«Նախ պետք է հասկանանք, որ ցեղասպանության զոհը միայն սպանվածները չեն». Էդիտա Գզոյան
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանի հետ։
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժնի բակալավրիատը և մագիստրատուրան։ Կանադայի Տորոնտոյի համալսարանում մասնակցել է Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանական ծրագրին։
էդիտա Գզոյանը 2013-2018 թթ. եղել է ՀՑԹԻ ավագ, 2018-ից առաջատար գիտաշխատող, իսկ 2018-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն։
– Տիկին Գզոյան, հերթական ապրիլի 24-ը դիմավորելով, ի՞նչ կարող ենք ասել, նախորդ ապրիլի 24-ից մինչև հիմա թանգարան-ինստիտուտը վերջին 1 տարում ի՞նչ նշանակալի գործողություններ է ունեցել։
– Իրականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) գործառույթները բավականին լայն են և տարբեր։ Մենք, պատասխանատու լինելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համար, դիմավորում և Հայոց ցեղասպանության փաստն ենք ներկայացնում հուշահամալիր այցելող բազմաթիվ պատվիրակությունների։ ՀՑԹԻ գործունեության գլխավոր ուղղություններից է Հայոց ցեղասպանության թանգարանը, որը տարբեր ցուցադրությունների միջոցով ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը։ Ինստիտուտը խորապես ծավալում է գիտական գործունեություն, որն ինչպես միտված է սպասարկելու թանգարանային ցուցադրությունները, այնպես էլ առաջ է տանում տարբեր ուղղություններով և ենթաուղղություններով թեմատիկ հետազոտություններ: ՀՑԹԻ ստեղծումից ի վեր՝ յուրաքանչյուր ուղղությամբ անընդհատ տարվում են աշխատանքներ։ Փորձում ենք նոր լուծումներ և հնարավորություններ ստեղծել, որպեսզի կարողանանք մեր նպատականերն ավելի թիրախային իրականացնել:
Մենք բավական ուշ՝ միայն Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո հնարավորություն ունեցանք թանգարան ունենալ, և բոլոր ուժերը միտված էին թանգարանի ստեղծման, ֆոնդերի հավաքագրման գործին, ապա՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված թանգարանի նոր ցուցադրության ստեղծմանը, և ինստիտուտի գիտաշխատողները հիմնականում թանգարանի սպասարկմանն էին ծառայում: Հետևաբար, անհրաժեշտություն կար ուժեղացնելու գիտական մասը որպես ինքնուրույն միավոր։
Նշեմ, որ մեր ինստիտուտը հրատարակում է 2 ամսագիր՝ Ցեղասպանագիտական հանդես և International Journal of Armenian Genocide Studies, յուրաքանչյուրը՝ տարեկան երկուական համար, ինչը մեծ աշխատանք է պահանջում: Մենք անգլերեն ամսագիրը փորձեցինք ավելի զարգացնել, նաև` թիրախային դարձնել, սկսեցինք ընգրկել հատուկ համարներ, բավարարել միջազգային ամսագրերին ներկայացվող պահանջներին: Հատուկ համար նվիրեցինք Արցախին, նաև` առանձին հոդվածներ, որպեսզի կարողանայինք նաև Արցախի հետ կապված թեմաների մասին բարձրաձայնել և տարածել արտասահմանյան գիտնականների շրջանում։
Որպես ձեռքբերում՝ կնշեմ Արցախի բաժնի ուժեղացումը, որը ստեղծվել էր դեռ 2020-ի պատերազմից հետո։ Այստեղ ցանկանում եմ նշել, որ ես նոր եմ ընտրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն և նախորդ տարիների աշխատանքները պետք է վերագրենք մեր նախորդ տնօրերին՝ պրն Հարություն Մարությանին, չնայած ես եղել եմ փոխտնօրեն, և, ըստ էության, մենք բոլոր ծրագրերը համատեղ ենք իրականացրել, բայց նախորդ 5 տարիների աշխատանքների դափնիները իրականում իրեն պետք է պատկանեն։
