«Կարմիր խաչի ներկայությունը Ստեփանակերտում ֆիզիկապես չունենք, սակայն մենք շարունակում ենք հետևել անձանց խնդիրներին». Զառա Ամատունի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանն Արցախի Հանրապետությունն ամբողջովին օկուպացնելուց, խաղաղ բնակիչներին ցեղասպանության վտանգի ներքո էթնիկ զտման ենթարկելուց հետո, օրերս Ստեփանակերտից հանել է Կարմիր խաչի գրասենյակը և տեղափոխել ադրբեջանական Բարդա քաղաք։

Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի մամուլի պատասխանատու Իլահա Հուսեյնովան հայտնել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատանքը կշարունակի Բարդայի գրասենյակից՝ շարունակելով մարդկանց աջակցություն ցուցաբերել։

Արցախի ամբողջական օկուպացիայից հետո, մի քանի հայ է մնացել Արցախում, Ստեփանակերտում, Կարմիր խաչի գրասենյակի դուրսբերումից հետո, ինչպես է Կարմիր խաչը նրանց ցուցաբերելու մարդասիրական աջակցություն։

168.am հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին պատասխանելով  հարցին՝ ասաց.

Կարդացեք նաև

«Կարմիր խաչի ներկայությունը ֆիզիկապես Ստեփանակերտում մենք չունենք, հաշվի առնելով իրավիճակը և խնդիրների ծավալը՝ մարդասիրական։ Սակայն անձանց, այնտեղ մնացած հայերի խնդիրներին մենք շարունակում ենք հետևել։ Այդ և մարդասիրական մյուս հարցերը կարգավորվում են Բարդայում Կարմիր խաչի միջոցով»։

Ըստ Զառա Ամատունու, անկախ դրանից, Կարմիր խաչը շարունակում է Արցախում մնացած անձանց խնդիրների համար հասանելի մնալ,  Բարդայում գտնվող ներկայացուցիչներն այդ անձանց տեղում տեսնելու հնարավորություն ունեն։

«Այս պահին աշխատանքները շարունակաբար կարգավորվում են, որոշումը, բնականաբար, կայացվել է՝ հաշվի առնելով իրավիճակը և մեր հնարավորությունները։ Այս առումով մենք որևէ խնդիր չունենք, և հուսանք՝ շարունակաբար մենք այդ հնարավորությունը կունենանք մուտք գործելու այնտեղ և մարդկանց տեսնելու ու նրանց խնդիրներին լուծում տալու։ Այս ամենին Կարմիր խաչը կհետևի արդեն Բարդայից»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ Ստեփանակերտի փողոցներից մեկում տարեց մի հայ էր քայլում, իսկ նրա հետևից մեքենայով գնացող ադրբեջանցիները նրան ծաղրում էին ու նկարահանում։

Ի դեպ, վերջերս էլ Հայաստան է վերադարձել Սարգիս Գալստյանը և նրա կինը, ինչպես մամուլն էր գրել՝ Սարգիս Գալստյանը և  կինը ևս բազմիցս արժանացել են ադրբեջանցիների ստորացումներին։

Տեսանյութեր

Լրահոս