Լսե՛ք, պետք է մահանա, որ հետո ասեք՝ վա՜յ, էս ի՜նչ մեծ աշո՞ւղ էր․․․ Թովմաս Պողոսյան
168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք Հանրային ռադիոյի «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, հանրապետության ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի հետ։

– Պարո՛ն Պողոսյան, հարցազրույցը սկսենք Ձեր կյանքի մի հետաքրքիր դրվագից՝ մասնագիտության ընտրությունից։ Որքանով տեղյակ եմ՝ երկու անգամ փորձել եք ընդունվել Թատրոնի և կինոյի ինստիտուտ, բայց չի ստացվել։ Այնուհետև սովորել եք Գևորգյան հոգևոր ճեմարանում և, ի վերջո, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Սա համարում եք ձախորդությո՞ւն, թե՞ ճակատագիր։
– Ճակատագրին չեմ հավատում, հավատում եմ Աստծուն։ Ինքն է ինձ առաջնորդել ամբողջ կյանքում։ Եվ ինչ երազել եմ անել՝ Աստված ինձ ավելի ճիշտ ճանապարհով է տարել։ Այն ժամանակ Գևորգյան ճեմարանում սովորելը մեծ ամոթ էր․ մեր ընտանիքից բացի, ոչ ոք չգիտեր, որ այնտեղ եմ սովորում։ Հակառակ դեպքում հորս կնախատեին՝ ասելով, թե՝ այս ի՞նչ ամոթ բան եք արել։ Բայց ճեմարանն ինձ 180 աստիճանով փոխեց։ Հայտնվեցի ազգային ամենահարուստ, ամենաճիշտ միջավայրում՝ Վազգեն երանելի հայրապետի շուքի տակ։
– Ի՞նչ տվեց Ձեզ ճեմարանը։
– Նախ և առաջ՝ մտածել, գործել հայեցի, ազգանպաստ։ Դրանից ավելի ի՞նչ կարող էր տալ։ Բացի այդ, այնտեղ առնչվեցի մեր 1000-ամյա մշակույթի՝ միջնադարյան տաղերգության, ժամերգությունների, պատարագի հետ։ Ամեն առիթով ասել եմ՝ թող ինձ ներեն Կոմիտաս վարդապետը՝ մեր ազգի սուրբը, Եկմալյանը, Մէյխանէճեանը, այս ամենի մեջ ամենահայերեն պատարագը Արզաս Ոսկանյանինն է, որն արժանացավ պետական մրցանակի։ Շատ ենք հեռացել մեր միջնադարյան արմատներից ու գնացել դեպի Եվրոպա և այսօր դժվար ենք ընկալում մեր բուն ազգային պատարագը, որն ամփոփված է Արզաս Ոսկանյանի ստեղծագործության մեջ։
– Զրույցներում միշտ հորդորում եք, որպեսզի ծնողները հայեցի դաստիարակեն երեխաներին, բայց Ձեր ժամանակ նույն խնդիրները չկայի՞ն։
– Սովորել եմ հայկական միջնակարգ դպրոցում, բայց ավարտել եմ Թիֆլիսում։ Ամեն օր 17։30-ին պարտադիր ռադիոյի մոտ էի։ Հայկական ռադիոն 10 րոպե լուրեր էր հաղորդում, որից հետո՝ հայկական դասական, աշուղական, ժողովրդական երգեր։ Մեծ բավականությամբ էի լսում և այնքան, որ իրենց հավասար երգում էի։
Բայց Թիֆլիսի միջավայրն ավելի կենցաղային էր, քան բուն ազգային, թեպետև թիֆլիսահայությունը շատ հայրենասեր, կազմակերպված էր, բայց համայնք չկար։ Համայնքն այն ժամանակ վերացական գաղափար էր։ Ժողովուրդը համախմբվում էր եկեղեցու և թատրոնի շուրջ։ Մենք աբոնեմենտ ունեինք՝ ամեն տարի 10 ներկայացում նայելու համար։ 10 տարում 100 ներկայացում նայեցի մեկ թատրոնում։ Դաստիարակող արարք էր դա։ Մանկավարժներին հորդորում եմ՝ դպրոցականներին տանել Մատենադարան, ՀՀ Պատմության թանգարան, Էջմիածին, Գառնի, Գեղարդ, որտեղ հնարավոր է։ Հենց դրանով է երեխան առնչվում իր արմատներին, ազգային արժեքներին։

– Հիմա երեխաների հետ երբ խոսում ենք, աշուղական երգն իրենք հին են համարում։ Ինչպե՞ս անենք, որ ընկալեն, հասկանան։
