ՊՈՐՏԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է, ԱՎԵԼՈՐԴ ՄԱՇԿԸ՝ ՀԵՌԱՑՎՈՒՄ․ ԻՆՉՊԵՍ ՈՒՆԵՆԱԼ ԷՍԹԵՏԻԿ ՈՐՈՎԱՅՆ

Վիրաբուժական ինչպիսի՞ միջամտություններ են աբդոմինոպլաստիկան և լիպոսակցիան, ո՞ր դեպքում են կատարվում։ Այս մասին զրուցել ենք պլաստիկ վիրաբույժ Դավիթ Մախսուդյանի հետ։

Ի՞նչ է աբդոմինոպլաստիկան և ո՞ր դեպքում է կատարվում։

– Աբդոմինոպլաստիկան վիրահատություն է, կատարվում է, երբ որովայնի հատվածում ունենք ավելորդ մաշկ և ենթամաշկային ճարպաբջջանք։ Արվում է կտրվածք հնարավորինս ցածր, որպեսզի սպին մնա ներքնազգեստի տակ և հետագայում չերևա։

Կարդացեք նաև

Իսկ լիպոսակցիայի դեպքում հեռացնում ենք տեղային լոկալ ճարպային կուտակումները, որովհետև մարմնի տարբեր հատվածներում ունենք ճարպային թակարդներ, որտեղ որ ճարպը շատ հեշտ կուտակվում է, բայց բավականին դժվար է դուրս գալիս։ Մարդը կարող է մոտ 10 կգ նիհարել, ամբողջ մարմնի ճարպի քանակն իջնի, բայց թակարդներից ճարպը դուրս չգա։ Եվ հենց այդ ժամանակ էլ օգնության է գալիս լիպոսակցիան։ Արվում են 2-3մմ կտրվածքներ։

Աբդոմինոպլաստիկան ունի՞ տեսակներ։

– Ունի շատ տեսակներ, բայց հիմնականում կիրառվում է դասական տարբերակը, որի ժամանակ հիմնականում որովայնի առաջնային հատվածում է կատարվում կտրվածքը։ Եվ ունենք շրջանաձև աբդոմինոպլաստիկա, երբ կտրվածքը սկսվում է որովայնի առաջնային հատվածից, շարունակվում է դեպի գոտկային հատված և պտտվում, գալիս ենք էլի որովայնի առաջնային հատված։

– Վիրահատությունը թույլատրվում է հղիությունից առա՞ջ, թե՞ հետո։

– Ե՛վ հղիությունից առաջ, և՛ հետո։ Բայց հղիությունից առաջ պետք է ունենանք հստակ ցուցումներ։ Վիրահատությունից մոտ մեկ տարի անց արդեն կարելի է պլանավորել հղիություն։

Հղիությունից հետո նայում ենք, որ քաշը կայունանա։ Եթե կրծքով կերակրում է բուժառուն, պետք է այդ դեպքում անցնի 3-6 ամիս, որ կարողանանք աբդոմինոպլաստիկան կատարել։ Միջինը 6-12 ամիս անց թույլատրվում է կատարել տվյալ վիրահատությունը։

– Մեծ տարիքում մաշկը թուլանում է, այդ դեպքում ևս այս վիրահատությո՞ւնն է ցուցված։

– Ցանկացած պարագայում, երբ ունենք որովայնի հատվածում ավելորդ մաշկ՝ դա հեռացնելու միակ տարբերակը աբդոմինոպլաստիկան է։ Ավելցուկ մաշկ հիմնականում ունենում են հղիությունից հետո, երբ բուժառուն տարել է մի քանի հղիություն կամ արվում է քաշի կտրուկ նվազումից հետո, երբ մաշկն ուղղակի ունակ չի եղել կրճատվելու, այդ պարագայում հեռացնում եք տվյալ մաշկը։

Աբդոմինոպլաստիկայի ժամանակ իրականացվում է պորտի ձևափոխում, տեղափոխում: Սա ո՞րն է։

– Կա, այսպես ասված, մինի աբդոմինոպլաստիկա, որը շատ քիչ է կիրառվում։ Այդ պարագայում եթե հեռացման ենթակա հատվածը փոքր է և պորտից ներքև է, այդ դեպքում միայն փոքր հատվածն ենք հեռացնում և, այսպես ասած, պորտի տեղափոխում չի լինում։ Սակայն, եթե ունենք ավելի մեծ չափով ավելցուկ մաշկ, այդ պարագայում, բնականաբար, պորտի տեղափոխում է տեղի ունենում։ Բացատրեմ՝ ինչպես։ Պորտի հատվածում անում ենք շրջանաձև կտրվածք, պորտը մնում է իր տեղում, հիմնական տեղը չենք փոխում, ուղղակի երբ դրանից վերև գտնվող մաշկը շերտազատում ենք, այդ մաշկն իջնում է ավելի ներքև, և պորտի համար բացում ենք նոր անցք։

– Լիպոսակցիան արվում է՝ աբդոմինոպլաստիկայից առա՞ջ, թե՞ հետո։

– Կարող են նաև զուգակցվել։ Աբդոմինոպլաստիկայի ժամանակ հեռացնում ենք ավելորդ մաշկը, իսկ լիպոսակցիայի ժամանակ կարողանում ենք մարմնին հաղորդել կոնտուրներ, առանց որի հնարավոր չէ գեղեցիկ արդյունք ստանալ։

