ԱՅՍՏԵՂ ԷԼ ԿԲՌՆԿՎԻ. ԿՈՎԿԱՍԻ 3 ԵՐԿՐՆԵՐԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԴԵՄ. ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

168 TVի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրն է դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն իր հերթական պաշտոնավարումը սկսում է հայ-ռուսական հարաբերությունների՝ թերևս նախադեպը չունեցող ճգնաժամով, երբ չկան հետընտրական պաշտոնական շնորհավորանքներ, երբ խաթարված է, ըստ էության, քաղաքական երկխոսությունը, երբ կիրառվում են տնտեսական սահմանափակումներ, որոնցից վերջինի մասին լսեցինք երեկ, երբ «Россельхознадзор»-ը հայտարարեց արդեն հայկական կաթնամթերքը ռուսական շուկա արգելափակելու որոշման մասին։ Ինչպե՞ս կբնութագրեք ստեղծված իրավիճակը: Ըստ ձեզ, այս անգամ հայաստանյան իշխանություններին կհաջողվի՞ հանգել պայմանավորվածության, գործարքի, թե՞ կողմերն արդեն հատել են անշրջելիության կետը։

– Ոչ թե աննախադեպ են այսօրվա հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ «Քաղաքացիական պայմանագիրը» հենց այդ կարգախոսներով էլ եկավ իշխանության, այսինքն՝ նպաստեցին նրա իշխանության գալուն Հայաստանում 2018 թվականից, մինչև դա էլ նրանք հակառուսական թեզեր էին զարգացնում: Իսկ գալով իշխանության՝ հենց առաջին օրվանից առաջին քայլը եղավ՝ Ռուսաստանի նկատմամբ որոշակի վերաբերմունքի փոփոխություն, որն անդրադարձավ, ասենք, ՀԱՊԿ-ի հետ կապված հարցով, նույն Արցախի հետ կապված հարցով։ Այսինքն՝ սա նորություն չէ։ Ընտրությունը Ռուսաստանի վերաբերյալ կատարվել է մինչև իշխանության գալը, և կարելի է ասել՝ հենց դրա համար էլ եկել են իշխանության։

Կարդացեք նաև

Ու միշտ հիշեցնում եմ դրա հաստատումը՝ Բոլտոնի այցը և նրա հայտարարությունը, որ պետք է փոխել ու պատմական կաղապարներից պետք է դուրս գալ, և այլն։ Եվ մարդիկ այդ օրվանից հենց էդ գործով զբաղված են։ Այլ բան, որ, ասենք, տնտեսական որոշ հարցերով, քանի որ Հայաստանը շատ խիստ, մանավանդ՝ տնտեսապես, նաև ռազմաքաղաքականորեն կախված էր, կապված է Ռուսաստանի հետ (իհարկե, ռազմաքաղաքականը մի կողմ դրած, ամենակարևորը տնտեսականն է), և տնտեսական հարցերի պատճառով էդ բանը ձգձգվում էր։

Ռուսական կողմը շատ լավ հասկանում էր, թե ովքեր են եկել իշխանության, ինչ խնդիրներ ունեն, և ուր է գնալու էս ամեն ինչը, բայց ելնելով էն իրավիճակից, որ ստեղծվել է Ռուսաստանի համար, մասնավորապես՝ Արևմուտքի հետ արդեն սկսվող էդ հակադրությունը, արդեն աճող վտանգը, 2014 թվականին Մայդանից հետո հեղաշրջում Ուկրաինայում և այլն, Ռուսաստանը հայտնվել է շատ լուրջ կացության մեջ, և դրա համար որոշ կոմպրոմիսային դիրքորոշման հանգեցին, որպեսզի զսպեն, ինչ-որ տեղ ձգձգեն պրոցեսները և այլն, չնայած շատ լավ տեսնում էր, որ ռուսաֆոբիան, հակառուսականությունը թափ է առնում Հայաստանում և ուր է հասնելու։

Ուստի սա նորություն չի, սա էն գործընթացն է, որի համար եկել են և իրականացնում են, և պետք է ասել, որ իրականացնում են հետևողականորեն։ Իսկ ինչ վերաբերում է կարմիր գծերին, ես չեմ կարծում, թե կարմիր գծերը դեռ անցել են։ Դիվանագիտության մեջ, եթե խոսում են կարմիր գծերի, չգիտեմ, էդ տեսակ հարաբերություններից և այլն, ուրեմն, պետք է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունը չունի այն ինքնիշխանության չափը, որ ինքը, էսպես ասած, էդ հարաբերություններում որոշակի դիրքորոշում ունենա, որոշիչ լինի։ Այսինքն՝ նա գործում է որոշակի արտաքին ազդեցության տակ՝ այն ուժերի իրավիճակից ելնելով, որոնք հակադիր են Ռուսաստանին։

