«Այս պահին որևէ ասելիք չկա, հեշտ արդյունք ակնկալելը մի քիչ դժվար է». Զառա Ամատունի

Այս տարվա սեպտեմբերի 3-ից Ադրբեջանում այլևս չի գործում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը։ Ադրբեջանի իշխանությունների պահանջով է  փակվել գրասենյակը, որի ներկայացուցիչները միակն էին, որ կարող էին այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապահովել նրանց և Հայաստանում գտնվող հարազատների միջև կապը։ Սեպտեմբերից, սակայն, այս գործառույթը Կարմիր խաչը չի իրականացնում։

Սեպտեմբերից սկսած Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փորձում է  քայլեր ձեռնարկել այս հարցը կարգավորելու համար, որպես մարդասիրական կառույց փորձելու կատարել իր գործառույթները։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին վստահեցնում է՝ փորձում են բոլոր հնարավորություններն օգտագործել, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների հետ կարողանան շարունակել երկխոսությունը։

«Այս պահին դեռևս որևէ ասելիք չկա, ինչպես և այս ամբողջ ընթացքում ասել ենք՝ հեշտ արդյունք և առաջընթաց ակնկալելը մի քիչ դժվար է, հաշվի առնելով, որ մի օրում չէ որոշվել,որ կազմակերպությունը դուրս բերվի։ Հետևաբար՝ մեկ օրում արդյունք ակնկալելը դժվար է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Զառա Ամատունին։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Բաքվում պահվող գերիների և պատանդների վերաբերյալ որևէ տեղեկատվություն ստանալուն, Զառա Ամատունին փոխանցեց՝ անմիջական որևէ տեղեկատվություն չեն ստացել։

«Բնականաբար, մենք կապի մեջ ենք այդ անձանց ընտանիքների հետ, նրանք մեզ հետ կապը պահում են։ Իհարկե, հետևում ենք զարգացումներին, այլ հարց է, որ, չունենալով սեփական գնահատականը, սեփական աչքերով տեսնելու հնարավորություն, բնականաբար, ոչինչ չի կարող ասել, եթե չունենք մեր սեփական գնահատականը։ Մենք ջանում ենք տեղեկություններ ստանալ, թեկուզ ոչ անմիջապես, որպեսզի գոնե այդ ձևաչափով հետևենք։

Ինչ վերաբերում է հետագային, ինչպես ասել ենք՝ չենք դադարում, եթե հնարավորություն է լինում՝ օգտվել այդ հնարավորությունից, որպեսզի կարողանանք օգտակար լինել այս հարցում և կարողանանք մեր աշխատանքը կատարել։ Այս պահին իրավիճակն այսպիսին է»,- ընդգծեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել։ Բաքվի ռազմական դատարանում դատախազները պահանջել են, որպեսզի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտի Արցախի նախկին երեք նախագահներին։

Տեսանյութեր

Լրահոս