Լիպոսակցիայի դեպքում կա՞ ճարպի հստակ քանակ, որ թույլատրվում է հեռացնել։

– Թույլատրելի սահմանը մարմնի զանգվածի մինչև 7 տոկոսն է։ Բայց միշտ չէ, որ պետք է հասնել այդ սահմանաչափին, քչով է պետք բավարարվել։ Կախված ծավալից՝ երբեմն աբդոմինոպլաստիկան կարելի է կատարել մամոպլաստիկայի հետ։

– Լիպոսակցիայից հետո հնարավո՞ր է՝ նորից ճարպի կուտակում լինի։

Լիպոսակցիայի միջոցով հեռացնում ենք ճարպային բջիջները՝ հիմնականում խորանիստ շերտից։ Բայց ճարպային բջիջները կարող են չափերով մեծանալ և փոքրանալ։ Այսինքն, երբ մարդն ավելորդ քաշ է հավաքում, այդ պարագայում ճարպային բջիջները ոչ թե շատանում են, այլ մեծանում։ Շատ դժվար կլինի լիպոսակցիայից հետո այդ նույն հատվածում ճարպի նույն քանակով կուտակումը, որ նորից լիպոսակցիայի կարիք լինի։

Այս վիրահատություններից հետո կարևոր է ստաբիլ պահել քաշը, որովհետև եթե անընդհատ ունենք քաշի տատանում, միշտ ճարպ է հավաքվում, դուրս գալիս՝ անդրադառնալով արդյունքի վրա։

Վիրահատությունից հետո պետք է քաշը պահել, զբաղվել սպորտով։

Թե՛ աբդոմինոպաստիկայի, թե՛ լիպոսակցիայի դեպքում ի՞նչ հակացուցումներ կան։

– Հակացուցումները բազմազան են, բայց կառանձնացնեմ, օրինակ, մարմնի զանգվածի ինդեքսը, որը շատ կարևոր է։ 2-րդ և 3-րդ կարգի ճարպակալման պարագայում մենք ուղղակի զերծ ենք մնում վիրահատություններից, որովհետև շատ բարձր է հետվիրահատական բարդությունների ռիսկը, և երկրորդ՝ չես կարող էսթետիկ, գեղեցիկ արդյունք ստանալ։ Օրինակ, եթե մարդն ունի 2-րդ աստիճանի ճարպակալում, և խոսքն աբդոմինոպլաստիկայի մասին է, մի քանի շերտով ճարպ ունենք այդ զոնայում․ մակերեսային, որը մաշկի տակ է, խորանիստ, որը մինչև մկաններն է, և վիսցերալ ճարպակալում, որը ներքին օրգանների ճարպակալումն է, իսկ մենք տվյալ վիրահատության ժամանակ ոչ մի կերպ չենք կարող ազդել տվյալ ճարպակալման վրա ու ստանում ենք ոչ էսթետիկ արդյունք։

Երբ որ կա գոգնոցանման լոսկուտ՝ մաշկը գոգնոցի նման կախվում է, անհարմար է լինում այդպես ապրել։ Հազվադեպ այդ վիրահատությունը կատարվում է առանց լիպոսակցիայի։ Ավելցուկ գոգնոցը հեռացվում է, և որոշ չափով բարելավում ենք մարդու կյանքը։ Բայց էսթետիկ այն արդյունքը չենք ստանում, որը հնարավոր է ստանալ։

–  Ինչպե՞ս նիհարեն, որ մեկ անգամ կատարեն վիրահատություն, ոչ բազմակի։

– Նիհարելը կախված է նրանից, թե ինչ աստիճանի ճարպակալում ունենք։ Պետք է զբաղվել սպորտով, սովորել հաշվել կալորիաները։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր չունեն առողջական խնդիր, որովհետև հաճախ ճարպակալում կա այն մարդկանց մոտ, ովքեր ունեն որոշակի առողջական խնդիրներ։ Իմ կարծիքով՝ ճիշտ է սկսել էնդոկրինոլոգի հետ խորհրդատվությունից, գտնել ճարպակալման պատճառը՝ պայմանավորված հորմոնալ տեղաշարժերով։ Խորհրդակցել նաև սննդաբանի հետ։

–  Կա՞ն հիվանդություններ, որոնց դեպքում այս վիրահատությունները չեն կատարվում։

– Օրինակ, շաքարային դիաբետը. երբ ցուցանիշները բարձր են՝ ցանկալի չէ կատարել տվյալ վիրահատությունները։ Հակացուցումներ կարող են լինել նաև սիրտ-անոթային հիվանդությունների, թոքային անբավարարության դեպքում։

Լիպոսակցիան ո՞ր հատվածներում է կատարվում։

– Հիմնականում այն հատվածներում, որտեղ կա ճարպի կուտակում։ Դա կարող է լինել որովայնի առաջնային հատվածը, ոտքերի, ձեռքերի, բազուկների հատվածը։ Մի քանի զոնաներ կարելի է զուգակցել վիրահատության ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031