Պատերազմից հետո, երբ ստեղծվեց Արցախի բաժինը, մեր հստակ նպատակն էր անգլերեն հրապարակումների միջոցով աշխարհին տեղեկացնել հայերի դեմ Արցախում, նաև՝ Նախիջևանում և Ադրբեջանի մյուս հայաբնակ շրջաններում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների, բռնությունների և բռնաճնշումների մասին։ 2023-ին Արցախի բռնի հայաթափումից հետո որոշեցինք ավելի ուժեղացնել Արցախի բաժինը. այն համալրեցինք նոր գիտաշխատողներով, ընդլայնեցինք իրենց թեմաները՝ նույն հստակ պահանջով, որպեսզի նրանց գիտական հոդվածները, աշխատանքները դրսում տպագրվեն՝ տարածելով իրական փաստերը։
Շարունակեցինք նաև մեր ֆոնդերում պահվող հուշագրությունների տպագրությունը։ Մենք բազմիցս նշել ենք, որ մեր ֆոնդերում հարյուրավոր հուշագրություններ կան, որոնք խիստ կարևոր են Հայոց ցեղասպանությամբ զբաղվող մասնագետների համար։ Որոշ հուշագրություններ նաև կարողացել ենք թարգամանել, որովհետև գիտական բնագավառում մեր գործունեությունը թիրախային կերպով ուղղված է միջազգային գիտական համայնքին։ Համագործակցության առումով առաջնորդվել ենք հետևյալ ձևով՝ փորձել ենք թիրախային կերպով ընդլայնել մեր միջազգային համագործակցությունները, կնքել համաձայնագրեր այն կազմակերպությունների հետ, որոնց հետ կարող էինք աշխատել կոնկրետ ծրագրերի վրա՝ ունենալով արդյունք։
Իսկ մյուս աշխատանքների առումով՝ ֆոնդերի հավաքագրում, որը որ մշտապես մեր աշխատանքների մաս է եղել, թանգարանային տարբեր ցուցադրություններ, ժամանակավոր ցուցադրություներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս ընդլայնելու մեր ցուցադրությունը և խոսելու Հայոց ցեղասպանության տարբեր դրվագների, երևույթների մասին, որոնք մշտական ցուցադրության մեջ ամբողջությամբ չեն կարող երևալ։
Ուզում եմ նշել, որ նախորդ տարին բացառիկ էր պատվիրակությունների առումով, որովհետև երբեք այդքան մեծ թվով պատվիրակություններ չենք ունեցել աշխարհի տարբեր երկրներից. նրանց թիվը հասնում է մոտ 100-ի, նույնիսկ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ այդպիսի հոսք դեպի թանգարան չի եղել։ Կարող եմ ասել, որ հետաքրքրությունը թանգարանի, հուշահամալիրի հանդեպ ավելի է զարգանում, ինչպես նաև զբոսաշրջիկների առումով։
– Ցեղասպանության ինստիտուտի կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի թուրք հասարակությունն առերեսվի ցեղասպանության փաստի հետ։
– Այն բոլոր ուղղությունները, որը ես նշեցի, հենց դրան են նպաստում։ Մենք այսօր ապրում ենք թվային տեխնոլոգիաների դարում. հնարավոր չէ թուրք հասարակությանը իզոլացված պահել իրական փաստերի վրա հիմնված պատմությունից։ Ընդամենը համացանցով մի թեթև որոնման արդյունքում կարելի է կարդալ ամբողջ ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Երկրորդը՝ մեր անգլերեն հրապարակումները հնարավորություն են տալիս մեծապես ընդլայնելու մեր ընթերցողների թիվը։ Նաև մեր կայքի միջոցով պարբերաբար գիտահանրամատչելի տեղեկատվություն ենք տրամադրում։ Նշեմ, որ կայքը գործում է նաև թուրքերենով, և հիմնականում մեր բոլոր նյութերը թարգմանվում ու այդ կերպ են նաև տարածվում։ Նշեմ, որ թանգարանն ամեն տարի գալիս են Թուրքիայի քաղաքացիներ, որոնք այցելում են թանգարան և նաև այդ միջոցով են ծանոթանում իրենց պատմությանը։ Շատ կարևոր են նաև հուշագրությունների տպագրությունն ու թարգմանությունը, քանի որ դրանք, գրված լինելով անմիջապես ցեղասպանությունը վերապրածների կողմից, ազդեցության և խորքայնության տեսանկյունից Հայոց ցեղասպանությունն ավելի լավ հասկանալու համար խիստ կարևոր են նաև հենց ոճրագործ պետության քաղաքացիների համար, քանի որ հնարավորություն են տալիս հասկանալու ցեղասպանության միջով անցած զոհի ճանապարհը, տեսնելու զոհի կողմից ներկայացվող ոճրագործին։
