«Սերժ Սարգսյանի ծավալուն ու խորքային բաղադրիչներով համեմված հարցազրույցը տեղը տեղին ցավեցրել է իշխանություններին». Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես և կանխատեսվում էր՝ Սերժ Սարգսյանի նախօրեի բավական ծավալուն ու խորքային բաղադրիչներով համեմված հարցազրույցը տեղը տեղին ցավեցրել է իշխանություններին, և հենց դրանով պայմանավորված, միանգամից «կպել» են գործի։ Թեմայի հետ կապված Իոաննիսյան Դանիելը փորձել է անհոդաբաշխ ու չկապակցված պնդումներ տիրաժավորել․ փորձեմ մի քանի կետով անդրադառնալ ասածներին։

Իոաննիսյանն իր տեքստում մի «լողացող» ձևակերպում է անում, թե «ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը երկրորդում Բաքվին»։

Հիշեցման կարգով ուղղակի ասեմ, որ Բաքվի, ընդհանրապես Ալիևի ու Էրդողանի նարատիվները հայկական տիրույթում գեներացման առաջամարտիկները իշխող թիմն ու անձամբ Նիկոլն է, սրանում մենք համոզվել ենք քանիցս, այստեղ երկար մտածելու կարիք չկա։ Ասեմ ավելին, ադրբեջանական նարատիվների տիրաժավորումը նրանք անում եմ մեծ հաճույքով, այստեղ նրանց հավասարն ուղղակի չկա՝ գուրուներ են, չունեն մրցակից։ Այնպես որ, իշխանական քարոզիչները, առավել ևս Իոնաննիսյանը խոսալու տեղ չունի։

Անհասկանալի է նաև այն հարցադրումը, թե «ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հաստատում ադրբեջանական այն թեզը, որ կան տարբեր քարտեզներ»։

Այստեղ իրավիճակն էլ ավելի է զավեշտալի դառնում, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ գոյություն ունեն տարբեր ժամանակների քարտեզներ, ու դրա մասին բարձրաձայնվել է քանիցս, որտեղ սահմաններն ունեն տարբեր կառուցվածքներ (խոսվում էր 1926 թվականի, 1935, 1939, 1975 թվականների քարտեզների մասին)։ Բնական է, որ սահմանագծերն այս քարտեզներում տարբեր են, ու այստեղ ինչ-որ անհասկանալի պնդումներ անելն ուղղակի անտրամաբանական է։ Տկարամտություն է այս հարցում փորձել Սերժ Սարգյսանի վրա ինչ-որ մեղքեր բարդել ու անիմաստ ու բութ կոնսպիրոլոգիաներ փնտրել։ Ավելին ասեմ, Դանիելն այստեղ վտանգավոր թեզ է առաջ քաշում, որը կարող է շահարկվել ադրբեջանցիների կողմից։

Հա, ի դեպ՝ Իոաննիսյանի սրտի իշխանություններն արդեն որոշել են, թե՞ ինչ քարտեզով են կողմնորոշվելու դելիմիտացիա ու դեմարկացիա անելու ժամանակ։ Եթե հիշողությունս չի դավաճանում, Նիկոլն ասում էր, որ «էս պահին քարտեզ չկա»։

Մինչ այս պահը քարտեզների հետ կապված պաշտոնական ոչ մի հայտարարություն չկա, էնպես, որ Սարգսյանի ասելիքը էս իշխանությունների դավաճանական գործողությունների հետ ոչ մի աղերս չունի, քանի որ փաշինյանական իշխանություներն են ադրբեջանցիների հետ սինխրոն աշխատում և առաջնորդվում բացառապես Ալիևի կողմից առաջ բերած քարտեզով։ Հենց դրանով է պայմանավորված, որ այս պահին էլ Տավուշում գործի են անցել ու կոնկրետ քայլեր են անում։ Ես անգամ վստահ եմ, որ եթե բոլոր պատկան կառույցներին հարցում ուղարկենք, ոչ մի հոդաբաշխ պատասխան չեն տա՝ մարդիկ չեն կողմնորոշվել, չգիտեն։

Իսկ եթե ավելի ամփոփ, ապա երեկ նախագահ Սարգսյանը բավական հանգամանալից ու լայն բացվածքով բացատրեց, թե բրյուսելյան հանդիպումն ինչ վատ հետևանքներ կունենա ՀՀ-ի համար և թանկ կարժենա, հատկապես, որ, ինչքան էլ հայտարարեն, թե «հանդիպամանը տնտեսական հարցեր են քննարկվելու», այստեղ առկա է շատ մեծ աշխարհաքաղաքական բաղադրիչ՝ Ռուսաստան-Արևմուտք այս տուրբուլենտ փուլում, ինչը չի կարող իր ուղղակի ազդեցությունն չունենալ նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա․ սրա մասին հասկանում է միջազգային հարաբերությունների 2-րդ կուրսի ուսանողն անգամ։

Այնպես որ՝ անհասկանալի է, Իոաննիսյանի այն պնդումը, թե Սերժ Սարգսյանի առաջ քաշած քարտեզների հարցում ադրբեջանական կողմին ինչ-որ մտքեր կամ դիվիդենտներ են տրվում, որից կարող են վերջիններս օգուտ քաղել։

Հ․Գ․ Հասկանալի է, որ Սարգսյանի հարցազրույցը օրակարգ թելադրող էր, և բոլոր իշխանականները, այդ թվում անձամբ Նիկոլը, ականջները սրած լսել են, թե ինչ թեզեր ու մտքեր է ասում սպասվող զարգացումների հետ կապված ու տրամաբանական էր նրանց պոռթկումը, որը, ինչպես և բոլոր մնացած դեպքերում անատամ էր ու մանկական։

Բնական է, որ նախագահի խոսքը իշխանական քարզիչների ուղիղ մոնիթորինգի տակ է ու ուղղահայաց հրահանգ է իջեցվում համապատասխան քարոզիչներին «հակադարձել», բայց նորմալ մտքեր ու համապատասխան մակարդակի պատասխան տալու համար պետք է երկար աշխատել, իսկ դա՝ դուք ուղղակի չեք կարողանում անել»։

Տեսանյութեր

Լրահոս