ԲԼԵՖ է. ես ընդդիմությանը դրա համար չեմ ձայն տվել. թող ՔՊ-ն իր 64 մանդատով նստեր, դառնար 2 ոտքով կաղ բադ. Խոսրով Հարությունյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։ Վերջինս խոսեց նորընտիր խորհրդարանական ընդդիմության անելիքների մասին:
«Ո՞րն էր ընդդիմության քաղաքական պայքարի իմաստն ու բովանդակությունը: Արդյո՞ք իշխանության գալն էր իմաստը: Իշխանության գործողությունների ու անգործության արդյունքում մեր պետականությունը հայտնվել է կործանարար իրականության առաջ, և թվում էր, թե ընդդիմության անելիքը պետք է լիներ այդ գահավիժող ընթացքը բեկելը: Դրա միջոցն իշխանության գալն էր, որը տվյալ իրավիճակում ինքնանպատակ չէր կարող լինել: Պետք էր դրսի հանրությանը համոզել, որ մենք ոչ թե ռևանշիստներ ենք, այլ քաղաքական ուժեր, որն ունակ է սեղանին դնել այնպիսի առաջարկներ, որը տարածաշրջանը երկար ժամանակով կայուն զարգացման կտաներ: Ցավոք, դա տեղի չունեցավ: Այս ընտրապայքարում կարծես պրիզը վարչապետի պաշտոնն էր: Իմ նշած նպատակը, ցավոք, առանցքային չդարձավ:

ԱԺ ընտրությունների նախաշեմին բոլոր հայտնի առաջատար ընդդիմադիր ուժերին ես գրավոր առաջարկներ էի ներկայացրել, որում առաջնահերթ քայլերի ցանկ էի ներկայացրել՝ երկրի անվտանգ զարգացման համար: Հնարավոր չէ տնտեսական քաղաքականությունը կյանքի կոչել, եթե դու անվտանգ չես: Ցավոք, ընդդիմությանը չհաջողվեց մարդկանց հասկացնել, որ կարևորն անվտանգությունն է: Տպավորություն ստեղծվեց՝ կռիվն իշխանության համար էր, պրիզը՝ վարչապետի պաշտոնի համար: Ոչ ոք չասաց՝ վարչապետ դարձաք, լավ, բայց ո՞վ է արտգործնախարարդ, ՊՆ նախարարդ, ֆիննախդ, թիմդ ո՞վ է: Ցավոք, նման քաղաքական հայտ մենք չտեսանք: Սա ընդդիմության կողմից ամենամեծ բացթողումն էր. մարդիկ չտեսան առարկայական, բովանդակային մրցապայքար, որը վեր կլիներ համբալ, կզցնեմ, բոմժ և նման այլ խոսույթից…»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ մենք ականատես ենք պետականության կազմաքանդման գործընթացին: Որևէ պետական ինստիտուտ օրենքով իրեն վերապահված իրավունքների շրջանակում չի գործում, բոլորը գործում են մեկ կետից հրահանգով: Ինչո՞ւ մեզ չհաջողվեց կյանքի կոչել իշխանությունների տարանջատման ու հակակշռման սկզբունքը: Քանի որ օրենսդիրում մեծամասնությունն ու գործադիրը նույնն են, նրանց միջև հակասություններ չկան:
«Կարծում էի, որ քաղաքական ընդդիմությունը համատեղ հայտարարություն պետք է աներ ընտրությունները կեղծված լինելու մասին, ասելով՝ մենք վերցնում ենք մանդատները, բայց առաջարկում ենք ձևավորել քաղաքական մեծամասնության ու ընդդիմության միջև զսպումների ու հակակշիռների համակարգ: Օրինակ՝ որոշվեր, որ ֆինանսաբյուջետային կարևորագույն հանձնաժողովի նախագահի տեղակալն ընդդիմության ներկայացուցիչ պետք է լինի, որով հնարավոր կլիներ վերահսկողություն սահմանել կառավարության գործունեության նկատմամբ: Կամ՝ Հաշվեքննիչ պալատի ղեկավարը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Կամ ինչո՞ւ պետք է Մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն ինստիտուտը լինի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը:
Երբեք քաղաքական փոքրամասնությունը որոշումներ չի կարող կայացնել, բայց քաղաքական փոքրամասնությունը կարող է ունենալ լծակներ, որը կստիպի, որպեսզի քաղաքական մեծամասնությունը հաշվի նստի իր կարծիքի հետ: Պետք է առաջարկ արվեր մեծամասնությանը զսպումների ու հակակշիռների համակարգ ստեղծելու համար, որն, իհարկե, կմերժվեր: Դրանից հետո պետք է ասեին՝ վերցրե՛ք ձեր 64 մանդատները, գնացե՛ք, նստե՛ք ու դարձե՛ք կաղ բադ:

Լավ, ընդդիմություն, եկաք իշխանության, պետք է ասեք՝ ի՞նչ քայլեր եք անելու: Դուք ինձ՝ որպես ընտրողի, այդ մասին ոչինչ դեռ չեք ասել: Մենք կարող էինք մրից դուրս գալ, մրջուրն ընկնել, ու այն 800.000-ից ավելի մարդիկ, ովքեր տներից դուրս եկան, ակնհայտորեն իշխանական չէին, բայց նրանք չտեսան այն ընդդիմադիր առաջարկները, որը Հայաստանը կտաներ կայուն ու անվտանգ զարգացման ճանապարհով»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