– Մեկ դար անց ցեղասպանության արհավիքն իր դրսևորումները գտավ նաև Արցախում։ Այդ հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու համար թանգարան-ինստիտուտը որևէ բան ծրագրել կամ ձեռնարկո՞ւմ է։
– Մենք գիտական հաստատություն ենք, և այն իր առաքելությունն իրականացնում է գիտական հոտազոտությունների, հրապարակումների, գիտաժողովներ կազմակերպելու և դրանց մասնակցելու ու նման այլ միջոցներով: Այս ուղղությամբ, ինչպես նշեցի, 2020 թ. բացեցինք Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժինը, ինչը հենց այդ նպատակն էր հետապնդում, որպեսզի գիտական հետազոտությունների միջոցով բարձրաձայնենք Արցախում տեղի ունեցածը: Ասեմ նաև, որ գիտնականների ուսումնասիրություններն ազդեցություն են ունենում ոչ միայն գիտական համայնքի վրա. գիտնականների հրատարակությունները կարդում և օգտագործում են նաև միջազգային դատարանների դատավորները։
Այսինքն իրենց ազդեցությունը թիրախային ոչ միայն հենց մյուս գիտնականների վրա է, այլև կարող է, օրինակ, միջազգային դատական գործընթացների վրա որոշակի ազդեցություն ունենալ։Արցախի մասին մենք պատմում ենք նաև պաշտոնական պատվիրակություններին, որոնք այցելում են հուշահամալիր. այստեղ նորից ցանկանում եմ շեշտել պրն Հարություն Մարությանի դերակատարությունը, ում կողմից արցախյան հիմնահարցը Հայոց ցեղասպանությանը կապելու նարատիվը դարձավ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մասին պատմության մի մաս:
Հուշահամալիրի տարածքում ունենք երկու կոմպոնենտ, որոնք կապված են Արցախի պատմության և Ադրբեջանի հակահայ քաղաքականության հետ: Հուշահամալիրի տարածքում են հինգ ազատամարտիկների գերեզմանները, ովքեր զոհվել էին Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, ինչպես նաև` երեք խաչքար, որոնք նվիրված են Բաքվի, Կիրովաբադի և Գանձակի հայերի դեմ 1990-ականների սկզբում իրականացված բռնություններին։ Օգտվելով այդ հանգամանքից՝ բոլոր պատվիրակություններին ներկայացնում ենք նաև արցախյան հիմնահարցի պատմությունը, կապում Հայոց ցեղասպանության հետ և բացատրում, թե ինչու են այդ գերեզմաններն ու խաչքարերը կազմում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մաս։ Ադրբեջանի կողմից հակահայկականության այդ դրսևորումները և բռնությունները հայերի հանդեպ մարդկանց ընկալումներում Հայոց ցեղասպանության շարունակություն էր, ու այդ պատճառով խաչքարերը և գերեզմանները հանգրվանեցին հուշահամալիրի տարածքում։
Նշեմ, որ մեր անգլերեն ամսագրի հատուկ համար է հրատարակվել` նվիրված միայն արցախյան հարցին, և շուրջ հինգ գիտական հոդված տարբեր՝ մշակութային ցեղասպանության, սումգայիթյան ջարդերի վերաբերյալ, արցախյան հիմնահարցի իրավական վերլուծության, նաև` հայատյացության դրսևորումների վերաբերյալ՝ փորձելով համապարփակ ձևով ներկայացնել։ Ընդ որում, նշեմ, որ 2023-ի վերջին հատորում ևս երկու հոդված ունենք էթնիկ զտումների վերաբերյալ, որից մեկը ես ինքս եմ հեղինակել իմ գործընկերների հետ, մյուսը՝ Լեմկինի ինստիտուտի նախագահ Էլիզա Ֆոն Յոդեն-Ֆորգին։
