«Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան
Սյունիքի մարզի Կապան քաղաքում 1960-ականներին, շենքերի հիմնական կառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էին բազմաթիվ հնագիտական առարկաներ, որոնք արժեքավոր էին, և անհրաժեշտ էր, որպեսզի դրանք հավաքեին ու պահպանեին մեկ վայրում։ Հենց այդ նպատակով էլ 1969 թվականին ստեղծվեց Կապանի երկրագիտական թանգարանը։
Այսօր թանգարանը դարձել է ոչ միայն կապանցիների, այլև ամբողջ սյունեցիների այցելության սիրելի վայրերից մեկը՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ թանգարանի դռներն այցելուների առջև բաց են, և չկա այնպիսի օր, որ թանգարանն այցելու չունենա։ Ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա այցելուների համար թանգարանը մեծ հետաքրքրություն է առաջացնում։
Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ուրախությամբ ասում է, որ ինչպես անցնող 2 տարիներին, այս տարի ևս թանգարանը հատուկ ցուցադրություն է կազմակերպել Հանքագործի և մետալուրգի օրվա առիթով։

«Այս անգամ ներկայացրել ենք շուրջ 200 հնագիտական առարկաներ, որոնք հայտնաբերվել են Կապանի ու Քաջարանի տարածաշրջանում։ Թանգարանում ինչ ցուցանմուշներ ունենք, դրանք Սյունիքում հայտնաբերված գտածոներ են։
Իրականում ցուցանմուշներում կան նաև բացառիկ առարկաներ, որոնցից, օրինակ, բիզոնի եղջյուրն է, կախազարդեր, որոնք բրոնզյա լարից ու թիթեղից են պատրաստված։ Մենք փորձել ենք համադրել երկրագիտությունը հնագիտության պատմության հետ և ստանալ գեղեցիկ ցուցադրություն»,- նշեց Ալյոշա Հայրապետյանը։
Շուրջ 2 ամիս առաջ Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է բացառիկ ցուցադրություն՝ «Սյունիքը՝ ուրարտական ժամանակաշրջանում», որտեղ ներկայացված է շուրջ 3 հազար թանգարանային առարկա՝ միայն մեկ ցուցադրության մեջ։
«Սա մարզի ամենամեծ ու հարուստ թանգարանն է, կան բացառիկ առարկաներ, որոնք ամբողջ Հայաստանում չկան, և մեկ-երկուսը չեն, շուրջ 30 առարկա կարող ենք թվարկել, որոնք ամբողջ Հայաստանում չկան։ Մեր զբոսաշրջիկներին խորհուրդ ենք տալիս, որպեսզի այցելելն Կապան և ճանաչեն քաղաքը։ Թանգարանները հանդիսանում են պետության անձնագիրը, եթե ուզում եք ճանաչել տվյալ պետությունը, պետք է այցելեք թանգարան։
Վերջին տարիներին մենք թանգարանի այցելուների թիվը քառապատկել ենք, օրինակ՝ նախորդ տարի ունեցել ենք 5165 այցելու, և վստահ ենք՝ կապերի ու այցելուների շնորհիվ թանգարանն էլ ավելի կհզորանա ու անընդհատ այցելուների թիվը կմեծանա։
Այստեղ ներկայացված առարկաներից մեկը, ինչպես նշեցի, եվրոպական վայրի ցուլի եղջյուրն է՝ 30-50 տարվա վաղեմության:

Ի դեպ, նմանատիպ առարկա հայտնաբերվել է նաև Սևանա լճի հատակից, բայց եթե վերցնենք ամբողջական ցուցադրության թվագրությունը, հիմնականում սկսել ենք ուշ բրոնզեդարից և հասցրել ենք մինչև մեր թվարկության 5-րդ դարը։ Առանձին հատվածում ներկայացրել ենք նաև Արծվանիկի պոչամբարի տարածքից 2023 և 2025 թվականներին հայտնաբերված առարկաներ»,- հավելեց թանգարանի տնօրենը։
Նրա խոսքով՝ միայն այս տարի թանգարանը համալրվել է շուրջ 600 թանգարանային ցուցանմուշներով՝ հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում։
«Տարեցտարի պեղումների, կամավորների աշխատանքի շնորհիվ թանգարանի նմուշները համալրվում են։ Կան կամավորներ, որոնք ցանկանում են իրենց ձեռքի տակ գտնվող հնագիտական առարկաներն ի պահ տան թանգարանին։
Շուրջ 4 տարի է՝ թանգարանի տնօրենն եմ, ուզում եմ ֆիքսենք հետևյալը, որ այսքան տարի չի եղել մի այցելու, որ դժգոհ կամ ոչ տպավորված հեռանա թանգարանից։ Սա ես համարում եմ մեր բոլորիս ձեռքբերումը, սա ամբողջ ազգի ձեռքբերումն է նաև։
Մենք աշխատում ենք շաբաթվա հինգ աշխատանքային օրերին, մասնակցում ենք «Թանգարանների եվրոպական գիշեր», ինչպես նաև «Թանգարանների գիշեր» ծրագրին։ Նախորդ տարվա տվյալներով՝ թանգարանը հանդես է եկել 20 ցուցադրությամբ, թանգարանը գործում մարզպետարանի հովանու ներքո»,- ընդգծեց Ալյոշա Հայրապետյանը։

Նշենք, որ հուլիսի 17-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նշվեց Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը, Քաջարան համայնքում մետալուրգի օրը մեկ հարկի տակ էր հավաքել ոլորտի աշխատակիցներին, իսկ ընկերության ղեկավարության ջանքերով օրը վերածվեց իսկական տոնակատարության։ Հենց այս տոնի շրջանակներում Քաջարանի մշակույթի տանը ժամանակավոր ցուցադրությամբ ներկայացվեց Կապանի երկրագիտական թանգարանի բացառիկ ցուցանմուշների մի հատվածը։

