Արփա-Սևան թունելն ամերիկյան հետախուզության ուշադրության կենտրոնում․ ԿՀՎ-ի գաղտնազերծված փաստաթուղթը

1980 թվականի հունիսի 11-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը կազմում է մի գաղտնի զեկույց՝ Խորհրդային Միության տնտեսական, տեխնիկական կամ ենթակառուցվածքային հարցերի վերաբերյալ:

Զեկույցում ներկայացվում են թե՛ հետախուզական, և թե՛ այլ ճանապարհով ձեռք բերված նյութեր: Զեկույցում ներկայացվում են նաև Խորհրդային Հայաստանում իրականացված խոշոր ջրատնտեսական ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ։

Հատուկ ուշադրություն է դարձվում Սևանա լճի էկոլոգիական վիճակին, ջրի պաշարների կառավարմանը և Արփա-Սևան ջրատար թունելի շինարարությանը, որը ԽՍՀՄ ժամանակաշրջանի խոշոր ինժեներական նախագծերից էր և նպատակ ուներ լրացուցիչ ջրային հոսք ապահովել Սևանի ավազանի համար։

Կարդացեք նաև

1961 թվականին ԽՍՀՄ կառավարությունն ընդունում է որոշումը, իսկ արդեն 1963 թվականի մարտ ամսին սկսվում է հիդրոտեխնիկական կառույցների շինարարությունը: Թունելի երկարությունը 48,3 կիլոմետր է, և այդ շրջանում դա համարվում էր աշխարհի ամենաերկար ջրատար թունելներից մեկը: Արփա-Սևան թունելը շահագործման հանձնվեց 1981 թվականի մարտ ամսին:

ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթում կան հատվածներ Արփա-Սևան ջրատար թունելի շինարարության մանրամասների մասին:

Ստորև ներկայացնում ենք փաստաթղթից դուրս հանված մասեր, որոնք վերաբերում են թունելի շինաշխատանքներին.

«Էլեկտրաէներգետիկա. Գործող հիդրոէլեկտրակայանների շինարարական նախագծերի ընթացքի մասին (քաղվածքներ)

1980 թվականի հունվարի առաջին տասնօրյակում իրականացվեց Արփա-Սևան թունելի ութերորդ և իններորդ հորատման վայրի միացումը։ Այդ երկու տեղամասերի միացման վայրի պայթեցումը դարձավ 48 կիլոմետր երկարությամբ թունելի շինարարության վերջին պայթեցումը։ Վերոնշյալ թունելը կառուցվել է՝ Սևանա լիճը, աշխարհի խոշորագույն քաղցրահամ լճերից մեկը, ջրով սնուցելու նպատակով։ Շինարարների ճանապարհը եղել է չափազանց դժվար և բարդ, սակայն ամենադժվար աշխատանքները կատարվել են իններորդ հորատատեղում։

Այն անցել է հսկայական տեկտոնական խզվածքի գոտով, որը լցված էր ջրով հագեցած նստվածքային ապարներով։ Թունելաշինարարները հերոսական ջանքերով հաղթահարել են ինչպես խոշոր քարափլուզումները, այնպես էլ ստորգետնյա ջրերի ներթափանցումը։ Թունելի ամբողջ երկարությամբ հեռացվել է մոտ 1 միլիոն խորանարդ մետր ապար, լցվել է 250 հազար խորանարդ մետր բետոն և երկաթբետոն, տեղադրվել են բլոկային տարրեր և թունելի օղակաձև ամրակառույցներ։

Շինհրապարակում բացառիկ արիություն, համարձակություն և նվիրում են դրսևորել լավագույն աշխատողները՝ միավորված կոլեկտիվի բրիգադավարներ Գ. Միրզոյանը և Ա. Ղազարյանը, թունելաշինարարներ Գ. Տերեշչենկոն, Բ. Չուչվան, Վ. Սվիստունը, Վ. Շվեցովը, պայթեցնող Ա. Երիցյանը, ստորգետնյա աշխատանքի մասնագետ Ս. Բաղդասարյանը, հորերի շինաշխատանքների պետեր Յու. Մկրտչյանը և Ռ. Արիստակեսյանը, ինչպես նաև բազմաթիվ այլ աշխատակիցներ։

Շինարարության ընթացքում առաջացել են բազմաթիվ նոր խնդիրներ, որոնք կապված էին ստորգետնյա մայրուղու մեծ երկարության և խորության հետ։ Բոլոր այդ խնդիրները հաջողությամբ լուծվել են։ Կուտակված փորձի ուսումնասիրությունն ու ընդհանրացումը հնարավորություն կտա այն կիրառել նաև այլ ստորգետնյա մայրուղիների կառուցման ժամանակ։

Շինարարներն ամբողջությամբ ավարտել են թունելի 31 կիլոմետրը, մինչդեռ մնացած 17 կիլոմետրում դեռ պետք է իրականացվեն մի շարք աշխատանքներ։ Երկրի բոլոր ծայրերից ժամանած 16 ազգությունների ներկայացուցիչներ աշխատում են այս «արիության ճանապարհի» վրա, որպեսզի թունելը մշտական շահագործման հանձնվի Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 60-ամյակին ընդառաջ։ Մնացած ամիսների ընթացքում նրանք պետք է ավարտեն թունելի կամարի բետոնապատումը և վերջնականապես կառուցեն հատակը՝ խորը հորատատեղում։

Այն լուրը, որ երկու հատվածների միացումը հաջողությամբ իրականացվել է, կայծակի արագությամբ տարածվեց Վարդենիսի լեռնաշղթայի հորատանցքերում։ Այդ առիթով շինարարները հանդիսավոր հանրահավաք անցկացրին»: (Տե՛ս CIA-RDP82-00850R000200090022-6.pdf):

Այս փաստաթուղթն ընդգծում է, որ ջրատար թունելի շինարարության ժամանակաշրջանում ԱՄՆ ԿՀՎ-ն մանրամասն հետևում էր աշխատանքներին: Դա պատահականություն չէր, քանի որ այդ շրջանում հատկապես խորհրդային մամուլը թունելի շինարարությունն անվանում էր 20-րդ դարի հայկական ինժեներական հրաշքներից և գլուխգործոցներից մեկը:

Կառույցը դարձավ ո՛չ միայն ինժեներական գլուխգործոց, այլև դարձավ Հայաստանի ջրային անվտանգության ապահովման կարևորագույն ռազմավարական ծրագիր: Որը մինչ օրս կարևոր նշանակություն ունի Հայաստանի ջրային պաշարների պահպանման, գյուղատնտեսական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման համար:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031