– Դրա պատասխանը շատ ցավալի է։ Ոչ մի հեռուստաալիք ազգային երգ չի հաղորդում։ Ներկայացնում են էժանագին բաներ, ու երբ հարցնում ես՝ ասում են՝ ժողովուրդն է ուզում։ Ո՞նց․․. հայ ժողովրդի ճաշակն իջել է 15-16 տարեկանների ճաշակի՞ն։ Ուսուցիչս՝ Արզաս Ոսկանյանն է պատմել․․. ասում է՝ ծաղկաշատ դաշտի միջով կովն արածելով անցնում և թրքում է, դաշտային ճանճը տզզալով գալիս, պտտվում է այդ գեղեցիկ ծաղիկների վրայով ու իջնում է թրիքի վրա։ Այսօր մեր ժողովրդի ճաշակն իջել է այդ ճանճի ճաշակին։ Ողբալու բան է սա, բայց, անշուշտ, համատարած չէ։ Գյուղերում, քաղաքներում լինում եմ և վայելում եմ մեր ժողովրդի սերը դեպի ազգային երաժշտությունը։ Կյանքս անցավ ջրերի պես կարկաչուն՝ ծառայելով հայ աշուղական արվեստին։
– Շատ ժամանակ ասում են՝ ազգայինը թող տարածեն ժամանակակից տարբերակներով՝ youtube, Instagram, Tik tok, որտեղ երիտասարդները գրանցված են, լսեն, սովորեն, կամ իրենց հարազատ դառնա։ Այս առումով աշխատանքներ տարվո՞ւմ են։
– Այսօրվա երիտասարդների մի մասը չի կարողանում ճիշտ վերարտադրել Սայաթ-Նովայի կամ Ջիվանու մեղեդին և ասում են՝ նոր մոտեցում, մեկնաբանություն։ Չէ մի չէ՝ պոզեր։
Ինչ վերաբերում է աշուղական երգը տարածելուն, կարծում եմ՝ այսօրվա 15 տարեկանն աշուղական երգին չի հետևում Ինստագրամում, Տիկ տոկում, Տելեգրամում։ Միշտ ասել եմ՝ երեխային մայրը պետք է օրորոցից դաստիարակի։ Ռոք, ջազ են միացնում, որ երեխան քնի, կայսահարվի երեխան։ Օրերս մեկն անցնում էր փողոցով՝ երեխային օդ թռցնելով։ Ասում եմ՝ եղբայր, սթրեսի ես ենթարկում, նա թե՝ չէ, ուրախանում է։ Ասում եմ՝ դա ոչ թե ուրախության, այլ վախի ճիչ է։ Երեխան պետք է լսի Կոմիտասի, մեր ժողովրդական անուշ օրորոցայինները, ինչո՞ւ չէ՝ նաև Սայաթ-Նովա և Ջիվանի։
– Հիմա կա՞ն երեխաներ, ովքեր գալիս են աշուղական երգը սովորելու։
– Օրինակ, Ջիվանու անվան աշուղական դպրոցում շուրջ 250 երեխա է սովորում։ Դպրոցներ ունենք Երևանում, մարզերում, Մոսկվայում։ Եթե նվազ տվյալներ էլ ունի, ես այդ երեխային չեմ մերժում։
– Ձեզ համարում են հայ երգի փրկիչ։ Ինչպե՞ս եք շփվել մարդկանց հետ, շատ բաներ գրի առել։
– Մի ասեք այդպես (նկատի ունի բնորոշումը:- Ա․Կ)։ Իմ կենսագրության մեջ դա սկսվել է 17 տարեկանից։ Հայրս ձայնագրիչ գնեց տատիկիս ձայնագրելու համար, որովհետև ասացին, որ ծանր հիվանդ է։ Տատիկս սքանչելի երգում էր։ Ղունկիանոսի երգերը նրանից եմ սովորել։ Մեր Սարչապետ գյուղում այլ տարեց մարդիկ էլ կային՝ լավ երգող։ Հայրս կանչեց, նրանց էլ ձայնագրեց։ Հայրիկիցս հետո ես այդ նույնն արեցի։
– Եղե՞լ է, որ ինչ-որ տողեր բաց թողնեն, ու դուք ավելացնեք։
– Անշուշտ։ Հո բոլորը բանասեր չե՞ն։ Սխալ բառերով, երբեմն նոր բառեր ավելացնելով՝ երգում էին։
Բայց աղբյուրները կան, առավել ևս Ջիվանու տեքստերը կարողանում ենք հստակեցնել այնպես, ինչպես Ջիվանին է գրել։ Երգում են՝
Վերքիս դեղ ու սպեղանի
Ախ, իմ հայրենիքիս ջուրը։
Ջիվանին գրել է՝ վերքիս ճար ու սպեղանի։ Ինչո՞ւ եք փոխել դեղ ու սպեղանի։ Դեղը ճարերից մեկն է։ Ճարն ավելի մեծ բովանդակություն ունի։
Եվ վերջին տան մեջ ժողովուրդը երգել է․ «Ջիվան, օտարները եկել, բնիկներին դուրս են հանել»։
Բայց Ջիվանու ձեռագրերում գրված է․ «Ջիվան, հրեշները եկել, տեղացոց դուրս են վռնդել»։