Ես և իմ գործընկերները, իրավական տեսանկյունից դիտարկելով էթնիկ զտում եզրույթը, նշում ենք, որ այն իրականում իրավական առումով ոչինչ չասող բառ է, չնայած, ցավոք սրտի, պետություններն անգամ այդ բառն են վախենում օգտագործել: Այն իրականում ոչ մի պատասխանատվություն իրենից չի ենթադրում և իրավական առումով դատարկ բառ է: Գրականության մեջ էթնիկ զտումը որակվում է որպես քաղաքական բառ է։ Արցախի հայաթափման պարագայում, առնվազն բռնի տեղափոխում՝ Forced displacement, պետք է օգտագործվի, որպեսզի իրականացվածին տանք իրավական գնահատական։
– Հետաքրքիր է իմանալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որևէ ձևաչափով համագործակցություն ունի՞ օրինակ Հոլոքոստի թանգարանի հետ։
– Իրականում Հոլոքոստի թանգարանները շատ են, ու եվրոպական բոլոր երկրներում դրանց թիվը մի քանիսն է, շատ են Հոլոքոստի թանգարանները նաև ԱՄՆ-ում։ Մենք Իսրայելում գործող Յադ Վաշեմ թանգարանի հետ համագործակցության հուշագիր դեռ չունենք կնքած, բայց 2 տարի առաջ կազմակերպեցինք «Հայոց ցեղասպանության ուսուցման մարտահրավերները 21-րդ դարում» միջազգային կոնֆերանս, և այնտեղից բանախոս հրավիրեցինք, քանի որ մեզ հետաքրքիր էր, թե Հոլոքոստի թեման ինչպես է դասավանդվում Իսրայելում, նաև ցանկանում էինք իրենց փորձից առավել մանրամասն տեղեկանալ։
Մենք համագործակցության հուշագիր ունենք ԱՄՆ-ի «Shoah Foundation-ի» հետ և դրա շրջանակներում նրանց հետ աշխատում ենք մի քանի ուղղությամբ, քանի որ իրենք կենտրոնացած են վերապրողների տեսաձայնագրությունների, այսինքն՝ վկայությունների հավաքագրման, մշակման, ինդեքսավորման հարցում, նախ իրենց այդ փորձն ենք ուսումնասիրում, քանի որ մենք էլ ունենք տեսավկայություններ: Նաև նրանք մեզ ազատ մուտք են տրամադրել Ռիչարդ Հովհաննիսյանի հավաքագրած Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունների իրենց տեսադարանը։ Կրթական ոլորտում մենք իրենց հետ իրականացնում ենք հետևյալ ծրագիր՝ «Վիրտուալ այց Հայոց ցեղասպանության հուշահամալիր», որպեսզի, օրինակ, ամերիկացի աշակերտները, ովքեր կրթական այդ ռեսուրսից (IWALK) կօգտվեն, կարողանան առանց Հայաստան գալու այցելեն և տեղեկանան հուշահամալիրի մասին։
– Գիտենք, որ ցեղասպանության ինստիտուտ-թանգարանն ամեն տարի հյուրընկալում է մեծ թվով դպրոցականների։ Ի՞նչ աշխատանքներ են տարվում նոր սերնդի հետ, ինչպիսի՞ գիտակրթական ծրագրեր են իրականացվում երեխաների համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք են մեր կոլեկտիվ հիշողության շարունակականության կրողը։
– Մենք կրթական ծրագրեր ենք իրականացնում և՛ ՀՑԹԻ-ում, և՛ արդեն դպրոցներում։ Կրթական ծրագրերը մի քանի ուղղությամբ ենք կազմակերպում՝ ուսուցիչների և աշակերտների հետ։ Պրն Մարությանի նախաձեռնությամբ դեռ 2021 թ. նամակ էինք ուղարկել ԿԳՄՍ, որպեսզի «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» հատուկ առարկա ներառվի դպրոցներում և բավական երկար աշխատանքներից հետո կազմեցինք առարկայի պլանը, որը ներկայացվեց ԿԳՄՍՆ և ստացանք նախարարության հավանությունը. այժմ առարկան՝ որպես կամընտրական առարկա, մտել է հայաստանյան դպրոցներ։ Դեռևս մեկ դպրոց է ընտրել: Դպրոցներին ու ուսուցիչներին աջակցելու նպատակով ձեռնարկում ենք ուսուցչի ձեռնարկի ստեղծման աշխատանքներ: Դասընթացը շատ ընգրկուն է ոչ միայն պատմության տեսանկյունից, այլև իրավական, հոգեբանական, մարդաբանական, այսինքն՝ համապարփակ ձևով ներկայացնում է ցեղասպանությունը, որպեսզի աշակերտները ավելի լավ հասկանան ցեղասպանության երևույթը և չընկալեն այն լոկ որպես պատմական երևույթ։
