլատրելի համարել միայն ու միայն հայ-ադրբեջանական մոտ 1000 կմ երկարությամբ ամբողջական սահմանի «սահմանազատման և սահմանագծման» սկզբունքների համաձայնեցումից և երկու երկրների խորհրդարաններում վերոհիշյալ սկզբունքների վավերացումից հետո: …Ի դեպ, չեմ կասկածում, որ ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը մինչ ԱԺ-ում վերոհիշյալ գործընթացների ավարտը»:

Այսինքն, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկավարած ռազմական, ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ դիրքորոշում է հայտնել՝ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականում միակողմանի զիջումների մասին է: Այստեղ ուշագրավ է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմը, ընտանեկան թերթը զգուշավորություն են դրսևորում և մինչև այս պահը գոնե չեն արձագանքել ԳՇ նախկին պետի և Պաշտպանության նախկին նախարարի հայտարարություններին, ինչպես բուռն արձագանքում են Եկեղեցու կամ Բագրատ Սրբազանի սահմանազատման հետ կապված հայտարարություններին:

Միայն մայիսի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ, ինչպես նկատել էր 168.am-ը, Նիկոլ Փաշինյանը «մեղմ» մեսիջ էր հղել Օնիկ Գասպարյանին:

«Մի դրվագ կա, որի մասին ես ամբողջապես չեմ ասել, այդ թվում՝ պատկերն ինձ համար ամբողջապես չլինելու պատճառով: Դա 7-րդ օրը (Օնիկ Գասպարյանը 44-օրյա պատերազմի 4-րդ օրն էր ԱԽ նիստում առաջարկել կանգնեցնել պատերազմը։- Մ.Պ.) պատերազմը դադարեցնելու մասին էդ հայտնի խոսակցությունն էր, թե դա ինչի մասին էր, ինչ էր նշանակում, որտեղից էր գալիս և ուր էր գնում, ինչ նպատակով»,– նշել էր նա՝ առանց փակագծեր բացելու:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում իր դեմ երկրորդ ճակատ բացել: Ի վերջո, որքան էլ նա փորձի 44-օրյա պատերազմի պարտությունը միայն Զինված ուժերի վրա բարդել, կան գրավոր հրամաններ, զեկույցներ, փաստաթղթեր, փաստեր, և ինչպես ասում են՝ «рукописи не горят»: Իսկ դրանց գաղտնազերծումը կարող է չբխել Փաշինյանի շահերից, որը գուցե հասկանում է նաև ինքը՝ Փաշինյանը:
Հավելենք, որ փետրվարի 29-ին իր տարածած հայտարարության  մեջ Դավիթ Տոնոյանը, ըստ էության, նման ակնարկ արել էր, երբ նշել էր՝ «…կապված էր իմ՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստերում արտահայտված մտքերի և դիրքորոշումների հետ: Հիմնական «մտահոգիչ» պատասխանները հանրային չեն եղել…»:

Օնիկ Գասպարյանն էլ, ըստ էության, ՀՀ քաղաքական ղեկավարությանը պատերազմի օրերին և դրանից հետո իր սառը հաշվարկը և նախազգուշացումները ներկայացնելու մասին հայտարարություններով ևս որոշակի պատկեր ստեղծել է Փաշինյանի պատասխանատվության չափի և այսօրվա մասին՝ «մնացածը՝ հետո» ասվածը, թերևս, իր մեջ փաստեր է պարունակում: Սպասենք իրադարձությունների զարգացումներին:

Տեսանյութեր

Լրահոս