Բա ես չուղղեմ, էլ ո՞վ ուղղի։

– Դուք անձամբ ինչ-որ տողեր գրո՞ւմ եք, թե՞ մենակ երգում եք։
– Երգում եմ։ Այդ գաղտնիքը դու մի թերթի։ Անցնենք առաջ։
– Աշուղներից ո՞ւմ կուզեիք հանդիպել և ի՞նչ հարց կտայիք։
– Այսօր 42 աշուղ ունենք։ Ամենաավագը աշուղ Լեյլին է։ Շատ տաղանդավոր է, ես նրա մասին ասել եմ՝ 21-րդ դարի աշուղ Շերամ։ Ընկերներս հաճախ ասում են՝ լավ, մի չափազանցրու, պատասխանում եմ՝ լսեք, պետք է մահանա, որ հետո ասեք՝ վա՜յ, էս ի՞նչ մեծ աշուղ էր․․․ Եկեք կենդանության օրոք նրան գնահատենք, արժանին մատուցենք։
Ամենաերիտասարդն աշուղ Հովնաթն է։ Նա հիմա ՀՀ ազգային բանակում ծառայում է։ Շատ տաղանդավոր են հատկապես երիտասարդ աշուղները։ Նրանք շարունակելու են մեր գործը։
– Աշուղները վերջում միշտ իրենց անունով են ինչ-որ բան գրում․ «Սայաթ-Նովան» ասաց կամ «Ջիվանին խեղճ է» և այլն։ Ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը, եթե ավարտեիք վերջին տողը։
– Իմ կարգախոսը կարևոր չէ, բայց դա աշուղական արվեստի պարտադիր հանգամանք է։ Վերջին տան մեջ աշուղը պետք է հիշատակի իր անունը։
– Հարևան Ադրբեջանը սովորությունի ունի սեփականաշնորհելու հայկական ավանդական երաժշտական գործիքները, ժողովրդական երգերը և 2016 թվականին նրանք խոսեցին այն մասին, թե իբր Սայաթ-Նովան ադրբեջանցի աշուղ է։ Բայց հաշվի չէին առել, որ Սայաթ-Նովան ծնվել է 1712 թվականին, երբ իրենց արհեստածին պետությունը դեռ չէր ստեղծվել։ ինչպե՞ս եք պայքարում նման կեղծիքների դեմ։
– Ասեմ, որ և՛ Ադրբեջանում, և՛ Վրաստանում սովետական տարիներին գիտնականներն ընդունում էին, որ Սայաթ-Նովան հայ է։ Ժողովրդի մեջ է դա տարածված՝ վրացի է, թուրք է․․․։ Նա թուրքերեն իր խաղով ասել է․ «Հավատս Հիսուսն է, ես հայ եմ, հայրս հալեպցի է, մայրս՝ հավլաբարցի։ Թուրքերեն խաղի մեջ է ասել, էլ ի՞նչ ասի։ Դա ամենազավեշտալի, խղճալի թեման է՝ Սայաթ-Նովայի հետ կապված։
Անցնենք առաջ։ Սայաթ-Նովային նվիրված ֆիլմը, որը 1959թ․ նկարվել է նրա 250-ամյակի առիթով, Սայաթ-Նովայի կենսագրության հետ 10 տոկոս կապ ունի։ Աննան հորինված կերպար է։ Թող մեկը գա, ինձ ցույց տա, որ այստեղ գրված է Աննա։ Չկա այդպիսի բան։ Ո՞վ է հորինել, ինչո՞ւ է հորինել։
«Ես կանչում եմ լալանին․․։ Ասում են՝ «անին» դա Աննան է։ Դա ի՞նչ տրամաբանություն է։ Սայաթ-Նովան անսահման սիրել է իր տիկնոջը՝ Մարմարին, երեխաներ ունեցել։ Նրա կենդանության օրոք ձեռնադրվել է քահանա։
Ասում են՝ պալատից թագավորը նրան դուրս շպրտեց, ուղարկեց վանք։ Չկա այդպիսի բան, եղբայր։ Նախ մեր իրականության մեջ պատժի այդ տեսակը՝ մարդուն պարտադիր ուղարկել վանք, երբեք գոյություն չի ունեցել։
Սայաթ-Նովան քահանա է ձեռնադրվել իր կամքով։ Հետո երբ Մարմարը վախճանվեց, մեր եկեղեցու կարգով քահանան դառնում է վարդապետ։ Երկրորդ ամուսնության իրավունք չունի։

– Աշուղական երգեր կատարողների համար որքանո՞վ է կարևոր լավ ձայն ունենալը։ Թե՞ լավ ձայնի դեպքում ժողովրդական համն ու հոտն անհետանում է։
– Իսկ ո՞վ է ասում, որ աշուղական երգի համար լավ ձայն պետք չէ։ Բոլորն էլ լավ ձայնով են երգում։ Աստված բոլորին ձայն է տվել, բայց բոլորին երգելու շնորհք չի տվել։