– Ըստ ձեզ՝ Ռուսաստանն ինչո՞ւ հենց այս փուլում նման կոշտ, անհանդուրժողական դիրքորոշում ստանձնեց։ Ի վերջո, ներկայումս ևս ուկրաինական ճակատում բավականին բարդ վիճակ է, ակտիվ է, Արևմուտքի հետ կրկին հարաբերությունները բարդ են, Միացյալ Նահանգների հետ բանակցությունները կրկին բավականին բարդ փուլում են, ինչո՞ւ հիմա։

– Կարող ենք ասել՝ բարդ, բայց կարող ենք ասել նաև՝ որոշ գործընթացներ կան, որ էդպես չի։ Թեև հիմա շատ են տարածում Արևմուտքում, որ ուկրաինական ճակատում ուկրաինացիներն ակտիվացել են, որ արդեն կարծես նաև խախտում են, և այլն, մոլորություններ են։ Ռուսաստանը հետևում է և հետևողականորեն գնում է իր մարտավարությամբ։

Նրանք շատ լավ գիտեն՝ ինչ են անում, և նույնը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին է վերաբերում, երբ որ ասում են՝ Անքորիջի պայմանավորվածություններն ավարտված են, և այլն, այդտեղ տակն ուրիշ բաներ կան։ Եվ այդ պատերազմը մի կողմից պետք է Եվրոպային, Արևմտյան Եվրոպային կամ Եվրոմիությանը, ասենք, որոշ իմաստով պետք է նաև շատ այլ պետությունների՝ Միացյալ Նահանգների, հարևան պետությունների, ասենք թե՝ Թուրքիային, կամ, եթե կուզեք, նույնիսկ Չինաստանին, և այլն, որովհետև Ուկրաինան դարձրել են փորձադաշտ շատ ուղղություններով՝ թե՛ զենքը փորձարկելու, թե՛ դիվանագիտական ինչ-որ ճանապարհներ և այլն, թե՛ որոշակի նպատակների հասնելու միջնորդավորված ձևով, այսինքն՝ ուկրաինացիների կյանքի միջոցով, զոհերի շնորհիվ։

Հիմա Ռուսաստանը նման դիրքորոշում ստանձնեց, որովհետև որոշ բաներ փոխվեցին, թե՛ ուկրաինական ճակատում հարցերը շատ հետաքրքիր են գնում, Ռուսաստանը շատ վստահ է գործում, և թե՛ Ռուսաստանը՝ որպես մեծ բազա ունեցող պետություն-տերություն, փորձված դիվանագետներով, շատ լավ հասկանում է, թե ինչ քայլ է, ինչի հետևից է գնում, և այլն։ Եվ արդեն, երբ որոշակի առումով նկատեց, որ իր դիրքերն ամրապնդվում են, այլ ոչ թե, ինչպես ասում են, թուլանում են, արդեն նա կարողանում է ավելի խիստ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին։

Երկրորդը՝ Հարավային Կովկասը՝ որպես կորցրած տարածաշրջան, որը կապված է Մերձավոր Արևելքի հետ, շատ մեծ կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար, ինչպես նաև Իրանի համար, Թուրքիայի համար։ Այսինքն՝ քիչ-քիչ էդ ԵՄ տերությունների հակադրության կիզակետն Ուկրաինայից և այլն տեղափոխվում է Մերձավոր Արևելք։ Այսինքն, կարելի է ասել, նա վաղուց էր էնտեղ, բայց հարաբերական սառեցված վիճակում էր, և հիմա այստեղ, երբ այսօրվա իշխանությունները խառնվում են էդ պրոցեսներին Հարավային Կովկասում, դառնում են նույն միջնորդը, ինչպես Ուկրաինան՝ հակառուսականության իր գործընթացում, այնպես էլ էսօր ուզում են Հայաստանը դարձնել միջնորդ ու պայքարի հարթակ Ռուսաստանի դեմ։

Արդեն սա սկսում է որոշակի մարտահրավերներ ուժեղացնել, և կարող է գնալով ավելի խորանալ ու ուշ լինել, ինչպես բավական ստիպված էին ուշացնել Ուկրաինայի հարցում։ Երբ ամբողջ Արևմուտքն արագացնում էր պատերազմը, ուղղակի ամեն ինչ անում էին, որ ռուսները հարձակվեն Ուկրաինայի վրա՝ և՛ զինում էին, և՛ էդ պաշտպանական գոտիներն էին կառուցում, և եթե էդ հատուկ օպերացիան չսկսեր Ռուսաստանը, Ուկրաինան ինքն էր սկսելու։

Հենց 14 թվին հեղաշրջումը եղավ, առաջինը՝ ինչ որ արեցին, հայտարարեցին Դոնբասի բնակիչներին 3-րդ, 4-րդ սորտի մարդիկ, հակառուսական հայտարարություններ արեցին և սկսեցին ռմբակոծել Դոնեցկն ու Լուգանսկը։

