Եկեղեցուն կհաջողվի՞ այն, ինչ չհաջողվեց բանակին
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշի տեղափոխված առաջին բնակիչներին բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ հայտարարել է, որ Տավուշում սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է իրենց պայմանների հիման վրա:
«Այսօր 1990 և 1992 թվականներին «օկուպացված Ղազախի հողերը» (չակերտները։- Մ.Պ.) վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոց արձակելու։ Սահմանազատումը և սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է»,- ընդգծել է Ալիևը՝ հավելելով, որ խոսելու իրավունքն իրենց է պատկանում, որովհետև առաջատար պետությունն են Կովկասում՝ տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով:
«Ե՛վ Հայաստանը, և՛ դրա հետևում կանգնած արտաքին շրջանակները, նրանց սուտ խոստումներ տալով, կփոշմանեն, եթե մեզ հաշվի չառնեն»,- զգուշացրել է նա։
Ալիևը, որ շեշտել է, թե պատերազմ չեն ցանկանում, միաժամանակ հերթական անգամ սպառնացել է համապատասխան քայլերի դիմել, եթե տեսնեն, որ «Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրացնում, եթե տեսնեն, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է մատակարարում, կամ Հայաստանի զինումը կրիտիկական մակարդակի է հասնում»:
Թե այդ քայլն ինչպես կարտահայտվի, կարող ենք տարբեր ենթադրություններ անել:
Օրինակ, երեկ հանրահավաքի շրջանակում լրագրողների հետ զրույցում ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը նշել է, որ կարող է «ՀՀ իշխանությունների և հակառակորդի համաձայնությամբ ինչ-որ լարվածություն մեծացվի, ինչ-որ խնդիրներ առաջանան սահմանին, բայց լայնամասշտաբ պատերազմի հավանականություն չկա»:
Երկրորդ, ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադեն Ադրբեջանին և Թուրքիային կոչ է արել զորակցել Փաշինյանին և դիտարկել Հայաստան սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը, «եթե հարևան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում և սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը»:
Չմոռանանք, որ Թուրքիայից նման ակնարկներ եղան, երբ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը պահանջեցին Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, դեռ այն ժամանակ արձանագրելով, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», և, որ «հայ ժողովրդի համար ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ԳՇ այս հայտարարությունը որակել էր՝ որպես ռազմական հեղաշրջում, իսկ 2021-ի փետրվարի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։
«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից»,- շեշտել էր Էրդողանը։
Ըստ այդմ՝ տարբեր տեղեկությունների և քաղաքական կարծիքների, գեներալ Օնիկ Գասպարյանի հեռանալու որոշման վրա նաև արտաքին գործոններ կարող էին ազդած լինել, մասնավորապես, ի պաշտպանություն Փաշինյանի՝ սպառնալիք Թուրքիայից:
Այսօր, ըստ էության, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը կամ եկեղեցին՝ որպես պետական կարևոր ինստիտուտ, ասում է այն, ինչ 2021 թվականին Զինված ուժերն էր ասել և այդ հիմնավորմամբ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Իսկ թե որքանո՞վ եկեղեցին կամ քաղաքական հարթակ տեղափոխվելու պատրաստ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը կկարողանա հասնել իր պահանջի իրականացմանը, ցույց կտա ժամանակը:
Ի դեպ, թուրք քաղաքագետ Հասան Օկտայը «Հաքքինազ»-ին տված հարցազրույցում ասել է՝ ցանկացած քաղաքական գործիչ, որը պետական հեղաշրջման ճանապարհով կգա իշխանության Հայաստանում, միանգամից սկսելու է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոնֆրոնտացիայի՝ առճակատման նոր փուլ, որը կարող է տևել 100 տարի:
Վերադառնանք Ալիևի՝ սահմանագծման գործընթացի վերաբերյալ հայտարարությանը, և արձանագրենք, որ, ըստ էության, Ադրբեջանի նախագահը հաստատում է ընդդիմության, «Հանուն հայրենիքի» շարժման այն մեղադրանքները, որ Փաշինյանը լեգիտիմ որոշումներ կայացնելու անկարող է, նա անում է այն, ինչ Ադրբեջանը և Թուրքիան են պահանջում:
