«ՌԴ-ն շատ հարցերում երբեք տնտեսական շահով չի առաջնորդվում… հաջորդ տարի ավելի լավ վիճակ է լինելու». Գագիկ Մակարյան

Մայիսից Հայաստանից՝ ծաղիկի, իսկ հունիսին՝ պտուղ-բանջարեղենի  արտահանումը ռուսական շուկա սահմանափակվել է։ Հուլիսի 27-ից սահմանափակվելու է նաև Հայաստանի կաթնամթերքի արտահանումը։ Նման որոշում է կայացրել Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», պատճառը՝ ըստ ռուսական կողմի՝ ապրանքների որակն է։

Արդյո՞ք ռուսական շուկան այլևս չունի հայկական ապրանքների կարիքը, որոշումն արդյո՞ք քաղաքական է, հնարավո՞ր է՝ ինչ-որ փուլում, սեփական շահից ելնելով, շուկան կրկին բացի հայ արտադրողների առջև։

Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ Ռուսաստանն աշխարհում այն եզակի երկրներից է, որը մշտապես քաղաքական շահը գերագնահատում է տնտեսական շահի նկատմամբ։

«Ռուսաստանը շատ հարցերում երբեք տնտեսական շահով չի առաջնորդվում, եթե առաջնորդվեր, ապա հնարավոր  կլիներ, որ ինչ-որ փուլում վերացներ հայկական ապրանքների ներմուծման հետ կապված սահմանափակումները։ Նրա համար առաջնահերթը քաղաքական շահն է,  և որոշել է քաղաքական լծակներն օգտագործել տնտեսականի դեմ։

Կարդացեք նաև

Իհարկե, մեր ապրանքներն էլ ունեն խնդիրներ։ Ազնվորեն պետք է ասել, որ չպետք է մտածենք, որ ռուսական կողմի քայլերը միայն քաղաքական են, և մեր զգոնությունը կորցնենք, համարենք, որ մեր ապրանքները լավն են, բայց Ռուսաստանը քաղաքական որոշումներ է կայացրել։ Մեր կոնյակն էլ, մթերքն էլ ունեն խնդիրներ, ձուկն էլ, եթե այդպես չլիներ, մեր Սննդի անվտանգության տեսչությունը կարող էր ապացուցել, չափումներ կատարեր ու ռուսական կողմին ասեր, որ որոշումն ամբողջությամբ քաղաքական է»,168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը։

Ըստ տնտեսագետի, եթե նույնիսկ համարենք, որ Ռուսաստանի այս որոշումը քաղաքական է, սա չի նշանակում, որ նահանջելու է։ Ընտրություններից հետո ոչ միայն չդադարեցրեց սահմանափակումները, այլև ավելացրեց իր սանկցիաները։

«Երբ Ռուսաստանը հասկանա, որ Հայաստանից Եվրոպա գնացող ապրանքներն այնքան են շատանում, որի պարագայում իր սանկցիաները կորցնում են ազդեցության արժեքը, այդ ժամանակ գուցե կփորձի ինչ-որ քայլեր անել, որպեսզի զիջումներ անի։ Կամ այստեղ բրիգադներ ուղարկի, որ գան ստուգեն, համոզվեն, որ ամեն ինչ կարգին է։ Գուցե նաև այդ ամենը վերագրի նրան, ասելով, «այ, օրինակ, դեպի Եվրոպա գնացող ճանապարհին սկսել եք ձեր ապրանքների ստանդարտները լավացնել, մենք էլ ենք ընդունում այդ ստանդարտները»։

ԵԱՏՄ-ում նույնպես տեխնիկական կանոնակարգերը, որոնք ԵՄ դիրեկտիվների նման են, նույն ուժգնությամբ գրված փաստաթղթեր են։ Այնպես չէ, որ ԵԱՏՄ-ն այդպես անորակ ապրանքների շուկա է, մրցակցային առումով ուղղակի ավելի ցածր մրցակցային շուկա է»,- հավելեց Գագիկ Մակարյանը։

Ըստ տնտեսագետի, օրենքների պահանջով ԵԱՏՄ-ն նույնն է, ինչ ԵՄ շուկան, պարզապես Հայաստանից, այսպես ասած, այդ շուկայի հետ «լեզու էին գտել»՝ կաշառք տալով, ընկերություն անելով, ռուսերենն իմանալով, մշակույթները նման են, ՌԴ հայերը մեծ դերակատարում ունեն միջնորդների հարցում, և այլն։ Սակայն, երբ Ռուսաստանը սկսեց խիստ շեշտադրում անել ստանդարտների վրա, տեսավ, որ շատերն այդ ստանդարտները չունեն, կամ նախկինում դրա մասին տեղյակ է եղել, սակայն աչք է փակել այդ հանգամանքի վրա։

«Հիմա այդ շուկան գրավել են թուրքական, ադրբեջանական, նաև վրացական ապրանքները, այնպես չէ, որ Ռուսաստանը շատ կխեղճանա բերքի առումով։ Օրինակ՝ հայկական կոնյակն արդեն փորձում են փոխարինել ադրբեջանականով կամ վրացականով, կամ գինիները, գյուղատնտեսական ապրանքները։ Բավական է ասել, որ Թուրքիան մինչև 2000 թվականը ԵՄ գյուղամթերքի 40 տոկոսն էր մատակարարում, իսկ այժմ կեսից ավելին է։

Այսինքն՝ մենք գործ ունենք շատ հզոր տնտեսության հետ։ Նույն Թուրքիան շատ բաներ կվաճառի Ռուսաստանին և վաճառում է։ Հիմա Ռուսաստանը թեկուզ իր ժողովրդին կճնշի, ու նրանք շատ բաներ չեն ունենա, բայց իր դիրքերը չի զիջելու»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Գագիկ Մակարյանը նաև ընդգծեց՝ Հայաստանը ԵՄ շուկա գնալու համար ակտիվ պետք է աշխատի, և այնպես չէ, որ հաջորդ տարի բազմաթիվ արտադրողներ իրենց ապրանքը կարտահանեն Եվրոպա։

«Գործողությունների այն մակարդակը, որն արվում է, հույս չի ներշնչում, թե այս առումով մեզ մոտ հաջորդ տարի ավելի լավ վիճակ է լինելու։

Այստեղ մեկ հարց էլ կա, այս ռիսկերը կարող են բերել նաև խաղողագործության ոլորտի հետ կապված խնդիրների»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031