Ալիևը շտապեցնում է Փաշինյանին. Պետք է փորձել ընդդիմադիրներից ձայներ գողանալ և առանց հանրաքվեի ՀՀ սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագիրը

Մոտ 10 օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Reuters-ի հետ զրույցում հերթական անգամ նշել էր, որ թեև Հայաստանը և Ադրբեջանն ապրում են իրական խաղաղության պայմաններում, սակայն առանց ՀՀ սահմանադրության փոփոխության՝ խաղաղության պայմանագրի ստորագրում չի լինի:

«Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևոր է, որ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ համարվող դրույթները պաշտոնապես վերացվեն՝ նոր սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով»,– շեշտել է Հաջիևը։

Եվ երեկ՝ հուլիսի 24-ին, Ադրբեջանի նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի Միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արտակարգ և լիազոր դեսպան Նամիկ Ալիևը, հղում տալով ՀՀ սահմանադրությանը, ըստ էության, փորձել է բացել Հաջիևի ձևակերպման փակագծերը՝ «…այլ իրավական մեխանիզմի միջոցով»:

Կարդացեք նաև

«Հայաստանի սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանրաքվեի մասին» օրենքը, ինչպես նաև դրանում թվարկված ևս 6 օրենքները, հանդիսանում են սահմանադրական օրենքներ և ընդունվում են խորհրդարանի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ «Քաղաքացիական պայմանագրի» 64 պատգամավորական մանդատները թույլ են տալիս փոփոխություններ կատարել կամ ընդունել նոր «Հանրաքվեի մասին» օրենք։

Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի սահմանադրության նախաբանի փոփոխությունը, որը հղում է պարունակում 1990 թվականի Անկախության հռչակագրին՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներով, պարտադիր կերպով չի պահանջում համաժողովրդական հանրաքվեի անցկացում։

Որոշիչ նշանակություն ունի Սահմանադրության 202-րդ հոդվածը, որի 1-ին մասը սահմանում է այն գլուխների և հոդվածների ցանկը, որոնցում փոփոխություններն ընդունվում են բացառապես հանրաքվեի միջոցով։ Եվ քանի որ նախաբանն այս ցանկում բացակայում է, ապա դրա վրա տարածվում է նույն հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ Սահմանադրության մնացած դրույթների փոփոխություններն ընդունվում են Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ»,- նշում է Ալիևը:

ՀՀ սահմանադրության 202 հոդվածը, իրապես, սահմանում է հետևյալը.

«1. Սահմանադրությունը և Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ գլուխներում, ինչպես նաև Սահմանադրության 88-րդ հոդվածում, 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ և 155-րդ հոդվածներում, 200-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով: Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի»:

Եվ այսպես, ադրբեջանցի իրավաբան-դիվանագետը նկատում է.

«Այս դեպքում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից Սահմանադրության նախաբանի փոփոխության նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս՝ Փաշինյանի կողմնակիցներին նախագիծն անցկացնելու համար անհրաժեշտ է 70 ձայն։

Այստեղ հնարավոր է երկու տարբերակ: Առաջինի դեպքում՝ իշխող կուսակցությունը գտնում է իր նախագծի կողմնակիցներ ընդդիմադիր պատգամավորներից և անցկացնում է օրինագիծը։ Այդ ժամանակ հանրաքվեի անհրաժեշտությունը վերանում է։ Երկրորդ դեպքում, եթե իշխող կուսակցությանը չհաջողվի իր 64 ձայներին գումարել պակասող ձայները, բնականաբար, նախագիծը չի ընդունվում։

Իրադարձությունների նման շրջադարձի դեպքում «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները կարող են օգտվել 202-րդ հոդվածի 3-րդ մասից, որը սահմանում է, որ «եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի»:

Փաշինյանի կողմնակիցները խորհրդարանում տիրապետում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդի մեծամասնությանը, ուստի նախաբանի փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելը և դրա ընդունմանը հասնելը դժվարություն չի ներկայացնի»:

Այսինքն, ըստ Ադրբեջանի նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի Միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի ղեկավարի, Բաքվի պահանջի կատարման համար գործնական առումով գոյություն ունի երկու հիմնական ուղի. առաջին, Հայաստանի սահմանադրության նախաբանի փոփոխություն կամ Անկախության հռչակագրի բացառում, որի դեպքում վերացվում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման համար խոչընդոտ հանդիսացող տարածքային պահանջը, և որն արագ իրականացվող ընթացակարգ է պահանջում, երկրորդ, ՀՀ նոր սահմանադրություն ընդունում, որը պահանջում է տևական գործընթաց, քաղաքական և հանրային կոնսոլիդացիա և այլն:

Ո՞րն է այստեղ խնդիրը: Բաքվին հետաքրքրում է միայն ՀՀ սահմանադրությունից Անկախության հռչակագրի բացառումը, որի իրականացման արագ ընթացակարգի հնարավորություն չունի Փաշինյանը, որը կապահովեր խաղաղության համաձայնագրի արագ ստորագրում:

Մյուս կողմից, եթե նման հնարավորություն լիներ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի համար բավարար էր, ի վերջո, Բաքուն ունի իր պահանջներն ու վախերը խաղաղության օրակարգի և արցախյան հարցի համատեքստում, իսկ Փաշինյանը, բացի խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ պայմանների ապահովումից, ունի նաև ներքաղաքական իր շահերն ու վախերը, և այս դեպքում նրան ձեռնտու է նոր Սահմանադրությունը, որի նախագիծը խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել: Այստեղ չի բացառվում, որ բանակի, եկեղեցու հետ կապված չեն լինի այն դրույթները, որոնք կան գործողում, և ոչ միայն դրանք:

Բացի այս, Նիկոլ Փաշինյանը, ով ԱԺ ընտրություններից հետո հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կողմ է քվեարկել իրենց առաջարկած խաղաղության օրակարգին, ամեն դեպքում, մեկ կարևոր հաստատման կամ լեգիտիմության ապահովման անհրաժեշտություն ևս ունի՝ համաժողովրդական հանրաքվեի անցկացում:

Հենց դրա համար է նա տարբեր առիթների շեշտել՝ Սահմանադրություն ընդունելու մեկ տարբերակ կա՝ համաժողովրդական հանրաքվե, ավելին, ամիսներ առաջ նա անգամ ասել էր, որ եթե մեկ հանրաքվեն ձախողի, հաջորդը կանեն: Իհարկե, Փաշինյանը կուզենար, որ սկզբի համար կարողանար ավելի հեշտ ճանապարհով Սահմանադրությունից նախ հաներ Անկախության հռչակագիրը, հետո արդեն Նոր սահմանադրությամբ բավարարեր սեփական ներքաղաքական այլ շահերը, բայց կա այն, ինչ կա:

Մի առիթով անդրադարձել ենք Նիկոլ Փաշինյանի «սահմանադրական ռևոլյուցիաներին», իսկ ընդդիմությունը լուրջ անելիք ունի և լուրջ քարոզչական դաշտում վերանայումների անհրաժեշտություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031