Մինչ աշակերտներին անդրադառնալը ցանկանում եմ նշել, որ մի քանի տարի շարունակ յուրաքանչյուր ամռանը իրականացնում ենք ամառային դպրոցներ պատմության և հասարակագիտության ուսուցիչների համար: Մի քանի օր ուսուցիչների հետ անցկացնում ենք դասընթացներ, նոր գիտելիքներ ենք փոխանցում նրանց, մեթոդաբանության խնդիրներին ենք անդրադառնում, քանի որ հիմնական դժվարությունը հենց այն է, թե ինչպես դասավանդել, որպեսզի երեխաներին մատուցվի իրենց տարիքին համապխատասխան գիտելիք և հմտություններ։ Այդ առումով շատ բան ունենք սովերելու հենց Հոլոքոստի դասավանդման մեթոդներից։
Այժմ միջին և ավագ դպրոցի աշակերտների հետ իրականացնում ենք առանձին կրթական ծրագրեր։ Ցեղասպանության մասին երեխաները սովորում են 8-րդ դասարանում, երբ անցնում են Հայոց պատմություն առարկան, և այդ ժամանակ ուսուցիչները հիմնականում նրանց բերում են Հայոց ցեղասպանության թանգարան։ Աշակերտների հետ ծրագիրը հետևյալն է՝ մեր գիտաշխատողները թեմաներ են առաջարկում, իսկ աշակերտները ընտրում են և թանգարանի գիտաժողովների սրահում ինտերակտիվ դասախոսություն է անցկացվում ընտրված թեմայով, իսկ հետո երեխաները այցելում են թանգարան, կամ՝ հակառակը։ Քանի որ կա տարիքային սահմանափակում մեր կրթական ծրագրերին մասնակցելու առումով, մենք ցանկանում ենք շեմը իջեցնել և փորձել 6-րդ ու 7-րդ դասարանի երեխաներին ևս ընդգրկել ծրագրում։ Դա ծրագրում ենք անել թվային տեխնոլոգիաների ընդգրկման միջոցով, որպեսզի իրենց համար լինի հետաքրքիր և ընկալելի, որովհետև իրականում ծանր թեմաներ են և ներկայացնելիս էլ փորձում ենք այնպես ներկայացնել, որ լինի իրենց տարիքին համապատասխան, նաև հարցը դիտարկենք ավելի լայն հարթության վրա, փորձեն հասկանալ ավելի խորքային ձևով։
Իսկ փոքր երեխաներին կարելի է սովորեցնել ավելի արժեհամակարգային բաներ, օրինակ՝ պայքար, բարություն, օգնություն, պայքար չարի դեմ և այլն։ Նախատեսել ենք ստեղծել ֆիլմ ու նաև կարճ անիմացիոն ֆիլմ, որը կառաջարկենք տարբեր տարիքի երեխաներին` հայ որբ(եր)ի մասին և որբերի պատմության միջոցով փորձենք նրանց ցեղասպանությունը դասավանդել` իրենց տարիքին համապատասխան։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, տեսնենք թվային տեխնոլոգիաները ինչ արդյունք կունենան։ Խնդիրը ուղղակի բարդանում է նրանով, որ հոգեբաններ են անհրաժեշտ, մեթոդիստներ են պետք, որ օգնեն մեզ ճիշտ կառուցենք նյութը։ Մենք այսքանը անում ենք մեր ուժերով, մեր կրթական բաժնի միջոցով։
Ցեղասպանությունն ընդհանուր առմամբ ավելի լավ պատկերացնելու վերաբերյալ կցանկանայի շեշտել, որ այն մեզ համար գերկարևոր է, այն մեր ինքնության մասն է, մեր պատմության մասն է, պետք է նախ հասկանանք, թե ով է ցեղասպանության զոհը, հասկանանք, որ ցեղասպանության զոհը միայն սպանվածները չեն։ Ցեղասպանության զոհ, ըստ էության, ամբողջ արևմտահայությունն էր, որովհետև վերջիններս թիրախավորվեցին, ապամարդկայնացվեցին, ենթարկվեցին տարբեր բռնությունների, տեղահանվեցին, բռնի ձուլվեցին, զրկվեցին հայրենիքից… ցեղասպանության հանցագործության զոհի կոնցեպտն այդ առումով բավականին լայն է։