– Դուք նշեցիք, որ այստեղ ևս կարող է իրավիճակը բռնկվել, բայց հայաստանյան իշխանությունները, ըստ էության, գնում են բանակցությունների ճանապարհով, բոլոր հարցերում զիջումային դիրքորոշում են պահպանում, և ինչի՞ց պետք է իրավիճակը բռնկվի:

– Հայաստանի իշխանությունները չեն որոշում։ Բանակցությունների և այլն, բոլորը իմիտացիա է, ծխածածկույթ։ Որոշողը, թե ինչպիսի հարաբերություններ կձևավորվեն, բռնկում կլինի՞, թե՞ չի լինի, ինչպես և ինչ ճանապարհով, որոշում են այլ պետություններ, որոշում են խոշոր տերությունները, ասենք՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ասենք՝ Թուրքիան, սրանցից է կախված, թե ինչպես կգնա, այդ բանակցությունները կընթանա՞ն, թե՞ չեն ընթանա։

Տարածում են, թե հիմա մեր իշխանությունները կբանակցեն, կխոսեն ռուսների հետ, կկարգավորեն, մենք դեռ գազը կստանանք նույն գնով, շուկան կլինի մեր համար բաց և այլն, բայց հենց որ էդ հարցերը տնտեսական լուծենք, այլընտրանք գտնենք, միանգամից կկտրենք։ Այսինքն՝ նա ապուշի տեղ է դնում այն պետությանը, որի հետ հարաբերությունների մեջ է։ Հնարավոր չէ, նա կարող է քեզ ապուշի տեղ դնել որոշ ժամանակ՝ քանի դեռ հանգիստ նստած ես, իսկ հետո հարցերը միանգամից լուծվեն։ Էնպես որ, էդ բանակցություններն էստեղ էական չեն։

Հիմա տեսեք՝ ինչով են շեղում մեր հասարակությանը։ Այսինքն՝ դա տիպիկ եվրոպական լիբերալ-գլոբալիստական մեթոդ է՝ հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկել։ Ասենք՝ խոսում են «TRIPP»-ի մասին։ Իբր աշխատանք է տարվում, Ամերիկայի հետ պայմանավորվում են, գնում-գալիս են, հանդիպումներ են լինում, կամ խոսում են Ադրբեջանի միջոցով այլընտրանքային գազի, թուրքական շուկայի, եվրոպական շուկայի և այլն մասին։ Այս բոլորը լուրջ չէ, որովհետև, կրկնում եմ, էդ անունները, որ տալիս են՝ էդ պետությունների կամ պետական գործիչների, դա մի կողմն է։ Երկրորդ կողմը՝ հայկական, ըստ էության, սուբյեկտայնություն չունի:

Այսինքն՝ այն, ինչ որ նրանք թելադրում են և պահանջում են, նա, այսպես թե այնպես, անում է։ Ասում են՝ «TRIPP» ստորագրեք՝ ստորագրում են, ասում են՝ էդ ճանապարհն էսպես անցնի՝ համաձայնում են, և այլն։ Այստեղ, խոշոր իմաստով, միջպետական հարաբերություններ, որպես այդպիսիք, չկան։ Այսինքն՝ պետություններն ինչպե՞ս են․․․ Եթե դու քո պետական շահը, քո ազգային շահը նույնացնում ես, դնում ես էդ հարթության վրա, ինչ որ նրանց պահանջներն են, այսինքն՝ որպես այդպիսին, չկա քո պետական-ազգային շահը։

– Դուք նշում եք, որ հայաստանյան իշխանությունները, ըստ էության, բան չեն որոշում, ազդեցություն չունեն։ Ըստ ձեզ՝ Ռուսաստանի Դաշնությունն ի՞նչ որոշում ունի՝ Հայաստանի հետ կապված, Հարավային Կովկասի հետ կապված, ինչպե՞ս են ընթանալու զարգացումները, ի՞նչ սպասել։

– Կարմիր գծերն, ինձ թվում է՝ դեռ չեն անցել, և ռուսական կողմը հույսեր ունի, որ դեռ դիվանագիտական ճանապարհներով, որոշ իմաստով՝ քաղաքական ճնշումների ճանապարհով կկարողանա հարցը կարգավորել։ Ես չեմ բացառում, որ, օրինակ, հենց Իրանի հետ կոնկրետ նաև խոսվում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացման մասին։

Իսկ քանի որ Հայաստանը, ըստ էության, ոչ մի ինքնուրույն արտաքին քաղաքականություն չի վարում, նա խնդիր չի դնում, ուրեմն Հայաստանի համար կարող է էդ լուծումները, այսինքն՝ լուծումներն՝ ի շահ Ռուսաստանի և ի շահ Իրանի, այսինքն՝ նրանց շահերից ելնելով, լինել մեր համար և՛ անսպասելի, և՛ անհասկանալի, և՛ ուղղակի նրանք որոշեն, նրանք էլ անեն, որովհետև թե՛ Իրանի համար, թե՛ Ռուսաստանի համար դա կենսական նշանակություն ունի։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031