Բայց արի ու տես, որ իշխանություններն Ալիևի հայտարարությանը որևէ կերպ չարձագանքեցին այնպես, ինչպես Բագրատ Սրբազանին, երբ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և չփորձեցին ապացուցել, որ Հայաստանը որոշումներ կայացնելու, պայմաններ առաջադրելու իրավունք ունի, եթե անգամ 2020 թվականի պատերազմում պարտվել է:
Ալիևի հայտարարությունը, ըստ էության, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ շրջանցեց նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Փոխարենը նա անդրադարձել է այն գեներալներին, որոնք միացել են շարժմանը, երբ Պետրոս Ղազարյանն ասաց, որ Սրբազանը սպայական կազմին հորդորել է պետական անվտանգության հայեցակարգ ներկայացնել և խնդրել է մինչև կիրակի երեկո պատրաստել այն, որպեսզի հանրությունը կարողանա համեմատություն անել՝ ինչ վիճակում ենք հիմա, ու ինչ են առաջարկում իրենք:
«Դատելով մի շարք զինվորականների, ովքեր հրապարակում են հիմա, զինվորական ծառայության և ունեցած ավանդի ողջ պերճանքն ու թշվառությունը, ակնկալելի է, թե Բագրատ Գալստանյանն ինչ տեսակի հայեցակարգ է նրանցից սպասում»,- նշել է ՔՊ-ական Կոնջորյանը:
Հաշվի առնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը չի ծառայել բանակում, համենայնդեպս, նրա կենսագրության մեջ նման կետ չկա, ավելորդ ենք համարում տվյալ պարագայում մանրամասնել՝ ինչ անվտանգային, դիրքային ինչ ժառանգություն են իրենք ստացել, և այսօր ինչ ունենք, թե ինչպես են մսխել ոչ միայն նախկինների ժամանակ եղած մեր հաղթանակների արդյունքները, այլև իրենց իսկ իշխանության օրոք եղածն է մսխվում, խոսքը հուլիսյան մարտերի մասին է:
Այսօր Բագրատ Սրբազանի շարժմանը միացել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովը, ում արածը հուլիսյանից առաջ և հետո Փաշինյանի իշխանությունը ոգևորությամբ պատմում էր և այդ մասին գրառումներ անում:
Մյուս գեներալը ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն է, որին 2020 թվականի պատերազմի օրերին Փաշինյանն Ազգային հերոսի կոչում էր շնորհել:
Ավելորդ է նշել նաև այն, որ որքան էլ այս տարիներին փորձառու զինվորականներ հեռացվեցին ՀՀ զինված ուժերից, այսօր էլ բանակն ինչ-որ առումով հենվում է դեռ նախկինների փորձառու կադրերի վրա, քանի որ այս իշխանությունը կադրային առումով չափազանց սնանկ է եղել և կա:
Ի դեպ, Հայկ Կոջորյանի հարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ նա կարծես տեղյակ չէ, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը 2018թ. դեկտեմբերից ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղսթաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը:
Ավելին, Ադրբեջանի սահմանապահ ծառայության ենթակայության ներքո գոյություն ունեն Արագ արձագանքման ուժեր, որոնք լուրջ մկրտություն են անցել 2020 թվականի 44-օրյայի պատերազմական գործողություններում՝ Ֆիզուլի՝ Վարանդա, Ջեբրայիլ՝ Ջրական, Շուշի, Հադրութ և այլն: Այսինքն, Ադրբեջանի սահմանապահը մեր պատկերացրած սահմանապահը չէ, մինչդեռ հայկական զինված ուժերին այդ հատվածում փոխարինելու են հայկական սահմանապահները, որոնք ոչ միայն զինվածության, այլև պատրաստվածության առումով զիջելու են ադրբեջանական կողմի պետական սահմանը պահողներին: Եվ այս կոնտեքստում պնդել, որ էսկալացիայից խուսափելու ենք, մեղմ ասած՝ ծիծաղելի է:
Բայց Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ բանակի՝ Տավուշի կոնկրետ հատվածներից դուրս գալը և սահմանապահ ծառայության տեղակայումը լավ նշան է, ուրեմն՝ պիտի այդպես լինի, և ոչինչ, որ այդ «լավ նշանն» իրականում անվտանգային երաշխիքներ չի ապահովում, և ոչինչ, որ որքան էլ այսօր բանակը չի ընդվզում, բայց 2021-ին, ամեն դեպքում, գնահատական է տվել Փաշինյանի անվտանգային երաշխիքների ապահովման կարողություններին՝ շեշտելով, որ՝ «ճակատագրական իրավիճակում վարչապետն ի վիճակի չէ ընդունելու ադեկվատ որոշումներ»: